ԱՐՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

29 Հկտ

1955 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանի հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Մրցում էին տեղի «Սպարտակը» և Սվերդլովսկի մարզային սպայի տան ֆուտբոլային ակումբը` ОДО-ն: Սպասվում էր լարված ու վճռորոշ պայքար. 25 հազար հանդիսատեսներ հետևում էին, թե երկու թիմերից որի՞ն բախտ կվիճակվեր դուրս գալ ԽՍՀՄ առաջնության Ա խումբ: Ստացվել էր այնպես, որ մարզադաշտում հավաքվել էր բավականին ներկայանալի երկրպագուների կազմ. այնտեղ էր ոչ միայն հանրապետության ողջ կուսակցական վերնախավը, այլև բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ: Վերջինն, ինչ խոսք, այդ ժամանակների համար աննախադեպ երևույթ էր: Սակայն սա էլ իր բացատրությունն ուներ: Հայաստանում հենց նոր ավարտվել էին կաթողիկոսական ընտրությունները: Օտար լրագրողները ժամանել էին լուսաբանելու այդ իրադարձությունը, իսկ ֆուտբոլային խաղին ներկա լինելու հնարավորությունը որոշել էին նույնպես ձեռքից բաց չթողնել:63971500

Մարզադաշտում տիրող ընդհանուր տրամադրությունը ոչինչ չէր մատնում սպասվող զարգացումների մասին: Մինչդեռ դրա համար ի սկզբանե կային ծանրակշիռ հիմքեր: Ինչպես ավելի ուշ պիտի նշվեր իշխանական օղակներին ներկայացվող զեկուցագրերում, հանդիսատեսների մեծ մասն այդ օրը խաղի էր եկել` նախապես զինված քարերով և այլ առարկաներով: Այդ քարերը նրանք իրենց գրպանն էին դրել հենց ստադիոնում: Բանն այն է, որ հանրապետական մարզադաշտում ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, և այնքան էլ դժվար չէր տարածքում լցված շինարարական աղբը «թեթևացնել»: Բայց այս անգամ մարզասերների «քարեդարյան զինանոցը» ամենևին նախատեսված չէր հյուրերի համար: Ճիշտ հակառակը. հայ ֆուտբոլասերները վերջին շրջանում խիստ չարացած էին իրենց սիրելի թիմի մարզիկների նկատմամբ: Երևանի «Սպարտակը» երկու խաղ անընդմեջ պարտություն էր կրել ու մրցաշարային աղյուսակում հայտնվել էր բավականին անմխիթար դիրքում: Երրորդ պարտությունը չէին հանդուրժելու: Բոլորն էլ կիսում էին այն կարծիքը, որ Ա խմբում չհայտնվելն ուղղակի աղետալի հետևանքներ կունենար ոչ միայն «Սպարտակի», այլև հայ ֆուտբոլի համար:spartak-1955

Սկզբում խաղն ընթանում էր խիստ բարենպաստ հունով: Երբ հայերը առաջի գոլը խփեցին, տրիբունաներում չէր դադարում հաղթական օվացիան: Սակայն շատ չանցած` սվերդլովցիները հավասարեցրին խաղի հաշիվը: Իսկ երբ հյուրերը նաև երկրորդ գնդակն ուղարկեցին երևանցիների դարպասը, կատարվեց այն, ինչն ամենից անցանկալին էր: Հարյուրավոր քարեր սկսեցին թռչել մեր ֆուտբոլիստների ուղղությամբ: Մարզադաշտում ներկա միլիցիոներները գործի անցան: Պահանջվեց բավականին ժամանակ, մինչև հնարավոր եղավ խաղաղեցնել անկարգապահ ֆուտբոլասերներին: Խաղը շարունակվեց: Յուրայինների արարքից ազդված հայ մարզիկները կարծես թե սթափվեցին, և նրանց հաջողվեց երկրորդ գնդակը խփել: Հաշիվը հավասար էր` 2-2: Մրցամարտը մոտենում էր ավարտին: Մնացել էր ընդամենը 7 րոպե եզրափակիչ սուլիչի ձայնին, երբ հայերը հերթական անգամ նետվեցին հակագրոհի և Հարություն Քարաջյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մազադաշտը ցնցվեց: Դա հաղթանակ էր նշանակում: Դա այն էր, ինչ նրանք ցանկանում ու պահանջում էին…

Բայց  հազարավոր ներկաների ուրախությանը վիճակված էր մնալ կիսատ: Մոսկովյան մրցավարական խումբը ներկայացնող Նիկոլայ Շևցովը որոշում կայացրեց չհաշվել գոլը: Սա ինքնազսպումի վերջին կաթիլն էր: Հիմա արդեն ոչ մի ուժ ի զորու չէր կասեցնել փոթորկված բազմության զայրույթը: Եվ քարերի ու ծանր առարկաների հեղեղը ուղղվեց մարզադաշտ: Այս անգամ թիրախը մեկն էր` մրցավարը:Безымянный

Ալիքն այնքան ուժգին էր, որ նույնիսկ սարսափած իրավապահները խուսափեցին միջամտել: Րոպեներ անց կոտրված գլխով ու արնաշաղախ դեմքով խոտերի վրա ընկավ եզրային մրցավար Վիկտոր Սամոլազովը: Բայց նույնիսկ նրան օգնության հասան ոչ թե միլիցոներներն ու բժիշկները, այլ հայ ֆուտբոլիստները: Վերջիններս իրենց մարմնով ծածկեցին մրցավարին ու տեղափոխեցին դաշտից դուրս: Կատաղած ամբոխը գնաց նրանց հետևեց: Ֆուտբոլիստները մտան հանդերձասրահ ու փակեցին դուռը: Ժողովուրդը պաշարեց տարածքը: Փշրվում էին ապակիները, կոտրվում էին լամպերը, շրջապատի ողջ գույքը ջարդուփշուր էր արվում, կրակի էր տրվել այն ամենը, ինչը կարելի էր այրել: Հաշվեհարդար տեսնելու մոլուցքն այնքան ուժգին ու անսանձ էր, որ երբ քաղաքից իրավապահների և հրշեջների օգնական ուժեր ժամանեցին, հազարավոր մարդիկ հարձակվեցին նրանց վրա: Քիչ անց արդեն վառվում էին շրջապատի մեքենաները, միլիցիոներների մոտոցիկլետները: Դաժան ճակատագիր էր վիճակված շտապօգնության մեքենային, որով ցանկանում էին վիրավոր մրցավարին տեղափոխել հիվանդանոց: Ավելի ուշ ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից մեկը պիտի զեկուցեր, որ մեքենան վերածեցին պահածոյի տուփի:

Բայց սա էլ դեռ վերջը չէր: Քաոսային վիճակը շարունակվեց մի քանի ժամ: Գնալով բազմապատկվում էր վիրավորների թիվը երկու կողմերից: Սկսեցին խոսել առաջին զոհերի մասին, որոնց հապշտապ հեռացնում էին բախման վայրից: Հրշեջները գործի դրեցին ջրցան խողովակները: Միայն թե շիկացած կրքերը մարելու համար ջուրն ամենաազդեցիկ միջոցը չէր…Безымянный3

Բացվող առավոտը ոչ մի լավ բան չէր խոտանում: Իրար հաջորդեցին բազմաթիվ ձերբակալությունները: Մոսկվայից Երևան ժամանեցին հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, որոնք հայ գործընկերների հետ պիտի հետաքննեին կատարվածը և միջոցներ ձեռնարկեին հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ:

Այստեղ հարկ է անդրադառնալ մի էական խնդրի: Ինչպես ավելի ուշ պարզվեց, ֆուտբոլասերների զգալի մասը եկել էին գյուղերից: Այս հանգամանքը հաշվի առնելով, այն օրերին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանը առաջարկեց մայրաքաղաքին մերձակա շրջաների վրա տարածել անձնագրային ռեժիմ: Այս առաջարկը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1950-ականներին գյուղական բնակչության զգալի մասն ընդհանրապես անձնագիր չուներ: Իսկ միլիցիայի համար դա ստեղծում էր լրացուցիչ դժվարություն` խժդժությունների մասնակիցների անձը պարզելու համար:

Իշխանությունների համար հաջորդ անհետաձգելի քայլը ցավալի իրողությունը թաքցնելն էր: Տեղական լրատվամիջոցները պահպանեցին քար լռություն: Ոչ մի տող չգրվեց ոչ միայն արյունալի միջադեպի, այլև նույնիսկ ֆուտբոլային հանդիպման մասին: Փոխարենը չլռեցին օտարերկրացի լրագրողները: Տեղ հասնելուն պես նրանք իրենց թերթերում պատմեցին այն ամենը, ինչին ականատես էին եղել Երևանում:

Երևանյան պատահարի հետ կապված բոլոր գրավոր տեղեկությունները փակի տակ դրվեցին: Դրանց մի զգալի մասն այսօր էլ գտնվում է Մոսկվայի պետական արխիվում: Մասնավորապես, այնտեղ են պահվում նույն թվի հոկտեմբերի 25-ին կայացած Համամիութենական ֆուտբոլային սեկցիայի հատուկ նիստի սղագրությունները, որոնք նոր լույս են սփռում դրամատիկ դեպքերի ընթացքի վրա: Ահա մի հատված Հայաստանի ներկայացուցիչ Մելիք-Օսիպյանի ելույթից. «Խաղը պիտի դատեր Սամոլազովը, իսկ հետո հեռագիր ստացվեց, որ մրցավարը կլինի Շևցովը: Դուք դատավարությունը վատ անցկացրեցիք: Չէ որ բանն ավարտվեց մարդկանց մահով, իսկ մարդիկ այսօր գտնվում են վատ վիճակում: Անկախ այն բանից, թե այսօր ինչ կորոշի Համամիութենական սեկցիան, մենք դիմել ենք ՍՄԿԿ Կենտկոմին, որպեսզի Ձեր հարցը, ընկեր Շևցով, այնտեղ վճռեն: Հասկացեք, երբ հաղորդավարը բեմից սխալ բառ է արտասանում, նրան պատասխանատվության են ենթարկում, իսկ դուք ծաղրում էիք այդքան մեծ թվով հանդիսատեսների…»:

Հնչեցին կարծիքներ վերախաղարկման մասին: Ոմանք այն կարծիքին էին, որ եթե մրցման վայրը տեղափոխվի, դա անհարգալից վերաբերմունք կդիտվի Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից էլ` անուղղակիորեն կվկայի, որ իշխանություններն անզոր են վերահսկել իրավիճակը: Կար նաև մտավախություն, որ Երևանում խաղի կրկնությունը կարող էր առիթ տալ ոմանց մտածելու, թե անկարգությունները «մարսեցին», ինչն էլ իր հերթին պարարտ հող կդառնար նոր խժդժություններ հրահրելու համար:

Ամեն դեպքում, ինչպես ցույց են տալիս հետագա տարներին հրապարակված ֆուտբոլային ամփոփագրերը, նոյեմբերի 22-ին վերախաղարկումը կայացել է Օդեսա քաղաքում: Ձյունաշատ դաշտում Սվերդլովսկի թիմը 2-0 հաշվով հաղթել է Երևանի «Սպարտակին»:

Ինչ վերաբեում է մրցավարին, նրան որակազրկեցին: Պարզվեց, որ վերջինս իսկապես կոպիտ սխալ էր թույլ տվել: Եզրային մրցավարները և խաղի տեուչը հաստատեցին, որ հայերի երրորդ գոլը ճիշտ էր ու ազնիվ:

Իբրև հավելում նշենք, որ սրանով ֆուտբոլային մեծ բախումների պատմությունը չավարտվեց: Ֆուտբոլի տարեց երկրպագուները հավանաբար դեռ հիշում են, թե 1961 թվականին ինչ կատարվեց Թբիլիսիում, երբ հայերը հաղթեցին վրացիներին: Կհիշեն նաև, թե ինչ պատահեց Երևանում, որից հետո ԲԿՄԱ-ի ֆուտբոլիտներին հարկ եղավ զրահամեքենաներով էվակուացնել օդանավակայան: Բայց սրանք արդեն բոլորովին այլ պատմություններ են:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆpostcardusedin1948ofthefs2

2 Responses to “ԱՐՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ”

  1. Սոս Մովսիսյան Հոկտեմբերի 29, 2013 at 8:17 ե. #

    Հովիկ, դուք հետաքրքիր նյութեր եք հրապարակում, ապրե՛ք:

  2. Blognews.am Հոկտեմբերի 30, 2013 at 12:22 ե. #

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s