Պահոց | 9:52 ե.

Անրի Կարտե-Բրեսսոնը եղել է Հայաստանում

5 Հլս

Պարզվում է, աշխարհահռչակ լուսանկարիչ Անրի Կարտե-Բրեսսոնը 1972 թ. այցելել է Հայաստան: Այդ ուղևորության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն կան լուսանկարները, որոնցից երեքը ներկայացվում են ստորև:

0_7f4b7_cd632959_XXXL

171302_original

-Hg7Kod7lzw

Թե ինչպես որոշեցին ցամաքեցնել Սևանը

5 Հլս

Sevan_aerial1932 թ. հուլիսի 26-ի երեկոյան Երևանի Կառուցողների ակումբում հավաքվել էր երկրի ողջ վերնախավը` Աղասի Խանջյանի գլխավորությամբ, ինչպես նաև գիտնականներ, մտավորականներ: Օրակարգում մեկ հարց կար` Սևան- Զանգվի համալիրի ապագան կամ, որ նույնն էր` ինչպես ցամաքեցնել Սևանա լիճը: Ներկաները պատրաստ էին լսելու այդ խելացնոր գաղափարի մասնագիտական հիմնավորումը, ծրագրի առավելությունների ու կյանքի կոչելու ուղիների մասին բացատրությունները:

Այն, որ անցյալ դարի 30-ական թվականները պատմության մեջ մնացել են իբրև մղձավանջային և արյունալի տարիներ, դա հանրահայտ փաստ է: Իսկ որ դրանց նաև ընդունված էր անվանել մեծ վերափոխումների տարիներ, որոնց արդյունքում բազմաթիվ ոլորտներ հանգեցին աղետալի հետևանքների, սրա մասին այնքան էլ ընդունված չէ հիշել: Մինչդեռ Սևանի ճակատագիրը հայտնվել էր հենց այդպիսի վերափոխման ճիրաններում:

Հինգ տարի շարունակ ակադեմիայի ղեկավարությամբ լճի վրա աշխատել էին մի շարք գիտական արշավախմբեր, որոնց առջև խնդիր էր դրվել ամեն գնով (սակայն գիտական տեսակետից) ապացուցել, որ հնարավոր է Սևանի ջրերն օգտագործել «ի սպաս սոցիալիզմի»: Եվ գիտնականներն էլ դա հիմնավորեցին առավելագույն ծավալներով: Ըստ նրանց փաստարկների, իրեն սնուցող լեռնային գետակներից  Սևանա լիճ էր թափվում տարեկան 735 միլիոն խորանարդ մետր ջուր, տեղացող անձրևներից ու ձյունից` ևս 540 միլիոն խոր. մետր: Ստացվում էր, որ ամեն տարի լիճ էր լցվում 1,275 միլիոն խ.մ. ջուր: Իսկ լճից` այնտեղից դուրս եկող միակ գետի` Զանգվի (Հրազդանի) միջոցով արտահոսում էր ընդամենը 80 միլիոն խ. մետրը: Հետևաբար, ասում էին նրանք, մնացած 1195 միլիոն խ.մ ջուրը գոլորշիանում էր: Եվ այդքան մեծ ծավալի գոլորշիացումը տեղի էր ունենում Սևանա լճի մակերեսի ընդարձակության շնորհիվ: Ուրեմն եթե հաջողվեր արհեստական կերպով փոքրացնել լճի մակարդակը, ապա նույն համեմատությամբ կնվազեր նաև  գոլորշիացումը, իսկ այդ ժամանակ լեռնային գետակներից լիճ թափվող ջուրը կարելի կլիներ օգտագործել ամբողջապես:

Ինչ խոսք, կուռ տրամաբանություն էր: Ո՞վ կհանդգներ հակաճառել նման հիմնավորմանը: Ի վերջո, վաղուց անցյալում էին ցարիզմի ժամանակները, երբ ոմանք սկզբունքորեն այլ դիրքորոշում ունեին: Օրինակ,  երբ 1907 թվականին Հայաստանի 47 գյուղական համայնքները իշխանությունների առաջ հարց բարձրացրեցին` Արարատյան դաշտավայրը ոռոգել Սևանի ջրով, Կովկասի փոխարքայի գրասենյակից նրանց պատասխանեցին, որ իրենք չեն համարձակվի ձեռք տալ Կովկասի գեղեցկությանը:

Իսկ ահա խորհրդային պատասխանատուները ոչ միայն համարձակվեցին, այլև կարծում էին, որ իրենց որոշմամբ մեկ անգամ ևս հաստատելու են սոցիալիզմի առավելությունները նեխած կապիտալիզմի նկատմամբ, և ժամանակն է բնապաշտական ռոմանտիզմը փոխարինել հեղափոխական ռեալիզմով: Սևանը դատարկելու գաղափարի հեղինակները հաճույքով էին շեփորում, որ լճում ծավալվող աշխատանքներին լարված ուշադրությամբ հետևում է ողջ աշխարհի գիտատեխնիկական մամուլը: Տեղական թերթերն իրենց հերթին այդ օրերին գրում էին.  «Ոչ Եվրոպան և ոչ էլ Ամերիկան  իրենց պատմության մեջ չեն տեսել մի դեպք, երբ ջուր բաց թողնվեր այնպիսի բարձունքից ու այնպիսի ծավալով, ինչպիսին է Սևանը: Բավական է նշել, որ ծովի մակերևույթից շուրջ 2 կիլոմետր բարձրություն ու 1500 քառակուսի կիլոմետր մակարդակ ունեցող լճից բաց պիտի թողնվի 55 միլիարդ խորանարդ մետր ջուր: Այդ աստղագիտական թվի մեծությունը թերևս հասկանալի լինի, եթե պատկերացնենք մի տարածություն` 55 խորանարդ կիլոմետր ծավալով»:

Խորհրդային իշխանության կողմից Սևանի ցամաքեցման նախագծի քննությանն ու իրագործմանը մասնակցելու հրավեր էր ստացել իտալացի մասնագետների խումբը` ինժեներ Օմեդեսի ղեկավարությամբ: Սա իր հերթին լրջորեն ոգևորված էր, որ լճի մակարդակը փոքրացնելու բացառիկ հնարավորություններ կան: Համատեղ մշակված ծրագրի էությունը բխում էր այն փաստից, որ լիճը մեջտեղից կտրված նման է երկու պնակների` մեկը ընդարձակ ու ծանծաղ (50 մետր խորությամբ), մյուսը` տարածությամբ փոքր, բայց խորը (100 մետր): Լճի մակերևութը 50-60 մետր ցածրացնելով, այսինքն չորացնելով ամբողջապես նրա ծանծաղ պնակը`լճի մակարդակն անմիջապես կփոքրանար 6 անգամ: Հետևաբար 6 անգամ կնվազեր գոլորշիացումը: Օմեդեսն ու իր հայ գործընկերները հենց այս տարբերակն էլ մատուցեցին Գիտությունների ակադեմիային և ակադեմիան անմիջապես կանաչ լույս վառեց. անհրաժեշտ է Սևանա լճի մակերևույթը ցածրացնել ճիշտ այդքան` 50-60 մետրով:

 

Չոր թվաբանական հաշվարկները, որոնք ի սկզբանե կազմում էին նախագծի առանցքը, այս պատկերն էին խոստանում. դարավոր պաշարը բաց թողնելուց հետո Սևանի ջրային «մնացորդը» կկազմեր` գետակներից ու վտակներից ներհոսող ջուրը` 770 մլն խմ, լճի մակերեսին թափվող անձրևներից ու ձյունից` 96 մլն խմ, ընդամենը 866 մլն խմ: Հրազդան գետի սննդառությունը կդադարեր ու դրա հետևանքով լիճը ջրային վատնում կունենար միայն գոլորշիացումից, որը կհասներ ընդամենը 215 մլն խմ: Ջրի ավելցուկը, որը կարելի կլիներ դուրս հանել լճից օգտագործելու նպատակով «անվերջ ու անվախճան ժամանակներով», կկազմեր տարեկան 651 միլիոն խմ: Ահա այս ավելցուկն էր, որ իշխանությունները համարում էին Սևանի ջրերի սոցիալիստական օգտագործման հիմքը:

Նախաձեռնողները հասկանում էին, որ լճի ցամաքեցումը տեխնիկապես բարդ խնդիր է: Դրա իրականացումը նրանցից կպահանջեր նվազագույնը 50-60 տարի: Մինչ կկառուցվեր Սևան-Երևան կասկադը, այդ ժամանակահատվածում այսպես կոչված Մեծ Սևանն ամբողջապես պիտի ցամաքեր կամ, տոկոսային արտահայտությամբ`լճից բաց պիտի թողնվեր  ջրային ռեսուրսների 95 տոկոսը: Կմնար միայն Փոքր Սևանի փոքր ու խորը պնակը: Այդ ընթացքում լիճ թափվող գետերը պիտի հարմարվեն նոր պայմաններին ու իրենց համար նոր հուն բանային: Իսկ ինչ վերաբերում էր Սևանի ցամաքելու հետևանքով ազատված հսկայական հողերին (մինչև 100 հազար հեկտար օգտագործելի հողատարածք), ապա պայծառ գալիքի նախագծի համաձայն, այնտեղ կփռվեին համայնական դաշտերն ու այգիները և արոտի դուրս կգային համայնական հոտերը:

Աղմկեցին մուրճերն ու բահերը, հռնդացին տրակտորներն ու բեռնատարները, և Սևանը սկսեց պարպվել: Հետո միայն` շատ տարիներ անց պիտի պարզվեր, որ լճի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել էր ջերմային ու գազային ռեժիմների խախտմանը, որ ձմեռային ամիսներին սկսվել էր այսպես կոչված «թթվածնային սովը», որ գետերում խորքային էրոզիան ակտիվացել էր, որ լճում որոշ կենդանատեսակներ իսպառ ոչնչացել էին, որ Սևանն ամեն տարի սկսել էր սառցակալել, որ… Կորուստների ցանկը երկար էր: Մինչ կգար այս ամենի գիտակցման պահը, Սևանի կղզին էլ թերակղզի էր դարձել: Եվ միայն այդ ժամանակ, չափազանց ուշացումով,  լիճը փրկելու համար ձեռնարկեցին մեկ այլ` ոչ պակաս մասշտաբային նախագիծ` Արփա-Սևան թունելի շինարարությունը… Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:

 

Հովիկ Չարխչյան

1062815_545121108881399_206575050_n

%d bloggers like this: