Երևանը հայտնվեց անգրագետ պաշտոնյայի կարգավիճակում

26 Մյս

images (1)2001 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը շնորհել այն քաղաքին, որը պարտավորվում է սեր սերմանել գրքի և ընթերցանության հանդեպ:
Այս կոչմանն արդեն արժանացել են Մադրիդը, Ալեքսանդրիան, Մոնրեալը, Թուրինը, Ամստերդամը, Բուենոս Այրեսը և այլ քաղաքներ: Իսկ 2012-ին գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց Երևանը:

Ամփոփելով տարին` մշակույթի նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, թե «փայլուն աշխատանք է կատարվել, տարին լեցուն ու բազմազբաղ է եղել»: Իսկ գրքի մայրաքաղաքի շունչն զգացի՞ն իրենք` գրողներն ու ընթերցողները:
Զրուցում ենք գրող, գրականագետ Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆԻ հետ:
— Պարոն Չարխչյան, ինքներդ զգացի՞ք` Երևանն իսկապե՞ս դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք:   
— Ամենասկզբում երբ այդ մասին ընդամենը տեղեկություններ էին պտտվում, ես ասում էի` ամոթով կմնանք, կարիք չկա կրել այդ տիտղոսի ծանրությունը: Հիմա էլ ասում եմ, որ մենք այդ մեկ տարին անցկացրինք ամոթի մեջ: Այն, ինչ մենք խոստացանք մատուցել հանրությանը, չկատարեցինք: Մեկ տարի շարունակ փորձեցինք այլ բնույթի միջոցառումներ տեղավորել, հրամցնել ու ցույց տալ` իբր դրանք արվում են գրքի համաշխարհային մայրաքաղաքի միջոցառումների ծրագրի շրջանակներում: Ասել, թե այս տարվա ընթացքում տպագրվեց մի գիրք, քանի որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր` առնվազն ծիծաղելի կլինի: Ամեն տարի այսպես թե այնպես Հայաստանում առնվազն 2000 անուն գիրք է տպագրվում: Եթե տարվա ընթացքում գրքի ինչ-որ կրպակ տեղադրվեց` դա էլ է ծիծաղելի: Իսկ որքան գրախանութներ ու վաճառքի կետեր փակվեցին: Դրա վերջին ակորդը դարձավ մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ գործող գրավաճառներին վտարելը: Որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի ամփոփում` դա շատ խորհրդանշական էր:
— Բայց չէ՞ որ տարվա ընթացքում բազմատեսակ միջոցառումներ տեղի ունեցան:  
— Գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելուն զուգահեռ նաև գրատպության 500-ամյակն էր նշվում` մերոնք շատ հնարամիտ գտնվեցին. այնտեղ կատարվող միջոցառումները վերագրեցին սրան, այստեղ կատարվողը` նրան: Երկու միջոցառումների համար գումար վերցրին, բայց ծախսվեց մեկ նպատակի համար: Հսկայական միջոցներ պարզապես քամուն տրվեցին:
Ամբողջ տարվա ընթացքում մարզային, գյուղական որևէ գրադարան կարգի բերվե՞ց, գոնե մեկ գրքով համալրվե՞ց: Այ, դա կլիներ իսկական նշանակալի աշխատանքը: Բայց մեր մշակութային չինովնիկները գերադասեցին Երևան հրավիրել արտասահմանցի հյուրերի, նրանց աչքերին փոշի փչել, հյուրասիրել, նրանց տանել Մատենադարան, Գառնի-Գեղարդ` ցույց տալու համար, թե որքան լավն ենք, որքան կիրթ ենք մենք:
Գնալ-մտնել այդ տիտղոսի տակ հանուն փառասիրության, հանուն ասելու, թե մենք այսպիսին ենք` ծիծաղելի է: Դա նույնն է, թե անգրագետ մեկին մի շատ պատասխանատու գործ վստահես, որին բոլորը պետք է ծաղրեն, անեկդոտներ պատմեն նրա մասին, իսկ ինքը հպարտորեն քայլի, ասի տեսեք` ինչ լավ պաշտոն ունեմ: Երևանը հայտնվեց այդ կարգավիճակում:
— Մշակույթի նախարարության ներկայացուցիչները պնդում են, թե դրանով ձգտում էին դրական փոփոխության:
— Միջոցառումների տարեսկզբին Մշակույթի նախարարը հայտարարեց, թե Երևանում պատրաստվում են գրքի 60-65 կրպակ տեղադրել,  բայց ոչ մեկը չտեղադրվեց:
Այդպիսի նախարարը պետք է հրաժարական տա խոստումը չկատարելու, սուտ խոսելու համար: Ավելի լավ էր չխոստանայիք, բայց գոնե մեկ կրպակ բացեիք: Տիտղոսն ստանձնելը որպես ձգտում կընկալեի, եթե Երևանում գրքի նոր տուն բացվեր, հրատարակվեին նոր գրքեր, որոնց համար միջոցներ չէին կարողանում հայթայթել, դպրոցների գրադարանները համալրվեին: Սա կլիներ առարկայական աշխատանք, տեսանելի` բոլորին: Ընթերցանության զարգացմանը զարկ տալը, գրքի հետ մարդկանց կապը խրախուսելը գովելի կլիներ: Բայց հյուրեր ընդունելով, կերուխում կազմակերպելով, փուչիկներ փչելով, հրավառություն անելով գրքի համաշխարհային մայրաքաղաք չեն դառնում:
— Ի վերջո` ի՞նչ ասել է` լինել գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ի՞նչ հայտով ենք ներկայացել, որ մեզ չկարողացան մերժել: 
— Դա մեծագույն գաղտնիք է: Երևի մշակույթի նախարարությունն էլ չկարողանա դա  բացատրել: Բոլորի համար անհասկանալի մնաց, թե մենք ինչու արժանացանք այդ տիտղոսին: Այս տարի էլ Գյումրին են ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարում: Իհարկե, Գյումրին մշակութային բուռն կյանք է ունեցել: Բայց ամբողջ խնդիրը հենց նրանում է, որ ունեցել է:
Արդյո՞ք հիմա այդ նույն կյանքն ունի: Գուցե մենք սխալներից դասեր քաղենք, նույնը չկրկնենք Գյումրիի պարագայում, Գյումրին չդարձնենք Երևանի նման զբոսաշրջիկների այցելության վայր, այլ փորձենք նրան վերադարձնել մշակութային քաղաքի նախկին փառքը:
— Գուցե Երևանն էլ է «գործի դրել» իր անցյալը:  
— Շատ լավ է, երբ մի ժողովուրդ ունենում է փառավոր անցյալ, բայց պետք է նույնքան   փառավոր լինի նաև ներկադ: Որքա՞ն կարելի է կառչած մնալ անցյալից: Հասկացանք` ունեցել ենք, իսկ հիմա՞, գուցե մտածե՞նք, թե ինչ եղավ, որ դա կորցրինք: Ո՞ւմ ենք խաբում: Լավ, դրսից եկած օտարին խաբեցինք` խաբված եկավ, խաբված գնաց: Բա ինքներս մե՞զ: Ասում ենք` հրաշալի գրականություն ունենք: Ո՞ւր է այդ գրականությունը: Եթե լավ գրականություն ունենք` ինչո՞ւ չեն կարդում: Մեր գրողներն էլ բողոքում են, թե ընթերցողը կտրվել է գրքից: Ընթերցողը չի կտրվել, դուք բան չեք գրում, որ կարդան: Մի լավ գիրք գրեք, տեսեք` ինչպես կկարդան:
Տպագրելու խնդիր կարծես թե չկա, յուրաքանչյուր մարդ միջոցներ հայթայթելու դեպքում կարող է մտնել տպարան, տպագրության հանձնել իր գիրքը: Բայց լավ գրականություն գոյություն չունի: Կարո՞ղ եք տալ մի ժամանակակից գրողի անուն, ով վաղը կմտնի դասագրքերի մեջ ու 100 տարի նրա գրքերը կկարդան: Չկա այդպիսի անուն: Մինչդեռ ոչ վաղ անցյալում ինչ դեմքեր են մեր կողքին ապրել: Ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդպիսիք այլևս չկան: Ահա ինչի շուրջ է պետք մտածել, ոչ թե ասել` ընթերցողը լավը չէ:
— Իսկ ի՞նչ կասեք պետպատվերով տպագրվող գրքերի մասին:  
— Ես ընդհանրապես կվերացնեի պետպատվեր ասվածը: Բառը նշանակում է, որ պետությունն անհրաժեշտաբար պատվիրում է գրքեր, հրատարակում է դրանք ու տարածում: Վերցրեք տպագրված գրքերի ցանկը ու տեսեք, թե դրանցից որի կարիքն ուներ պետությունը: Եթե չեմ սխալվում` ամեն տարի 135 մլն դրամ է ծախսվում միայն այդ նպատակի համար: Ավելի լավ չէ՞ այդ գումարը ծախսեն այլ նպատակի համար: Օրինակ` գրախանութների վրա դրված հարկը վերացնեն, որպեսզի գրքերն էժանանան ու հասարակությանը մատչելի լինեն: Պետպատվերով տպագրված գրքերը հետագայում հայտնվում են պահեստներում, տարիներով փոշին նստում է դրանց վրա, քանի որ անհնար է իրացնել: Ստիպված կազմակերպում են նվիրատվություն, ու այդ գրքերը հայտնվում են մի հեռավոր, լքված գյուղի գրադարանում:
— Կգա՞ ժամանակ, երբ Երևանն իսկապես կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաք: 
— Որպեսզի  այդ օրը գա, պետք է բոլորս ձգտումից բացի նպատակակետ ունենանք ու հաստատակամ գնանք դեպի այդ կետը: Մեր երկրին վերադարձնենք այն, ինչ ունեցել է, բայց հիմա չունի` ընթերցասիրություն, մշակույթի նկատմամբ հարգանք ու պատկառանք: Ես հավատում եմ, որ այդ ժամանակը կգա:

Հ. Գ.
 2013-ի ապրիլի 23-ին հայկական պատվիրակությունը Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը հանդիսավոր կերպով հանձնեց Բանգկոկին: Թաիլանդի մայրաքաղաքը այդ տիտղոսին արժանացավ շնորհիվ այն բանի, որ միավորել էր գրահրատարակիչներին ու գրավաճառներին:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայաստանի զրուցակից»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s