ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. «ՏՎԱԾԸ ԽԼԱԾԻՑ ՇԱՏ Է»

31 Դկտ

Նոր տարի է գալիս եւ նոր խոսք է ուզում: Իսկ ես կորցրել եմ նոր խոսք ասելու իմ եղած-չեղած, ոչ միայն կարողությունը: Կորցրել եմ, դժբախտաբար, ոչ միայն տարիքի բերումով: Ուր է թե այդպես լիներ: Ուրիշ պատճառներ էլ կան, որ շատ են…

Մեր ապրած կյանքի տագնապալից, խառնիխուռն, անկայուն օրերի եւ վիճակների միասին այնքան եմ կարդացել ու լսել, որ վախենում եմ ինչ էլ ասեմ, դրանց կրկնությունը լինի…

Ինչ որ է, նոր տարի է գալիս, եւ աշխարհն ուրախ է… Եվ սգո սեւերը հազիվ հանած` վիրավոր Հայաստանն էլ նրա հետ ուրախանում է:

Զարդարված տոնածառներ եւ տոնածառներով զարդարված հրապարակներ, դատարկ խանութների վերեւում՝ առատ սեղաններ, շնորհավորանքներ, երգ, պար, ազգային ու միջազգային մեղեդիներ:

Զարմանալի ժողովուրդ ենք հայերս…. Նման ենք այն հպարտ աղքատին, որ վերջին կովը ծախելուց հետո էլ ամեն առավոտ կովկիթը լվանում-դնում է պատին՝ անցնող-դարձողներին ցույց տալու համար, թե կովը դեռ կա:

Եվ ահա աշխարհի հետ, աշխարհի պես ընդունված բոլոր օրենքներով, նա դիմավորում է նոր տարին, մի կողմից մի քանի օրով մոռանալու համար իր կորուստների ցավը, իր հիասթափությունը, իր վիրավորանքն ու զայրույթը, մյուս կողմից` աշխարհին ասելու, որ ես դեռ կամ, ապրում եմ եւ պիտի ապրեմ ի հեճուկս նրանց, որոնք իմ ապրելը չեն ուզում:

Ես չգիտեմ` տարերքով, ենթագիտակցաբար է անում, թե մտածված, միայն գիտեմ, որ ճիշտ է անում…

Վերջին երկու տարին շատ բան խլեց մեզանից, բայց, փառք աստծո, տվածը խլածից շատ է: Մենք սկսեցինք մեզ ճանաչել, մեր ուժին եւ մեր պնդությանը հավատալ: Վերջապես ազգովի գլխի ընկանք, որ ավագ եղբայրը խորթ է եղել: Մենք հայ քրիստոնյա ենք եւ միշտ թույլին ենք պաշտպանում եւ արդարության կողմն ենք: Թվում էր` մեր ավագն էլ նույնպիսին պիտի լինի: Բայց ավագը երկու տարի մեզ խաբեց եւ դեռ շարունակում է խաբել: Նա անցավ ուժեղի կողմը, արհամարհեց մեր արդար պահանջը, փորձեց ու դեռ փորձում է աշխարհի համար երեք հազար տարի տներ շինած մի ազգի հավասարեցնել երեկվա վաչկատուն ցեղերին:

Չէ, այդ չի լինելու, ինչպես ասում են` վերեւն Աստված կա…

Թող Բելով-Բոնդարեւ-Ռասպուտինները մտածեն աշխարհի երեսից իսպառ ջնջված իրենց երկու հարյուր հազար գյուղերի մասին, Եվրոպայի տարածքից մի քանի անգամ ավել իրենց մեռած հողերի մասին, ցամաքած լճերի մասին ու մահամերձ գետերի: Եվ թող իմանան, որ դրա մեղքը հրեաներինը չի եւ ոչ էլ մյուս ազգերինը: Թող նրանք չմտածեն ուրիշ ժողովուրդների հաշվին ավելի անպարագիծ ու մեծ Ռուսաստան ստեղծելու մասին, այլ այնպիսի Ռուսաստանի, որ ազատ լինի, ապահով, հարուստ եւ հարեւան ժողովուրդների համար ոչ թե հովանի լինի, այլ նույն ծառի հովին հացի նստած ընտանիքի հավասար անդամ…

Թող իմանան իմ երեսառած, փառքից փքված գրչակիցները, որ իրենց շովինիզմով միայն փլուզում կշահեն:

Իսկ ես այդ փլուզումից շատ եմ վախենում: Իմ ազգի կեսը մնացել է մի կայսրության փլատակների տակ: Չեմ ուզում մյուս կեսի վրա էլ մի ուրիշ կայսրություն փլվի:

Մենք Տոլստոյի, Պավլենկոյի, Բրյուսովի, Սախարովի, Դուդինի Ռուսաստանի հետ ենք եւ պիտի լինենք…

Նոր տարի է  գալիս: «Խաղաղություն  ամենեցուն» ավանդական մաղթանքից հետո մի քիչ խելք ու խղճմտանք մաղթենք մեր տերության գլխավորներին, որ նրանք ճշմարտության հետ պահմտոցի չխաղան եւ աչքերն ու լեզուները կիսով չափ բացված ժողովուրդներին չհրեն յոթանասունամյա ստրկության դժոխքը: Մաղթենք, որ Կումայրիի ու Սպիտակի ցուրտ վրանների տակ մնացած որբերն ու որբեւայրիները իրենց գլխի վերեւ ապահով ծածկ ունենան եւ ոտքերի տակ ամուր հող: Ապա դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տունուտեղից բռնի քշված, հայրենիք եկած հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը եւ ապահովեն իրենց սերունդների ծաղկումը:

Նոր տարին է բացվում, բարով է բացվում եւ բացվում է բարի:

Շնորհավոր Նոր տարի, Աշխարհի մարդիկ: Վերածնվող Հայաստան աշխարհ, շնորհավոր Նոր տարի:

Համո ՍԱՀՅԱՆ

1990թ.7

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s