Պահոց | 10:13 ե.

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

25 Սպտ

Բժիշկներից շատերը շատ վնաս են գործում դեղով կամ ուրիշների վրա դեղը փորձելով. կամ չարակամությամբ սպանում են դեղով, կամ անգիտության պատճառով դեղերից վնասակարն են տալիս, կամ անվարժ լինելով` հիվանդությունը չեն կարողոնում ճանաչել և այդ պատճառով հիվանդներին մահացնում են. կամ ծուլանում են) եթե ըստ իրենց ցանկության վարձ չեն ստանում և այդպես վնասում են, կամ աշակերտներին նախանձելով` նրանց ճիշտ չեն սովորեցնում, և նրանք էլ անգիտանալով` բազում մահ են պատճառում. և կամ իրենք, կամ աշակերտների հետ միասին, ուրիշ հիվանդության պատճառ են դառնում. այս բոլոր դեպքերը դիտավորյալ սպանություն պետք է համարել:
Ուրեմն դիտավորյալ սպանողին (եթե չընդունի իր մեղքը) արյան դատաստան լինի: Իսկ եթե անզգույշ սպանություն լինի, անկախ նրանից, խոստովանում է, թե չի խոստովանում, անպարտ է և արյան դատաստանից, և ապաշխարությունից:

ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ

25 Սպտ

… Երևանում խնդրեցի, որ ինձ ցույց տան Խաչատուր Աբովյանի տունը: Ասացին, որ այն գտնվում է Քանաքեռ գյուղում: Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես անցա նեղլիկ, ծուռումուռ և գարշահոտ փողոցներով ու հասա այնտեղ, մտազբաղ կանգնեցի տան առջև: Երեկոյանում էր, և այդ երեկոյի մշուշի մեջ ես մտովի տեսնում էի պատանի Աբովյանին, որ դուրս է գալիս ցածրիկ տան դռնակից, բարձրանում տափակ տանիքն ու երազանքով նայում աստղանկար երկնակամարին… Ես հեռացել էի ինքս ինձնից ու գնում-գնում էի Աբովյանի հետ նրա տառապանքի ու մաքառումների ճանապարհով… Եվ այդ պահին ուսիս վրա զգացի ինչ-որ մեկի ձեռքը: Թեքեցի գլուխս, տեսա մի ծեր մարդու, մազակալած, կնճռոտ դեմքով: Հիմա էլ, երբ նորից հիշեցի նրա դեմքը, մարմնովս ասես մրջյուններ անցան: Նա նայում էր ինձ մռայլ աչքերով ու ռուսերեն ասում.
— Ինչու՞ եք այդպես մտահոգված նայում… Աբովյանի՞ն եք փնտրում… Ես կենդանի վկա եմ ու գիտեմ, թե ինչպես անհայտացավ նա… Եթե ուզում եք իմանալ, ես ձեզ ցույց կտամ նրա տեղը: Եկեք ինձ հետ:
Ես ցնցվեցի, ինձ թվաց, թե երազում եմ, բայց արդեն քայլում էի նրա ետևից: Մենք անցանք նեղլիկ ու ծուռտիկ մի քանի փողոց և մտանք խոնավ մի բակ: Բակի չորս կողմը հողե պատերով տներ էին: Նա բացեց այդ տներից մեկի դուռը, ինձ ներս հրավիրեց: Ես ներս մտա կիսամութ սենյակը: Բարձրահասակ, չորուկ ծերունին կանգնեց սենյակի կենտրոնում, արտակարգ երկար, չորություն արտահայտող ձեռքերով ցույց տվեց սենյակի հողե հատակն ու ասաց.
— Քանդեցեք այստեղ և դուք կգտնեք Աբովյանի դին…
Ես սարսափահար դուրս եկա, բայց մինչև հիմա հիշում եմ այդ ծեր մարդու ձեռքը` սև, ոսկրոտ…


(Շահինյանը Հայաստանում է եղել 1922 թվականին: Այս հուշը գրի է առնվել 1978-ին):

%d bloggers like this: