ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ

9 Սպտ

Ծանոթ եմ Կարսի անկման պատմությանը: Բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր եմ կարդացել այդ մասին: Գիտեմ, որ նման իրադարձությունները պայմանավորված են լինում բազում հանգամանքներով` քաղաքական, ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական… Գիտեմ, որ 1920 թ. հոկտեմբերի 30-ին մեր բանակը, ունենալով ռազմական ակնհայտ գերազանցություն, համարյա առանց կռվի քաղաքը հանձնեց թշնամուն:
Հակված չեմ անհարկի խտացնել գույները: Բայց երբ ընթերցեցի նույն տարվա փետրվարի 29-ին, այսինքն Կարսի կորստից ճիշտ 8 ամիս առաջ գրված այս նամակը, առաջին բանը, որ անցավ մտքովս, սա էր. «Ահա թե ինչից է սկսվում հայրենիքի կորուստը»:

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ս. ՂՈՐՂԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

«29 փետրվարի 1920թ.
Կարս
Նահանգական բժշկի օգնական Քալանթարյանը թողեց պաշտոնը և անցավ ամերիկացիների մոտ: Բժիշկ Քալանթարյանը մեր բազմաթիվ բժիշկների շարքում աչքի ընկնող դեմք է, իր կրթությամբ և գաղափարական ուղղությամբ: Նա թողեց մեր առանց այն էլ նոսր շարքերը նյութական միտումներով, որովհետև կիսակուշտ փորով ազգասիրությունն էլ չափ պետք է ունենա:
Նահանգի 22 բժիշկի պաշտոններից տասն ու մեկը արձակ են և բոլոր տվյալները գալիս են վկայելու, որ այս վերջին թիվը պետք է մեծանա և ոչ պակսի: Ես հանձնարարել էի նահանգական բժիշկ հրավիրել Արդահանի համար, մի գաղափարական հայ բժիշկ, որ օգներ հայրենի կառավարությանը մեր պետական սաղմի կազմման գործում, բայց մեր դիպլոմավոր ոսկեզօծ երիտասարդությունը գերադասում է հեռվից դիտելու պատմությունը: Հրավերին արձագանք էր տվել մի ռուս բժիշկ միայն, բայց ես ոչ մի կերպ չհամաձայնվեցի ընդունել այդ թեկնածությունը, շատ հասկանալի է քաղաքական և պետական միտումներով:
Թափուր են ծայրագավառներում և մեր մյուս պաշտոնները: Մեր կարող և ինտելիգենտ երիտասարդությունը, որ երբեմն կազմում էր մեր երազների կորիզը, խմբվել է կենտրոններում, իսկ գավառ գալիս են միայն արկածախնդիրները և միայն գիշատիչ տարրը: Իմ բոլոր դիմումները, թե մամուլի միջոցով և թե մեր ականավոր հասարակական գործիչներին` գաղափարական աշխատողներ տալ ինձ, մնում են առանց նույնիսկ արձագանքի:
Ոմանք առարկում են, թե աշխատանքը հայրենիքում չի վարձատրվում, մյուսները փախչում են զինվորակոչությունից, գուցե և շատ իրավացի կերպով նկատելով, թե չի կարելի ամբողջ երկիրը զենքի կոչել: Այդ դրությունը, ասում են վերջինները, ստեղծում է կենտրոնախույս հոսանք և օրենքը հետևաբար մնում է միայն օրենքի համար և ոչ կյանքի:
Ես չեմ ուզում վերլուծել առարկությունները, բայց կուզեի արձանագրել իրողությունը և հրավիրել կառավարության բարձր ուշադրությունը այդ մեծ և մտախոհ խնդրի վրա: Գուցե տարօրինակ համարվի իմ այդ առիթով դիմումը այսօր, երբ դեռ երեկ լուծվել է ռոճիկների խնդիրները: Բայց ինձ չի վերապահված օրինադիր ֆունկցիաները կյանքի կենտրոնում լինելով և գուցե ավելի քան որևիցէ միջոց ունենալով, անմիջապես դիտելու այդ կյանքը: Ես սրբազան պարտք եմ համարում հրավիրելու կառավարության առանձին ուշադրությունը այս նշանավոր պետական հարցի վրա: Չի կարելի գավառը կառավարել պատահական մարդկանց միջոցով և չի կարելի մինիմալ միջոցների վրա
կառուցանել քաղաքացիությունը: Կյանքը, իրականությունը հրամայաբար պահանջում են պետական աշխատավորների խիստ ընտրություն, իսկ այդ հնարավոր է միայն այն ժամանակ, եnբ այդ գործիչը ապահովված կլինի: Այդ խոհրդակցությունը շատ տարրական է, իհարկե, բայց ես թույլ եմ տալիս ավելորդ անգամ կրկնելու այդ բոլորը, որովհետև մենք կանգնած ենք պետական կատաստրոֆայի մեծ անդունդի առաջ:
Եթե շարունակվի այդպես, եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրանց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկության, եnբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի:
Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը… կեղեքում և ստանում են …
Այդպես է մեր օրերի դառն իրականությունը, և ես պետական պարտք համարելով զեկուցանելու Ձեզ այս մասին, թախանձանոք խնդրում եմ և այս զեկուցումն առաջարկել օրենսդիր մարմինների առանձին հոգացողության: Եվ ես չեմ չափազանցնում:
Նահանգապետ Ղորղանյան»:

Ֆ. 199, ց. 1, գ. 126, թ. 5: Բնագիր: Ձեռագիր:

One Response to “ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ”

  1. Alis Hovhanisyan Սեպտեմբերի 10, 2012 at 2:54 ե. #

    Պատմությունը կրկնվում է, բայց դասեր քաղելու համար ուշանում ենք միիիի~շտ… Սովետի օրոք ինստիտուտն ավարտելուց հետո շրջանավարտին ուղարկում էին գյուղերը, որտեղ դեռ շատ մարդիկ էին ապրում… Վստահ եմ, որ հիմա ոչ մի բժիշկ կամ ուսուցիչ չի գործուղվում ոչ մոտիկ, ոչ էլ հեռավոր մարզերը…Իսկ երիտասարդության մեջ ուշանում է այդ հայրենասիրական մղումը… հանուն երկրի փրկության մեզ կերակրող հողի աշխատավորին սատարելու, նրան իր հողի հետ կապելու հնարներ փնտրող ոգու արթնացումը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s