Պահոց | 5:22 ե.

ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ

9 Սպտ

ԼԻՆԵԼ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Թարգմ. Մերի Գրիգորյան

ՀՈՒՇԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՕՐԵՐԻՑ

9 Սպտ

Մեր նորագույն պատմության բախտորոշ իրադարձություններն արդեն պատմություն ու տարեգրություն են դարձել: Բայց և այնպես անցած օրերի յուրաքանչյուր դրվագ իր տողատակերում միշտ էլ թաքցրած ունի մանրամասներ, որոնք առաջին հայացքից գուցե թե տեսանելի չեն մեծ ցնցումների ու շարժումների համայնապատկերի վրա, սակայն այդ վերափոխումների արդյունքը մեծապես պայմանավորված էր հենց նմանատիպ «երկրորդական» գործոններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանի անտիպ հիշողություններից մի հատված, որտեղ պատկերված են 1989-ի ազգային զարթոնքի օրերի մասին պատմող դրվագներ:

Հ. Չարխչյան

ԴՐՎԱԳՆԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ղարաբաղ կոմիտեի անդամներին, որոնց թվում նաև Բաբկեն Արարքցյանին, ձերբակալել և տարել էին Մոսկվայի Բուտիրովյան բանտը: Ցրտաշունչ ձմեռ էր: Հունվարի 14-ին ավագ թոռնիկիս՝ Աստղիկի ծննդյան օրը, վաղ առավոտյան (ժամը 7-ի սահմաններում) աղջիկս՝ Կարինեն, զանգահարում է մեր տուն և վրդովված ձայնով հայտնում, որ անծանոթ մարդիկ պահանջում են դուռը բացել, ինքը չի բացում: «Ճիշտ ես վարվում, հիմա մորդ հետ գալիս ենք»: Մենք համարյա վազելով հասանք տեղ և ի՞նչ տեսանք. Չորս թե հինգ հոգի միջանցքում կանգնած՝ անընդհատ ծեծում են դուռը՝ պահանջելով բացել այն: Տիկնոջս հետ մոտեցանք ու հայտնելով մեր ով լինելը, հարցրինք՝ ի՞նչ է պատահել, ինչու՞ են պահանջում դուռը բացել և ովքեր են իրենք: Մեկը, որ ղեկավարն էր, ասաց՝ իրենք պետանվտանգության կոմիտեից են, այսինքն ԿԳԲ-ից, իրենց հանձնարարված է խուզարկել Բաբկեն Արարքցյանի բնակարանը: Պարզվեց, որ ղեկավարը ազգությամբ մոլդովացի էր:
ԿԳԲ-ի ներկայացուցիչը պահանջելու պես խնդրեց մեզանից դուռը բացել տալ, այլապես ստիպված կլինենք լոմով ջարդել: Ես Կարինեին խնդրեցի բացել դուռը, այլապես կջարդեն այն և զոռով ներս կմտնեն: Կարինեն ներսից կրկնում էր, որ դուռը կբացի միայն տանտիրոջ՝ Բաբկենի առաջ: Բնակարանից անընդհատ լսվում էին հայրենասիրական երգեր: Բանակցությունները երկար տևեցին, Կարինեն դուռը չէր բացում: Ես ստիպված խնդրեցի երեխաներին ուղարկել քրոջ տուն: Նա ներսից պատասխանեց, այդ դեպքում թող կագեբեիստները դուրս գան շքամուտքից և ինքը միայն այդ դեպքում երեխաներին կհանի տնից: Այդպես էլ արվեց՝ նրանք հեռացան և կանգնեցին պատշգամբի դիմաց: Կարինեն բացեց դուռը, երեխաները ահաբեկված դուրս եկան, և նա իսկույն դուռը փակեց: Մորաքույրը երեխաներին տարավ իրենց տուն: Ի դեպ, երբ երեխաներին դուրս բերելու համար մտել էի բնակարան, Կարինեին հարցրի, եթե տանը կա՞ զենք կամ նման մի բան, կարող եմ հետս դուրս տանել: Նա վստահեցրեց, որ ոչինչ չկա և իզուր եմ անհանգստանում: Ես, անշուշտ, թեթևացած զգացի:
Մոլդովացին անընդհատ կրկնում էր, որ իրենք ստիպված կլինեն դուռը ջարդել: Ի դեպ, նրանք իրենց հետ բերել էին դուռը ջարդելու լոմ: Բացի այդ՝ ներքևում կային 5-6 հոգի, որոնք երբեմն-երբեմն բարձրանում էին հարկաբաժին՝ հավանաբար դուռը ջարդելու մտադրությամբ: Բայց ղեկավարը ետ էր ուղարկում: Արդեն ժամեր էին անցել, և Կարինեն դուռը չէր բացում: ԿԳԲ-ի ղեկավարը իր հետ եկած ընկերներին հանձնարարեց հրավիրել մի դեպուտատի, որպեսզի նրա ներկայությամբ և մասնակցությամբ բացել տա դուռը: Որոշ ժամանակ անց որտեղից որտեղ բերեցին միջին հասակի մի տղամարդու, որը` չիմացա տեղական իշխանությունների, թե՞ Գերագույն խորհորդի դեպուտատ էր:
Ղեկավարը լոմը տվեց դեպուտատի ձեռքը և ասաց, որ պետք է ջարդելով բացել դուռը: Դեպուտատը հանկարծակիի եկավ և իսկույն հարցրեց, թե դա ու՞մ դուռն է: «Բաբկեն Արարքցյանի»,- պատասխանեցին ԿԳԲ-ի ընկերները: Դեպուտատը իսկույն այլայլվեց և զայրացած տոնով պատասխանեց. «Այս լոմով ձեր գլուխները կջարդեմ»: Լոմը նետեց աստիճաններից ներքև և ասաց. «Խորհուրդ եմ տալիս՝ դուք էլ հեռանաք այս շքամուտքից»:Մինչև հիմա էլ հիշում եմ այդ սքանչելի հերոսական տղամարդու դեմքը: Բայց ափսոս անուն ազգանուն չիմացանք: Շատ կփափագեի թեկուզ ուշացումով իմանալ նրա ով լինելը և խորին շնորհակալությունս ու երախտագիտությունս հայտնել նրան: Թեկուզ ուշացումով խնդրում եմ ներկայանալ: Չէ՞ որ Ձեզ նման մարդիկ են պահում Ազգն ու Հայրենիքը: Ձեզ նման մարդիկ են աշխարհը առաջ մղում:
Երկար, շատ երկար ժամեր անցկացրինք շքամուտքի հարթակում: Մոլդովացու ոտքերը մրսում էին, և նա ստիպված անընդհատ քայլեր էր անում նույն տեղում:
Որտեղից որտեղ, թե ինչպես էին իմացել, մեկ էլ եկան Բաբկեն Արարքցյանի համալսարանական ընկերները և քեռին՝ Պողոսը: Մեր բոլորի խնդրանքով Կարինեն բացեց դուռը, և մտանք ներս: Մոլդովացին անցավ գործի: Նա մեկ-մեկ բացում էր պահարանի դռները և զննում թղթերը: Բաբկեն Արարքցյանի հայրը՝Գուրգեն Արարքցյանը, որը եղել է պոլիտեխնիկ ինստիտուտում ամբիոնի վարիչ, ուներ մեքենագիր հսկայական քանակությամբ թղթապանակներ: Մոլդովացին հանգամանորեն զննում էր դրանք, իսկ թիկունքում կանգնած էին երկու հայ երիտասարդներ՝ անվտանգության մարմիններից: Մոլդովացին գտավ մեքենագիր մեկ էջի վրա ազգանունների ցուցակ: Միլիմետրի ճշտությամբ չափեց թղթի երկարությունն ու լայնքը և հանձնեց թիկունքում կանգնած հայ երիտասարդին: Մտքովս անցավ, որ դա կարող է լինել «Ղարաբաղ» կոմիտեին հարողների անուն ազգանունները և հարմար պահ գտնելով՝ խնդրեցի հայ երիտասարդին ՝ցուցակը դնել պատուհանի գոգին, որպեսզի ծանոթանամ: Նա ընդառաջեց խնդրանքս, և ես կարդացի ցուցակում եղած ազգանունները: Եվ ինչ, պարզվեց, որ բոլորն էլ երևանաբնակ վանեցիներ են՝ Վարազդատ Հարությունյան, եղբայրներ Մխիթար և Էդուարդ Ջրբաշյաններ և այլոք: Հասկացա, որ ցուցակում նշված են Աշտարակ քաղաքի ծայրամասում, Թալին տանող մայրուղու աջ կողմում տեղադրված «Վասպուրականի արծիվը» հոյակերտ հուշարձանի կառուցումը նախաձեռնող վանեցիների անունները: Մտահոգությունս անցավ: Ավելին՝ մտածեցի ՝գուցե մոլդովացին բավարարվի այդ ցուցակով:
Հայ երիտասարդին ասացի.«Այնպես արա, որ շեֆը կարևորություն տա այդ ցուցակին»: Այդպես էլ եղավ. երիտասարդը ցուցակը քանիցս մոտեցրեց շեֆին ՝ ականջին ինչ-որ բան փսփսալով: Չերկարացնելու համար նշեմ, որ շեֆը, ներքին գոհունակությունը զսպելով, վերցրեց «կասկածելիների» ցուցակը և, ավարտած համարելով հետախուզությունը՝ դուրս եկավ բնակարանից:
Շատ գոհ կլինեմ, եթե ներկայանա այդ հայ երիտասարդը, որը իմ համոզմամբ նույնպես սրտանց ցանկանում էր հետախուզության նման անվտանգ ավարտ: Կարելի է եզրակացնել, որ վանեցիների ցուցակը ինչ-որ չափով օգտակար եղավ նրանցից մեկի և նույնիսկ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների համար:
Արժե անդրադառնալ նաև ղարաբաղյան շարժման հետ կապված մի փաստի ևս:
Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգներին մասնակցողները լավ գիտեն, որ հաճախ շատ շատերը գրավոր հարցերով, առաջարկություններով դիմում էին հարթակում գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներին: Գրավոր այդ հարցերն ու առաջարկությունները, որոնց տակ սովորաբար նշված էր լինում հեղինակի անուն- ազգանունը, հաճախ նաև հասցեն, հեռախոսի համարը, հավաքվում էր Բաբկեն Արարքցյանի բնակարանում: Գոյացել էր նման գրությունների մի հսկայական տոպրակ: Երբ կալանքի էին վերցրել Բաբկեն Արարքցյանին, ես տիկնոջս ասացի.« Պետք է բնակարանից հանել այդ թղթապանակ-տոպրակը, որովհետև եթե դա ընկնի անվտանգության մարմինների ձեռքը, ապա հնարավոր է՝ ոմանք նույնպես կարող են տուժել, կալանվել»:
Իմ զգուշացնելու հենց հաջորդ օրը տիկինս տան աղբի հետ միասին նշած թղթապանակ-տոպրակը տանում և գցում է աղբարկղը, որը գտնվում էր դիմացի շենքի բակում: Երբ այդ մասին տեղյակ պահեց ինձ, տագնապի մեջը ընկա՝ մտածելով, որ այն կարող է ընկնել անվտանգության մարմինների ձեռքը, և նոր բռնություններ կսկսվեն: Որոշեցինք երեկոյան ուշ ժամի գնալ և տոպրակը բերել մեր տուն: Այդպես էլ արեցինք: Բայց դա այդքան էլ դյուրին քայլ չէր, մանավանդ այդ ժամանակ Երևանում իրականացվում էր «հատուկ դրություն». մայրաքաղաքի փողոցներում, հատկապես Օպերայի շուրջ, կանգնեցված էին տանկերը, կային մեծ թվով զինվորներ և ուշ ժամին քաղաքում շրջելը վտանգավոր էր:
Երկուսով գնացինք, տիկինս աղբարկղից հանեց տոպրակը, ես դրեցի թևիս տակ և մենք շենքերի բակերով (իրարից 10-15 մետր հեռավորությամբ, որպեսզի ինձ բռնելու դեպքում գոնե տիկինս մնա ազատ), համեմատաբար անվտանգ թվացող ճանապարհով հասանք մեր տուն: Մտածելով, որ կարող են խուզարկել նաև մեր բնակարանը, հաջորդ օրը տոպրակը տեղափոխեցի քաղաքից դուրս և խորը ափսոսանքով այրեցի այն: Թող ներողամիտ լինեն գրությունների հեղինակները և մեր ժամանակների պատմությունը ուսումնասիրողները, հավանաբար այլ կերպ վարվել չէի կարող՝ զգալի թվով ազնիվ և հայրենասեր մարդկանց վտանգի չենթարկելու նպատակով: Թերևս իմ կյանքի այս դրվագը նույնպես պատմաբանների համար ինչ-որ չափով նյութ հանդիսանա:

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ
16.08.1998 Թ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԸՆԹԵՐՑՎԵՑ ՉԱՐԵՆՑԻ ԳԱՂՏՆԱԳԻՐԸ

9 Սպտ

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի գրավոր ժառանգության մեջ քիչ չեն էջերը, որոնք գաղտնագրեր ու խորհրդանշաններ են պարունակում: Դրանց մի մասը մասնագետներին հաջողվել է բացահայտել: Սակայն դեռ մնում են այնպիսիները, որոնք առայսօր գաղտնազերծված չեն: Սովորաբար, հրապարակելով դրանք, ծանոթագրողները հարկ են համարում հետևյալ նշումն անել. «Չի հաջողվել ընթերցել»: Պատահում է նաև, որ չցանկանալով խոստովանել սեփական անկարողությունը, որոշ գրականագետներ գաղտնագրերի առիթով սկսում են զանազան հավանական ու անհավանական ենթադրություններ անել, առաջ քաշել վարկածներ, որոնք ոչ միայն սխալ են, այլև մոլորության մեջ են գցում ընթերցողին: Ահա այսպիսի մի դեպքի մասին է մեր այս պատմությունը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, այն մասին, թե ինչպես անփորձ հնարամտությունը հաղթեց փորձված կարծրամտությանը:
Ավելի քան 20 տարի առաջ ի հայտ եկան Չարենցի անծանոթ ձեռագրեր, որոնց մեծ մասը վերագրվում էր 1936 թվականին: Այդ էջերում կային նաև սևագրություններ, որոնց բովանդակությունից դատելով պետք էր կռահել, որ բանաստեղծը ցանկացել էր Ստալինին նվիրված պոեմ գրել: Հենց այդ նորահայտ թղթերից մեկի վրա էլ հանդիպեց հետևյալ անհասկանալի տառերի շղթան`
ԼԳՑԶՏ ՂԶՃԲՔՉԾՓԺՁԲՇ ՅԼԲՀ ԲՎՋԶՐ…
Ի՞նչ կարող էր սա նշանակել: Այն, որ Չարենցը հենց այնպես տառերի կուտակումներ չէր պատկերի, պարզ էր ի սկզբանե: Սակայն ի՞նչ էր ցանկացել նա ասել, ո՞րն էր գաղտնազերծման բանալին:
Տեսակետները չուշացան: Սակայն նրանցից և ոչ մեկը հարցի պատասխանը չէր: Փոխարենը հրապարակ հանվեցին արդեն հայտնի ձևակերպումներն այն մասին, թե գրվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ բաղաձայնույթ, ինչն էլ իբր թե բանաստեղծի հոգեբանական ընդվզումն է ճնշմամբ պարտադրվող երևույթի դեմ: Մի խոսքով, պնդումն այն էր, որ հնչունական աններդաշնակությունը գեղարվեստական հնարանք է և ոչ ավելին:
Այս կարծիքը գոյության իրավունք ստացավ ու մի քանի տարի շարունակ գերիշխող էր, մինչև որ մի օր արցախցի Դավիթ Շիրինյանը, ի գիտություն ընդունելով հեղինակավոր գրականագետների պնդումները, այնուամենայնիվ որոշեց ինքն էլ փորձել: Եվ… գաղտնազերծեց:
Շիրինյանի «մեթոդը» որքան որ պարզ, նույնքան էլ հնարամիտ էր ու անսխալ: Նա բացահայտեց չարենցյան բանալին` նախ կռահելով, որ տողը սոսկ բաղաձայների կուտակում չէ, այլ բառերի շարք, իսկ այնուհետև ընթեցեց այդ բառերը: Ինչպես պարզաբանում է Դավիթը, գաղտնագիրը հնարավոր է կարդալ` առաջնորդվելով նախորդ տառի վերծանման եղանակով: Սա նշանակում է, որ եթե Չարենցը գրել է, ասենք, Լ տառը, ապա այն անհրաժեշտ է փոխարինել այբուբենում դրա նախորդ տառով, այսինքն Ի-ով: Գ-ի պարագայում կլինի Բ-ն, Ց-ի դեպքում` Ր-ն և այսպես շարունակ: Արդյունքում ստացվեց, որ Չարենցի գրած տողը`ԼԳՑԶՏ ՂԶՃԲՔՉԾՓԺՁԲՇ ՅԼԲՀ ԲՎՋԶՐ, գաղտնազերծման դեպքում դարձավ`
ԻԲՐԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԱՍՊԵՏ:
(Հավելենք, որ վերծանման պարագայում կհանդիպեք աննշան շեղումների: Այդ շեղումները Չարենցինն են և դրանք որևէ կերպ կասկածի տակ չեն դնում գաղտնազերծման հավաստիությունը):
Հարկ է արժանին մատուցել Շիրինյանին ոչ միայն այս տողի ընթերցման, այլև այն բանի համար, որ նրա օգտագործած եղանակը կիրառելի կդառնա այլ «սպիտակ կետեր» վերծանելիս: Առաջին հայացքից սա գուցե թե աննշան թվացող, սակայն կարևոր քայլ է մեծ գրողի ձեռագրերի ուսումնասիրման գործում: Իսկ այս պատմությունը ես շարադրեցի նաև այն պատճառով, որ վաղը որևէ ինքնակոչ իրեն չվերագրի Դավիթ Շիրինյանի բացահայտումը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԿՐԿԵՍԻ 100 ՏԱՐՎԱ ԵՐԱԶԸ

9 Սպտ

Այսօր պայթեցրին կրկեսի շենքը: Հիմա երևանցիները երազում են նորի մասին: Ճիշտ այսպես շուրջ մեկ դար առաջ մեր քաղաքում կային մարդիկ, ովքեր ցանկանում էին, որ Երևանն ունենար իր կրկեսը: Բարեբախտաբար, վավերագրերի մեջ պահպանվել են գծագրեր, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսին էր մեր պապերի երազը 100 տարի առաջ:

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ

9 Սպտ

Ծանոթ եմ Կարսի անկման պատմությանը: Բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր եմ կարդացել այդ մասին: Գիտեմ, որ նման իրադարձությունները պայմանավորված են լինում բազում հանգամանքներով` քաղաքական, ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական… Գիտեմ, որ 1920 թ. հոկտեմբերի 30-ին մեր բանակը, ունենալով ռազմական ակնհայտ գերազանցություն, համարյա առանց կռվի քաղաքը հանձնեց թշնամուն:
Հակված չեմ անհարկի խտացնել գույները: Բայց երբ ընթերցեցի նույն տարվա փետրվարի 29-ին, այսինքն Կարսի կորստից ճիշտ 8 ամիս առաջ գրված այս նամակը, առաջին բանը, որ անցավ մտքովս, սա էր. «Ահա թե ինչից է սկսվում հայրենիքի կորուստը»:

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ս. ՂՈՐՂԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

«29 փետրվարի 1920թ.
Կարս
Նահանգական բժշկի օգնական Քալանթարյանը թողեց պաշտոնը և անցավ ամերիկացիների մոտ: Բժիշկ Քալանթարյանը մեր բազմաթիվ բժիշկների շարքում աչքի ընկնող դեմք է, իր կրթությամբ և գաղափարական ուղղությամբ: Նա թողեց մեր առանց այն էլ նոսր շարքերը նյութական միտումներով, որովհետև կիսակուշտ փորով ազգասիրությունն էլ չափ պետք է ունենա:
Նահանգի 22 բժիշկի պաշտոններից տասն ու մեկը արձակ են և բոլոր տվյալները գալիս են վկայելու, որ այս վերջին թիվը պետք է մեծանա և ոչ պակսի: Ես հանձնարարել էի նահանգական բժիշկ հրավիրել Արդահանի համար, մի գաղափարական հայ բժիշկ, որ օգներ հայրենի կառավարությանը մեր պետական սաղմի կազմման գործում, բայց մեր դիպլոմավոր ոսկեզօծ երիտասարդությունը գերադասում է հեռվից դիտելու պատմությունը: Հրավերին արձագանք էր տվել մի ռուս բժիշկ միայն, բայց ես ոչ մի կերպ չհամաձայնվեցի ընդունել այդ թեկնածությունը, շատ հասկանալի է քաղաքական և պետական միտումներով:
Թափուր են ծայրագավառներում և մեր մյուս պաշտոնները: Մեր կարող և ինտելիգենտ երիտասարդությունը, որ երբեմն կազմում էր մեր երազների կորիզը, խմբվել է կենտրոններում, իսկ գավառ գալիս են միայն արկածախնդիրները և միայն գիշատիչ տարրը: Իմ բոլոր դիմումները, թե մամուլի միջոցով և թե մեր ականավոր հասարակական գործիչներին` գաղափարական աշխատողներ տալ ինձ, մնում են առանց նույնիսկ արձագանքի:
Ոմանք առարկում են, թե աշխատանքը հայրենիքում չի վարձատրվում, մյուսները փախչում են զինվորակոչությունից, գուցե և շատ իրավացի կերպով նկատելով, թե չի կարելի ամբողջ երկիրը զենքի կոչել: Այդ դրությունը, ասում են վերջինները, ստեղծում է կենտրոնախույս հոսանք և օրենքը հետևաբար մնում է միայն օրենքի համար և ոչ կյանքի:
Ես չեմ ուզում վերլուծել առարկությունները, բայց կուզեի արձանագրել իրողությունը և հրավիրել կառավարության բարձր ուշադրությունը այդ մեծ և մտախոհ խնդրի վրա: Գուցե տարօրինակ համարվի իմ այդ առիթով դիմումը այսօր, երբ դեռ երեկ լուծվել է ռոճիկների խնդիրները: Բայց ինձ չի վերապահված օրինադիր ֆունկցիաները կյանքի կենտրոնում լինելով և գուցե ավելի քան որևիցէ միջոց ունենալով, անմիջապես դիտելու այդ կյանքը: Ես սրբազան պարտք եմ համարում հրավիրելու կառավարության առանձին ուշադրությունը այս նշանավոր պետական հարցի վրա: Չի կարելի գավառը կառավարել պատահական մարդկանց միջոցով և չի կարելի մինիմալ միջոցների վրա
կառուցանել քաղաքացիությունը: Կյանքը, իրականությունը հրամայաբար պահանջում են պետական աշխատավորների խիստ ընտրություն, իսկ այդ հնարավոր է միայն այն ժամանակ, եnբ այդ գործիչը ապահովված կլինի: Այդ խոհրդակցությունը շատ տարրական է, իհարկե, բայց ես թույլ եմ տալիս ավելորդ անգամ կրկնելու այդ բոլորը, որովհետև մենք կանգնած ենք պետական կատաստրոֆայի մեծ անդունդի առաջ:
Եթե շարունակվի այդպես, եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրանց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկության, եnբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի:
Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը… կեղեքում և ստանում են …
Այդպես է մեր օրերի դառն իրականությունը, և ես պետական պարտք համարելով զեկուցանելու Ձեզ այս մասին, թախանձանոք խնդրում եմ և այս զեկուցումն առաջարկել օրենսդիր մարմինների առանձին հոգացողության: Եվ ես չեմ չափազանցնում:
Նահանգապետ Ղորղանյան»:

Ֆ. 199, ց. 1, գ. 126, թ. 5: Բնագիր: Ձեռագիր:

%d bloggers like this: