«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆԻ

25 Օգս

Հայրենադարձության և ներգաղթի խնդիրները մեր երկրի համար նոր չեն: Դրանք եղել են առաջներում ու դեռ ապագայում ևս կմնան իբրև անխուսափելի իրողություն: Ճիշտ է, հայրենիքը զբոսավայր չէ, որտեղ մարդկանց պիտի կանչել հրապուրելով ու գայթակղելով, բայց և այնպես յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է կողմնակի միջամտություն և կամ այնպիսի խթանների առկայություն, որոնք հնարավոր կդարձնեն նպատակի իրագործումը, բարենպաստ հող կստեղծեն երկիրը լքած մարդկանց համար` կայացնելու ճակատագրական որոշումը: Այն, որ շատ անգամներ ձեռնարկված քայլերը դառնում են անպտուղ, ձախողվում են և կամ հանգեցնում են հակառակ արդյունքի, դեռևս նրա վկայությունը չէ, թե գաղափարն անիրագործելի է, առավել ևս` աննախադեպ: Ցավոք, այդպիսի փորձեր արվել են շատ անգամ, և մեր պատմությունը լի է մեծ ու փոքր դրվագներով: Ու եթե նախկինում դրանք չեն անվանադրվել «Արի տուն» կամ մեկ ուրիշ վերտառությամբ, դա դեռ չի նշանակում, թե այդ ծրագրերը ևս չեն ունեցել իրենց համակիրներն ու ընդդիմախոսները: Սակայն միշտ էլ գնահատելին մնացել է արդյունքը` մոռացության տալով միջոցներն ու մտադրությունների ենթատեքստը: Եվ այսօր պատեհ է վերհիշել տասնամյակների վաղեմություն ունեցող մի դրվագ ևս` ներկան վերաարժևորելու համար:
Անցյալ դարի 20-ական թվականները մեր երկրի կյանքում նշանավորվեցին ոչ միայն մեծ ցնցումներով ու վերափոխումներով, այլև ի կատար ածվեց այպես կոչված «հոգևոր հայրենադարձության» ծրագիրը: Պետության հորդորով ու աջակցությամբ աշխարհի տարբեր անկյուներից Հայաստան վերադարձան հայ մտավորականության սերուցքը կազմող բազմաթիվ անհատներ` գրողներ ու արվեստագետներ, գիտության ու տեխնիկայի բնագավառի նշանավոր դեմքեր: Թե ինչպես էր կազմակերպվում և իրականություն դառնում նրանց ներգաղթը, կարող է վկայել Ազգային արխիվի` երբեմնի գաղտնի թղթապանակներից մեկում պահվող այս եզակի նամակը` գրված Ասքանազ Մռավյանի ձեռքով: Նամակը թվագրված չէ, սակայն բովանդակությունից դժվար չէ կռահել, որ այն գրվել է 1925 թվականի օգոստոսին: Այդ օրերին Մռավյանը Հայաստանի լուսավորության ժողկոմն էր և միաժամանակ ՀՍԽՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալը: Նրա նամակը հասցեագրված է Պողոս Մակինցյանին: Նշանավոր պետական գործիչ, գրականագետ Մակինցյանը 1925-ին դիվանագիտական առաքելությամբ գտնվում էր Իտալիայում: Ստորև ներկայացվող վավերագիրը հրապարակվում է առաջին անգամ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Բարև, Պուղուս1.
Ինչպես երևում է` հավիտենական քաղաքը2 քեզ շատ է գրավել և մեռացնել տվել քո խղճուկ հայրենիքն ու այնտեղ տքնող բարեկամներիդ: Ասուպի նման երևաց Վենետիկից գրած կորեսպոնդեցիադ և էլ հեչ մի խաբար:
Այնինչ ասելիք-խոսելիքներ ունենք և սպասում էինք, որ նշան տաս գոյության ու գործերիդ մասին: Հույս չկտրելով լուր ստանալու քեզնից- այսու կանխում եմ նամակդ և գրելու եմ մի խնդրի մասին, որ հեռու չէ քո սրտից:
Խոսքս Ավետիք Իսահակյանի և Շիրվանզադեի մասին է, որոնցից առաջինի մասին կարդացինք կորեսպոնդենցիայումդ, իսկ երկրորդի մասին էլ պատմեց ողջ-առողջ Հայաստան ապավինած Եղ. Չարենցը3: Երկուսի դրությունն էլ, ըստ պատմածի, թե նյութական և թե հոգեկան տեսակետից, ըստ երևույթին հեռու է բավարար լինելուց: Մեր երեկվա գրականության այդ վերջին երկու ամենախոշոր դեմքերը դատապարտված են փլուզումի, կազմալուծման: Մեծ բաներ չսպասելով նրանցից ապագայում (բայց ո՞վ գիտե- գուցե սխալվում եմ, ծերացած լավ ձիերն, ասում են, ընդունակ են մեծ թռիչքներ գործելու), այնուամենայնիվ կարծում եմ, որ նրանց պիտի բերել Հայաստան և որոշ զգալի կենսթոշակով ապահովել նրանց վերջալույսը: Այս առթիվ զրուցեցի Արտաշեսի4, Աշոտիուսի5 և Սաքոյի6 հետ, միանգամայն համաձայն են և ինձ հանձնարարեցին այդ գործը գլուխ բերելու քո միջոցով, որ և կատարում եմ: Պիտո է, որ իսկույն ևեթ բանակցություններ սկսես վերոհիշյալների հետ, հող պատրաստես և նրանց համաձայնության դեպքում, մինչև հարյուրական չերվոն7 դրամ ճանփածախս տաս (այդ գումարն առաջին պահանջովդ կղրկենք)- Հայաստան ուղևորվելու համար: Մեզ իրազեկ պահիր բանակցություններիդ մասին8 (այստեղ մենք նրանց կտանք ամսական մի-մի հարյուր ռուբլի, ավել-պակաս, գուցե մինչև հարյուր հիսուն):
Երկրորդ ասելիքս Րաֆֆու ձեռագրերի մասին է. չէիր կարող արդյոք Չոպանյանի9 կամ մի այլ հայազգի երևելիի միջոցով բանակցել Րաֆֆու ժառանգի10 հետ և ստանալ Րաֆֆու ձեռագրերը: Նրանց գրական-պատմական արժեքը քեզ հայտնի է, ուստի գործի դիմիր:
Սպասում ենք նամակների, լավ խաբարների:
Քո` (ստորագրություն)»:

1. Պողոս Մակինցյանին ընկերները մտերմաբար անվանում էին Պուղուս կամ Պաուլո:
2. Նկատի ունի Հռոմը, որտեղ այդ օրերին գտնվում էր Մակինցյանը:
3. Չարենցը Եվրոպա կատարած ուղևորությունից Երևան է վերադարձել 1925 թ. հուլիսի 31-ին:
4. Արտաշես Կարինյան (1886- 1982)-կուսակցական և պետական գործիչ, այդ տարիներին ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահն էր:
5. Աշոտ Հովհաննիսյան (1887-1972)- կուսակցական և պետական գործիչ, պատմաբան, այդ տարիներին Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր:
6. Սարգիս Համբարձումյան (1870-1944)- կուսակցական և պետական գործիչ, այդ տարիներին ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահն էր:
7. Չերվոնեց- 20-ական թթ. տասը ռուբլի ոսկու արժողությամբ թղթադրամ:
8. 1911 թ. երկրից հեռացած Ավետիք Իսահակյանը Հայաստան եկավ 1926-ի աշնանը: Նույն թվականին Հայաստան վերադարձավ նաև 1919-ից Եվրոպայում բնակվող Շիրվանզադեն:
9. Արշակ Չոպանյան (1972-1954)- հայ նշանավոր գրող, քննադատ, հասաակական գործիչ
10. Րաֆֆիի որդին` Արամը այն տարիներին մոր հետ բնակվում էր Լոնդոնում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s