Պահոց | 11:29 ե.

ՀԱՄԱՍՏԵՂ

18 Հնս

ՍԵՐԸ
Սերը գոյության տենչ է, ըլլալու կիրք ու խորհուրդ մարմնի: Մենք կը փայփայենք մեր վիշտը և հաճախ արցունքները մարգարիտի հատիկներու նման կըլլան և արցունքով մեր մտածումները ավելի կը տարածվին, ավելի կը խորանան մեր մարմնի մեջ, երբ կը սիրենք:
Սիրո համար թափված արցունքի մեկ կաթիլին մեջ երկնքին կապտությունը կա: Մտածումը ինքն իր մեջ թախծություն մը ունի, թախծոտ, ինչպես ծառի մը հանդարտ ցոլացումն է լճակի ափին:
Երբ մարմինը կը մտածե, կդառնա երևակայություն, թռիչք, կը մոտենա Աստծո և անոր կերպարանքը կը տեսնենք մեր մարմնի մեջ: Եվ իրերը կը ճաճանչվին մեր մեջ, երբ մեր մարմինը կը մտածե:
Մեր մարմինը կը դառնա հազար ու լարերով հսկա նվագարան մը, երբ կինը կը մոտենա լարերուն, որպես վարպետ տավղահար: Առանց այդ մատներուն, մարմինը պիտի մնար նվագարան մը միայն առանց երաժշտության: Երբ կինը կը մոտենա այս լարերուն, ամեն բան կը ստանա ցոլք, կը ստանա ջերմություն, իսկ լռությունը կը ստանա խորք և իմաստություն, և մենք այդ իմաստության ճանապարհով է , որ կը հասնինք մեր մեջ Աստված մը զգալու անսահման երանության:
Սերը Աստծո շունչն է, և մենք կը դառնանք անանձնական, ինչպես Աստված ինքն է տարածված, ինչպես Հիսուս ինքն է նկանակի ու գինիի նման բաշխված:
Ինչպես խաղողին ողկույզը արևի տակ խլրտանքը կը զգա հասուննալու և ծանրանալու համար, այնպես ալ սերը մարմնին կուտա բարկ հեշտանքը հասուննալու և դարձնելու մեր հոգին կատարյալ:
Կնոջ մը սիրո ջերմությունը արևի նման կըրնա պարտեզ մը ծաղկեցնել մեր հոգիին, մեր մարմնին մեջ մշտական գարունով ու տալ մեզի երանությունն անանձնական: Այն ատեն բոլոր իրերը գեղեցիկ են, մարդիկ չար չեն, կիները օրհնաբեր են ու բարի, ինչպես մայրն է…