Պահոց | 4:50 ա.

ՈՒԻՍԹԸՆ ՀՅՈՒ ՕԴԵՆ

11 Հնս

Շատ տաղանդ պետք չէ, որպեսզի տեսնես այն, ինչ ընկած է քթիդ տակ, շատ ավելի բարդ է իմանալը, թե քիթդ որ կողմ շրջես:
Միայն միջակ մարդն է կարողանում ճշմարիտ ջենթլմեն լինել, իսկ տաղանդը միշտ ավելին է, քան անդաստիարակության սովորական օրինակը: Միջակությունը հայտնի օգուտ է բերում, որպես աշխարհիկ վարվելաեղանակի նմուշ, այդու նրա նրբին անպիտանությունը կարող է տաղանդին ստիպել ամաչել ինքն իրենից:

ՍԱՐՅԱՆ-ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ

11 Հնս

ՆԿԱՐԻՉ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
25 հունվարի 1953թ.
Երևան
Հարգելի ընկ. Սողոմոնյան
Ի պատասխան ձեր 12/1 1953թ. գրության, հայտնում եմ, որ Շլեևի «Идеи дружбы народов в творчестве и общественной деятельности Г. Башинджагиана» հոդվածը իմ կարծիքով, այդ վիճակում չի կարելի տպագրել:
Հեղինակը, լավ ծանոթ չլինելով հայ ժողովրդի և նրա արվեստի պատմությանը, ուրիշների կողմից իրեն տրված, հայկական թերթերում տպագրված և անտիպ հոդվածների առանձին քաղվածքների թարգմանությունների հիման վրա, նպատակ է դրել ոչ թե վերնագրին համապատասխան հոդված գրել և արտացոլել օբյեկտիվ իրականությունը, այլ միակողմանիորեն և արհեստականորեն Բաշինջաղյանին հակադրելով «Հայ նկարիչների միության» մեջ մտնող մյուս հայ նկարիչներին (Թերլեմեզյան, Թադևոսյան, Սուրենյանց, Սարյան) և այդ ընկերության հիմնադրումը պաշտպանող գրողներին (Շիրվանզադե, Թումանյան) աղճատել պատմությունը, բացարձակ իդեալիզացիայի ենթարկելով Բաշինջաղյանին և բացարձակ կերպով սևացնելով մնացած հայ նկարիչներին, դուրս բերելով նրանց հակաժողովրդական և նացիոնալիստական գործիչներ, որը ստոր զրպարտություն է:
Որպես «հայ նկարիչների ընկերության» նախկին անդամ և նրա գործունեության ժամանակակից նկարիչ, կարող եմ Ձեզ տեղյակ պահել, որ այդ ընկերության բոլոր ցուցահանդեսներին, որոնք կազմակերպված են եղել Թիֆլիսում և գավառներում, արվեստը ժողովրդին մոտեցնելու նպատակով, մասնակցել են նաև ռուս և վրացի նկարիչներ, որի փաստական ապացույցներ են հանդիսանում կատալոգները և մյուս բոլոր իրական փաստաթղթերը:
Պատմությունը հարկավոր չէ ոչ գեղեցկացնել և ոչ էլ տգեղացնել, իսկ այդ պատմության և արվեստագետների միջև կանգնելու իրավունք ունի միայն իրականությունը օբյեկտիվ կերպով արտացոլող մարքսիստ արվեստաբանը:
Մարտիրոս Սարյան

Ֆ. 1288, ց.1, գ. 327, թ. 1: Ինքնագիր:

%d bloggers like this: