Պահոց | 9:07 ե.

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

2 Հնս

ՀԱՎԱՏՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ

Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և շնորհիվ դրա` բնանկարը հազարամյակների ընթացքում անփոփոխ էր մնում:
Սակայն հավատի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ համի ընկան ու սկսեցին լեռները շարժել, նրանց գտնվելու տեղը սկսեց անդադար փոխվել: Եվ լեռները ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր հայտնաբերել այնտեղ, ուր դուք նրանց թողել էիք նախօրեին: Դա ավելի շուտ բարդություններ էր ստեղծում, քան օգնում էր դրանք հաղթահարել:
Եվ այդժամ բարի մարդիկ գերադասեցին հրաժարվել Հավատից, և այժմ լեռները, որպես կանոն, կենում են իրենց տեղում: Եվ երբ լեռնային ճանապարհին փլուզում է լինում, որը անցորդներին ողջ-ողջ թաղում է, կնշանակի, ինչ-որ տեղ շատ հեռվում կամ շատ մոտիկ որևէ մեկի հոգում թեթևակի արթնացել է Հավատը:

ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ

2 Հնս

Մահից և ժամանակից ազատվելու համար բոլոր միջոցները, զենքի բոլոր տեսակները լավ են: Եթե ուղիղը կարճագույն ճանապարհն է երկու ճակատագրական և անխուսափելի կետերի միջև, ապա այն երկարացնել կարող են շեղումները, եթե դրանք այնչափ բարդ, խճճված, հանգուցավոր, այնքան արագ են, որ ջնջում են իրենց հետքերը, «ինչ իմանաս, մեկ էլ տեսար` մահը մեզ չկարողանա գտնել, ժամանակը մոլորվի, և մենք կարողանանք նրանից թաքնվել՝ փոխելով մեր թաքստոցները»:
Այս խոսքերն ինձ ստիպում են խորհրդածել: Քանզի ես ինքս շեղումների կողմնակից չեմ, ապա ավելի շուտ հակված եմ հույս դնելու ուղիղ գծի վրա՝ հուսով, որ այն կձգվի մինչև անվերջություն, և ես անհասանելի կլինեմ: Ես գերադասում եմ երկար հաշվարկել փախուստի հետագիծը՝ սպասելով պահին, երբ կկարողանամ նետի պես սուրալ ու անհետանալ հորիզոնում, եթե ճանապարհին խոչընդոտները շատ են` հաշվարկել հաջորդականությունը մասերի, որոնք կարճ ճանապարհով ինձ լաբիրինթոսից դուրս կբերեն:

%d bloggers like this: