Պահոց | 11:15 ե.

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

27 Մյս

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

27 Մյս

Գեղանկարչության երկրպագուն, ով ճամփորդության է ելնում հանուն այն բանի, որ տեսնի Կլոդ Մոնեի կակաչի դաշտ պատկերող նկարը, երևի թե չի ուղևորվի զբոսնելու իսկական կակաչի դաշտով, այլ աստղագուշակի նման, կենաց երևույթներն ուսումնասիրելու համար հարմարանք ունենալով, որից հարկ է օգտվել մենության մեջ, մարդկանցից հեռու, նա ունի ոչ պակաս մոգական հայելիներ, այսինքն՝ կտավներ, որոնք արտացոլում են իրականության կարևոր տեսակետները, այդ հայելիներին պետք է կարողանալ նայել որոշակի հեռավորությունից: Մենք կանգնած ենք այդպիսի մոգական հայելու առաջ, փոքր-ինչ հեռանալով նրանից, ջանալով վանել բոլոր ավելորդ մտքերը և հասկանալ յուրաքանչյուր գույնի իմաստը, որ մեր մեջ հուշեր են հարուցում վաղեմի տպավորությունների մասին, որոնք նույնպիսի օդային և բազմագույն ճարտարապետական ձև են առնում, ինչպես և այն, որ կտավի վրա է, և մեր երևակայության մեջ բնանկար են արարում, հայելու առաջ, որին են տենչում ճերմակահեր ծերունիները, որ այրված չեն ո՛չ քամուց, ո՛չ արևից, բայց բոլոր այդ ճշմարտությունների հայտնաբերումից վայելք են ապրում, որոնց հիմքում` արևն ու քամին է, այդպես և երգչուհու երկրպագուհուն ծանոթ է այն հեղինակի անունը, ում գործերը նա սիրում է կատարել: Մոնեի կտավը մեզ ստիպում է սիրել նրա վրա պատկերված երկրի անկյունը… Մեր մեջ խոսում է ոչ թե պարզապես կռապաշտությունը Մոնեի հանդեպ: Մենք ինքներս կսիրենք: Բայց չենք համարձակվում: Հարկ է, որպեսզի ինչ-որ մեկը մեզ ասի` «Այստեղ դուք կարող եք սիրել` սիրեք»: Այդժամ մենք սիրում ենք: Մոնեի կտավները Արժանտեյլում, Վետեյլում, Էպտում, Ժիվերնիում մեզ համար բացում են այդ վայրերի դյութված էությունը…

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Մյս

ԴՈՒ, ԵՍ ԵՎ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սրճարանը դատարկվում է: Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Մնում ենք միայն` դու, ես և տրտմությունը:
Ներիր ինձ, ես գիտեմ, դու կամենում էիր, որպեսզի այսօր մենք միայն երկուսով լինեինք, բայց ինձ հետ է իմ տրտմությունը…
Դե ահա դու արդեն բարկանում ես, քեզ զանգահարել է պետք: Ես հասկանում եմ: Շտապ:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Եվ մենք միայն երկուսով ենք, ես և դու, իմ տրտմություն:

ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿ

27 Մյս

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հոգեբույժների համաշխարհային կոնգրեսը որոշում ընդունեց կանգնեցնել Զիգմունդ Ֆրեյդի` հոգեբուժության հիմնադրի հուշարձանը: Նախնական նախագիծը նախատեսել էր, որ հուշարձանը, գրանիտե կամ բրոնզե, պետք է պատկերի Ֆրեյդին բնական չափով, ինչպես նաև՝ երկու այլաբանական կանացի ֆիգուր: Դրանցից մեկը, որ ներկայացնում էր Ենթագիտակցությունը, առաջարկվում էր նստեցնել նրա ձախ ծնկին, մյուսը՝ Գիտակցությունը` աջ:
Կասկածներ առաջացան այն բանի շուրջ, թե ինչ պիտի անի Ֆրեյդն իր ձեռքերի հետ: Ոչ աջի, քանզի պարզ է, որ աջ ձեռքը նա պետք է պահի Գիտակցության գլխի վրա: Իսկ ահա ուր դնել ձախ ձեռքը, այն, որ Ենթագիտակցության կողմից է` կարծիքները բաժանվեցին:
Շուտով, սակայն, այդ տարաձայնությունները երկրորդ պլան մղվեցին առավել կարեւոր խնդրի առջեւ: Նշվեց, որ հուշարձանին չի բավում Գերգիտակցությունը։ Քանի որ Ֆրեյդը չէր կարող երրորդ ոտքն ունենալ, Գերգիտակցության ֆիգուրը տեղադրեցին նրա մեջքի ետևում:
Սակայն Գերգիտակցության այդպիսի գերիշխող դիրքը, թող որ և գիտականորեն ճիշտ, նախագծի քննադատների ուշադրությունը բևեռեց Գիտակցության և Ենթագիտակցության անթույլատրելի համահարթեցման վրա: Չէ որ նրանք նստած էին նույն հարթության վրա, յուրաքանչյուր ֆիգուրը ծնկի վրա:
Այդժամ Ենթագիտակցությունը հանեցին Ֆրեյդի ծնկից և դրեցին նրա ոտքերի մոտ: Հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Ենթագիտակցությունը, ինչպես և հարկ էր` ամենաներքեւում, նրա վերեւում՝ Գիտակցությունը, իսկ Գերգիտակցությունը՝ նրանց երկուսի վերևում: Ձեռքի հետ ինքնաբերաբար լուծվում էր այն խնդիրը, թե ինչ պիտի աներ Ֆրեյդը ձախ ձեռքի հետ, որ Ենթագիտակցության կողմից էր:
Երբ հասավ հուշարձանի բացման հանդիսավոր օրը, պարզվեց, որ Ֆրեյդը գլուխն է քորում: Աղմուկ բարձրացավ, քանի որ համանման ժեստը կասկած և նույնիսկ մտահոգություն է արտահայտում:
Հուշարձանը տեղնուտեղը դարձյալ փակեցին, իսկ ավելի ուշ փոխարինեցին խորանարդի վրա գունդ պատկերող վերացական քանդակով: Ամեն ոք քանդակի մեջ տեսնում էր այն, ինչ ինքը կամենում էր, իսկ հոգեբուժությունը այդուհետ ևս կարող էր անխաթար զարգանալ:

%d bloggers like this: