ԻՆՉՈ՞Ւ ՖԱՈՒՍՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱՏԱՆԱՅԻՆ
Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի և բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու և Ադամի ու Եվայի մասին:
Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին և հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:
Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց և կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաև սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին և միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:
Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առևտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:
Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի և Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:
Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է, որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:
Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը և սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «Ինձ խնձոր առ»:
Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.
— Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:
Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, և սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը: