Պահոց | 2:49 ա.

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

24 Մյս

Իրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, և մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը` միմիայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ` նրա ձգտումն առ վերականգնում, մինչև նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ: Բառի հազարադեմ ու միասնական օրգանիզմը հատվել էր առանձին բառերի, հնչյունների, առօրյա խոսքի և արդեն այդ նոր, գործնական կարիքների համար հարմարեցված ձևով հասել էր մեզ՝ որպես փոխըմբռնման միջոց: Բառի կյանքը, նրա զարգացումը փոխադրել էին այլ ուղիներ, դեպի կենցաղային գործնականությունը, ենթարկել էին այլ օրենքների: Սակայն ամեն անգամ, երբ գործնականության խստաշունչ հրամայականները ինչ-ինչ պատճառներով թուլանում են և ճնշումից ազատ խոսքը թողնում են ազատ՝ վերադարձնելով վաղեմի իրավունքները, նրան մեկեն համակում է ետդարձի տենչը, և բառը ձգտում է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ դեպ իմաստի լիությունը: Բառի այդ տենչն առ հարազատ օրրանը, նրա կարոտն առ վերադարձ, դեպի բառային նախահայրենիքը կոչում են հենց բանաստեղծություն:

%d bloggers like this: