Պահոց | 8:22 ե.

ՌԱԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ

22 Մյս

ԵԹԵ…

Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը
Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։

Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,
Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,
Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,
Եվ նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչներին,
Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,
Որն աղավաղել է խարդախ սրիկան՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,
Կամ նույն կերպ տեսնես, որ քանդված է այն ամենը, որոնց նվիրել ես քո կյանքը,
Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանք վեր խոյացնես։
….
Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝
Միայն մի անգամ վիճակ գցելով,
Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից
Եվ երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,
Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին
Երկար ծառայել քո նպատակներին, մինչև իսկ եթե դրանք արդեն սպառվել են,
Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ, բացի քո կամքից, որն ասում է.
«Շարունակի՛ր»։
….
Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով
Ողջախոհության քո արժանիքը,
Եվ նաև չկորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,
Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,
Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ, ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,
Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել
Անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,
Քոնն է աշխարհը և այն ամենը, ինչ կա մեջ,
Եվ դեռ ավելին՝ այդժամ ես դու մարդ, որդի՛ս։

Թարգմ. Յուրա Գանջալյան

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

22 Մյս

… Հարցնենք մեզ ամենայն հնարավոր անկեղծությամբ. մի՞թե այս ամառ մեզ մոտ չվող ծիծառը նույնը չէ, որ պտույտ էր գալիս դեռևս աշխարհի արշալույսին, և մի՞թե այդ ժամանակաընթացքում արարման հրաշքը ոչնչից իսկապես կրկնվել է միլիոն անգամ, որպեսզի ի զվարճանս ամենքի՝ այդչափ էլ բազմիցս չքանա առ բացարձակ ոչինչը: Թող ինձ խև համարեն, եթե ես սկսեմ հավատացնել, որ իմ առջև խաղացող կատվիկը հենց նույնն է, որ ցատկոտում ու մագլցում էր այստեղ երեք հարյուր տարի առաջ, սակայն մի՞թե առավել խելացնորություն չէ նրան բացարձակ ուրիշը համարելը…

%d bloggers like this: