Պահոց | 4:20 ե.

ՌՈԲԵՐՏ ԲՅՈՐՆՍ

13 Մյս

Երեկ խմեցի փառավորապես,
Տերն այդպիսի բախտ թող ձեզ էլ կամի…
Ու գիշերն ամբողջ մենակ եղա ես
Իմ Աննայի հետ, իմ ոսկեծամի:
Քաղցածի համար անապատի մեջ
Մանանան անգամ չունի այն համը,
Ինչ համբույրներն այն, որ ինձ պարգևեց
Իմ չքնաղ Աննան, իմ ոսկեծամը:

Նվաճիր, արքա, հարավ, արևելք,
Հնդու աշխարհից մինչև սավաննա,
Ես բաց չեմ թողնի իմ ձեռքից երբեք
Այն մարմինը տաք, որ ունի Աննան:
Իմ ինչի՞ն է պետք ձեր բարձրատոհմիկ
Գեղուհիների փայլն ու պճրանքը,
Երբ որ ինձ գրկում, շոյում է մեղմիկ
Ոսկեծամ Աննան, իմ ներշնչանքը:

Թող որ չծագի արևը ոսկի,
Թող կորչի անգամ ինքը՝ Դիանան,
Թող չշողշողան աստղերը իսկի,
Երբ որ ինձ հետ է ոսկեծամ Աննան:
Գիշերվա խավար, ծածկիր իմ աչքից
Մոլորակների ցոլցոլանքը սին
Եվ հրեշտակի մի փետուր տուր ինձ,
Որ երգով պատմեմ Աննայի մասին:

ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

13 Մյս

Քիչ բան կա արդյո՞ք, որ ես սիրում եմ: Բայց արդյո՞ք միշտ եմ ես հակված սիրո: Կարծում եմ, ես իրավունք ունեմ ժամանակ առ ժամանակ վատ տրամադրություն ունենալ, ինչպես և ուզածդ այլ մի մարդ: Այդպիսի բաներ ում հետ ասես պատահում են: Երբեք ատելություն չապրելով, կկարողանայի՞ ես արդյոք ինչ-որ բան սիրել: Բերկրանքները չեն սպառվում, սակայն դառնությունները նույնպես, ես կգտնեի, թե ինչ պատասխանել այդ առթիվ… Քեզ հետ պատահե՞լ է, որ հիասթափեցնելով ինչ-որ մեկին, դու դրանից ուրախացել ես: Մարդն ունա՞կ է դրան: Օ՜, մարդը շատ բանի է ընդունակ: Այո, նրա հետ շատ տարօրինակ բաներ կարող են պատահել: Իսկ այն մասին, թե ինչքան բան կա տարօրինակի և պարզունակի միջև, նույնիսկ չեմ էլ հիշատակի: Այստեղ ես դիտավորյալ խոսում եմ պարապ բաներից: Լավ մնա: Բարությունն անգետ է, բայց դու, համենայն դեպս, հնարավորինս պահպանիր քո մեջ ձգտումն առ այն:

%d bloggers like this: