Պահոց | 7:29 ե.

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

11 Մյս

ԿԻՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Լճի ջրերը թույլ պեծկլտում էին: Ասես հին արհեստական լճակի նեխած ջուրը` լուսնի արտացոլանքով: Այն ափին անլսելի այրվում էր անտառը: Աչքդ ուր կտրեր, ամենուր կրակ էր: Հրդեհ լեռնանտառում: Հրշեջ մեքենան գեղեցիկ արտացոլվում է ջրում: Այն նման էր խաղալիքի:
Լեռան ստորոտը սև էր` դրանով բարձրանում ու բարձրանում էին մարդիկ:
Օդը թափանցիկ է և կարծես թեթևակի չորացած:
Քաղաքի լեռնատակի շերտը կրակի հոսք էր թվում:
… Նա առանձնացավ մարդկանց խմբից և սկսեց իջնել: Իջնում էր միայն նա:
Ինչ-որ անասելիորեն լուռ էր:
Ես տեսա, թե նա ինչպես է գնում դեպի կրակի ծովը: Ես ինձ վատ զգացի:
Եվ այդ պահին ես հանկարծ պարզ լսեցի, թե ինչպես եմ նրա հետ խոսում: Սակայն նա լռում էր:
— Ինչո՞ւ ես դու իջնում: Դու ուզում ես այրվե՞լ:
— Ոչ, ես չեմ ուզում մահանալ: Բայց քաղաքի արևմտյան մասում քո տունն է: Այդ պատճառով ես դեպի արևելք եմ ուղևորվում:
Նրա մարմնի սև կետն ասես շամփրեց հրով լցված աչքերս: Ես բացեցի աչքերս: Արցունքներ եկան:
Ինձ հասկանալի դարձավ, թե ինչու նա չէր ուզում գնալ այնտեղ, ուր իմ տունն էր: Թող նա մտածի՝ ինչ ուզում է: Իսկ ես հանկարծ գլխի ընկա: Ես, առանց որեւէ կապի այս կնոջ հետ, ուզում էի մտածել, դե թող որ նրա զգացմունքներն իմ հանդեպ պաղել են, և նա ոնց որ թե այլևս ոչ մի սեր չի զգում, բայց ինչ-որ տեղ նրա հոգու խորքում մնացել է սիրո կաթիլը: Կարելի էր ծիծաղել իմ զգացմունքների վրա, բայց ես թաքուն ուզում էի, որ ամեն ինչ հենց այդպես լիներ:
Այո, դա տեսիլք էր: Բայց մի՞թե ես իրոք ենթադրում էի, որ նրա սրտում ոչ մի կաթիլ կարեկցանք չի մնացել:
Տեսիլքը` իմ զգացմունքներն էին: Նրա զգացմունքներն էին, որ տրվել էին ինձ երազում` իր զգացմունքները, որ սնուցել էի ես: Եվ թող որ երազիս մեջ չկար կիրք ու սիրո հրճվանք…
Ես միայնակ ու տրտում էի:

%d bloggers like this: