Պահոց | 6:15 ե.

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

9 Մյս

ՍԱ ԵՐԿԻՐ ՉԻ ՈՒ ՉԻ ԷԼ ԴԱՌՆԱ ՄՈՏԱԿԱ 50 ՏԱՐՈՒՄ

Ընտրություններն արդեն ավարտված են, ընտրակեղծիքներով թե ընտրակաշառքներով, դրանք արդեն իրողություն են: Թե որքանով էր կանխատեսելի ընտրությունների նման ընթացքը, որքանով էր այն մոտ ազատ, արդար կոչվելուն, կարծիքները տարբեր են: Գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանի համար ամենացավալին ոչ այնքան նախօրեին ընտրությունների արդյունքներն էին, որքան այն փաստը, որ «մենք վերջնականապես կորցրել ենք զարմանալու ընդունակությունը: Մեզ այլեւս ոչինչ անակնկալ չի թվում: Եվ սիրտս չի ցավում նրանց համար, ովքեր լվանում են իրենց ձեռքերն ու սպասում ջրհեղեղի: Եվ դառնություն չկա այն բանից, որ վաղը կլինի երեկվա պես: Եվ ափսոսանք չի հարուցում, որ դու ներկա ես այնքան, որքան բացակա ես: Եվ հավատը սոսկ 5 տառի համադրություն է: Եվ էջը ջնջելու ու ամեն բան նորից սկսելու հեռանկարից ոչ ոք չի փշաքաղվի: Ու հենց այս համատարած սառնության մեջ է մխրճվել-մնացել այն վերջին լուսավոր կետը, որից կառչելով, դեռ կարելի էր ինչ-որ բան փրկել: Ես հուսահատված չեմ: Միայն չեմ հասկանում, որ եթե հուսահատված չեմ, այդ դեպքում ի՞նչ պատահեց հույսին»:

Հեղինակ՝ Սոնա Ադամյան

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

9 Մյս


ԴԱՐՎԻՆԻԶՄԻ ՀԵՐՔՈՒՄԸ

Ասում են՝
մարդը կապկից է սերել։
Ասում են սակայն՝
Կապիկների մեջ ձախլիկներ չկան,
Իսկ որտեղի՞ց են ձախլիկ- ձախերն այս։
Ումի՞ց են սերել …

21. 03. 64
Դիլիջան

ՎԻԿՏՈՐ ԳՈԼՅԱՎԿԻՆ

9 Մյս

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԵԶԱՆԻ ՄԻ ՆԿԱՐԻ, ՏՂԱՅԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՎԱՃԱՌՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Տարօրինակ մարդ էր Պոլ Սեզանը: Նկարում էր չտեսնված գեղեցկության մի կտավ, մեկ էլ հանկարծ նրան դուր չէր գալիս: Եվ նա դանակով կտրատում էր այն` ահա այսպես` մեկ-երկու, և պատուհանից նետում էր: Իսկ արվեստանոցի պատուհանը նայում էր այգուն: Այգում հաճախ երեխաներ էին խաղում: Նրանք Պոլ Սեզանի նետած կտավներից վահաններ ու զրահներ էին սարքում և ճիչ ու սուլոցով վազվզում էին այգում: Նրանք փայտիկներով ծակծկում էին գեղանկարչությունը, կտավներից նավակներ էին պատրաստում ու նետում դրանք ջրափոսերի մեջ: Միայն մի փոքրիկ տղա, որ դիմացն էր ապրում, մի անգամ գտավ Սեզանի կտավը և բերեց այն տուն: Տղայի մայրը շատ կռվազան էր, հենց կտավը տեսավ` ճչաց. «Էս ինչ զիբիլ ես տուն բերում»: Եվ պատուհանից այն դուրս նետեց:
Փողոցով անցնում էր շուկա գնացող կանաչավաճառուհին: Նա վերցրեց ճանապարհին ընկած կտրատված կտավն ու դրեց իր սայլակի մեջ: «Սրանք շատ գեղեցիկ ծաղիկներ են,- որոշեց նա,- ես դրանք կկախեմ իմ տանը»:

ՆԱՋԻՊ ՄԱՀՖՈՒԶ

9 Մյս

Ես երբեք չեմ համաձայնի մեծագույն փիփսոփա Կանտի հետ, որը համարում էր, թե բարին հաղթում է չարին լոկ մեկ այլ աշխարհում Ո՛չ, բարին ամեն օր է հաղթանակներ տանում: Չարն առավել թույլ է, քան մենք պատկերացնում ենք. բազմիցս թույլ է բարուց։ Եվ դրա մեծագույն ապացույցը կա։ Եթե բարին չհաղթեր, մարդը չէր կարողանա դիմակայել վայրի բնությանը, տարերային աղետներին, համաճարակներին, սարսափին և էգոիզմին։ Ավելին կասեմ՝ եթե բարին չհաղթանակեր, մարդկությունն անկարող կլիներ զարգանալ, միավորվելով ազգ դառնալ, հայտնագործել տեխնիկայի նորանոր հրաշքներ, յուրացնել Տիեզերքը, հռչակել մարդու իրավունքները։ Թեև ճիշտ է, չարը ցավեցնող է և աղմկոտ, իսկ մարդուն հատկանշական է ավելի շատ հիշել իր վշտերն ու դժբախտությունները, քան ուրախությունները։ Իրավացի էր մեր մեծ բանաստեղծ Աբու-լա-Ալյան, ասելով՝ մահվան ժամի թախիծը քանիցս ուժեղ է ծննդյան ժամի խնդությունից։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

9 Մյս

Չեն լինում տոներ, որոնք ինչ-որ մեկինն են: Տոնը բոլորինն է: Չեն լինում հաղթանակներ, որոնք պատկանում են առանձին մարդկանց: Հաղթանակը բոլորի վաստակն է: Սակայն լինում են անհատներ, որոնց համար օրն ու հաղթանակը դառնում է նրանց ճակատագիրը: Պատերազմը Վազգեն Սարգայանի ճակատագիրն էր: Բայց ոչ նրա կյանքը: Կյանքը խաղաղությունն էր: Կյանքը հաշտությունն ու ներդաշնակությունն էր աշխարհի հետ: Կյանքը ամենքի պես ու ամենքի հետ ապրելու ցանկությունն էր:
Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Սարգսյանի երեք բացառիկ լուսանկարներ՝ արված տարբեր տարիներին: Եթե նույնիսկ սրանք ակնթարթներ են մեծ ժամանակի մեջ, ապա այդ ակնթարթները մեզ կհուշեն պարզագույն մի ճշմարտություն՝ պետք է իմանալ նախ մարդուն, ապա նոր հերոսին:

Հ. Չարխչյան


%d bloggers like this: