Պահոց | 12:57 ա.

ԽՈՒԱՆ ԿԱՌԼՈՍ ՕՆԵՏՏԻ

3 Մյս

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի մտահոգվում այդպիսինը լինելու համար:
Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա միայն վախենում է, երբ իր գրպանին են սպառնում:
Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը:
Երբեք մի՛ գրեք մտածելով քննադատության, բարեկամների կամ հարազատների, անուշիկ հարսնացուի կամ կնոջ մասին: Մի՛ մտածեք անգամ ենթադյալ ընթերցողի մասին:
Ոչ մի բանի մի՛ զոհաբերեք գրականության անկեղծությունը: Ո՛չ քաղաքականությանը, ո՛չ հաղթանակին: Միշտ գրե՛ք այն լուռ ու անողոք ուրիշի համար, որ կրում ենք մեր ներսում, և հնարավոր չի լինի խաբել:
Մի՛ հետևեք մոդաներին, աղերսեք սուրբ ուսուցչին մինչև երրորդ աքլորականչը:
Մի՛ սահմանափակվեք արդեն հռչակ ձեռք բերած գրքերը կարդալով: Պրուստն ու Ջոյսն արհամարհված էին, երբ քթները դուրս հանեցին, այսօր հանճարներ են:
Մի մոռացեք իրավացիորեն հայտնի արտահայտությունը՝ երկու անգամ երկու հավասար է չորսի: Բայց՝ իսկ եթե հանկարծ հի՞նգ լիներ:
Մի՛ արհամարհեք արտասովոր շարադրանքով թեմաները, ինչպիսին էլ լինի նրանց ծագումը: Գողացե՛ք, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Միշտ ստե՛ք:
Մի՛ մոռացեք, որ Հեմինգուեյը գրել է. «Ես իմ վեպի անգամ արդեն պատրաստ հատվածներն ընթերցեցի, որն, ըստ էության, ամենանվաստ բանն է, մինչև ուր կարող է իջնել գրողը»:

Թարգմ. Կ. Չոբանյան

ԴԵՐԵՔ ՈՒՈԼՔՈՏ

3 Մյս

ՍԵՐԸ ՍԻՐՈՒՑ ՀԵՏՈ

Գալու է ժամն այն,
երբ հիացումով
պիտ հանդիպես քեզ
քո դռների մեջ և հայելում քո
ու ամեն մեկը տակտի տակ պիտի ժպտա մյուսին,

ասի` մոտ նստիր: Երգելու ես:
Դու կրկին կսիրես
ուրիշին, ով մի ժամանակ հենց դու ես եղել:
Մի կտոր հաց տուր: Գինի տուր: Ողջ սիրտդ տուր –
քե՛զ, ուրիշին, ով քեզ սիրել է

իր ամբողջ կյանքում, ում դու լքել ես հանուն ուրիշի,
նրան, ով որ քեզ բերանացի գիտի:
Հանիր դարակից տրցակը հրդեհող նամակների,

տվայտող նոթերի, լուսանկարների,
քո պատկերների թաղանթը պոկիր հայելուց:
Ու նստիր – հանգիստ առ: Ցնծացրու կյանքը:

Թարգմ. Շ. Մկրտչյան

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

3 Մյս

Մի մով իրիկուն, լուսնյակ իրիկուն
Ես էլ եմ եղել ջահել ու սիրուն…
Բայց անբռնելի ու անվերադարձ
Ամեն ինչ թռավ, ամեն ինչ գնաց:
Ցրտացավ այնպես սիրտս կրծքիս տակ,
Լուսնյակ գիշերներ, բախտ իմ կապուտակ:

%d bloggers like this: