Պահոց | 10:07 ե.

ՎՈՎԱ ՓՂԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԱԽՃԱՆԸ

14 Ապր

1970 թվականին Երեւանում արտառոց և սենսացիոն իրադարձություն էր արձանագրվել՝ Կենդանաբանական այգուց փախել էր Վովա անունով փիղը: Նա դուրս էր եկել այգու տարածքից, իջել Մյասնիկյան փողոցով և համարյա թե հասել փողոցի սկիզբում գտնվող կամրջին: Այդ փաստի ականատեսները շատ են եղել, բազմաթիվ երևանցիներ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է փիղը քայլում փողոցում և, վերջիվերջո, թե ինչո՞վ են ավարտվելու իշխանությունների՝ փղին գազանանոց վերադարձնելու ջանքերը: Լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանն, ով փղի փախուստի լուրին սկզբում չի հավատացել՝ մտածելով, որ կատակ է, պատմում է. «Այնքան շատ մարդ էր քայլում փղի ետևից, կողքերից և առջեւից, որ նույնիսկ պատկերացնելն է դժվար: Փղի ետևից քայլող մարդիկ երեք մետր էին համարձակվում մոտենալ Վովային, իսկ առջևի մարդիկ՝ 20 մետր: Կատաղած փիղն աջ ու ձախ էր թեքում գլուխը, և մարդիկ կայծակնային արագությամբ ետ էին վազում, ազատում փղի դիմացի տարածությունը: Փողոցում սարի նման մի հատված կա, մարդիկ հասցնում էին մագլցել այդ սարը, թեև մինչեւ հիմա էլ չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում, այդ սարն անկարելի էր բարձրանալ»: Վովան անկառավարելի էր, մեքենաներ էր շրջում, ժանիքներով տրոլեյբուսներ ճեղքում, անընդհատ մարդկանց վնասելու վտանգ կար: Ամբոխից և անսովոր ազատությունից խենթացած հսկա կենդանուն պետք էր Կենդանաբանական այգի վերադարձնել: Բայց ինչպե՞ս: Փողոցում զինվորների խումբ էր տեղակայվել և «ԲՏՌ» էր բերվել: «Սկզբում փորձում էին «ԲՏՌ»-ով հրել փղին, բայց ոչինչ չէր ստացվում: Վովան մեր հիմիկվա փղի նման չէր, իսկական հսկա էր: «ԲՏՌ»-ով հրելով` նրան կարողացան այգու դարպասների մոտ բերել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում այգու տարածք վերադարձնել»,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: Քնաբեր հեղուկով փամփուշտներ չկային, և որոշում է ընդունվում ոչնչացնել փղին: Կրկակահերթ է արձակվում, բայց վիրավոր փիղը չի դադարում վտանգավոր լինել և ոչ մի կերպ չի ցանկանում մահանալ…
Նա այս ու այն կողմ է վազում, թեև փամփուշտներից մեկն ուղիղ գլխին էր դիպչել: Վովային շրջափակում են և պատին սեղմում, որից հետո «ԲՏՌ»-ը քշում են ուղիղ նրա վրա… Տեսարանը դաժան էր: Հ. Բաղդասարյանը հիշում է, որ նույնիսկ «ԲՏՌ»-ի ճնշման տակ Վովան դեռ մի քանի ժամ ապրել է. «Նայում էին ու տեսնում, որ դեռ շնչում է, այդպիսի հսկային սպանելը հեշտ չէր»: Վովայի արյունոտված դիակը, միևնույն է, Կենդանաբանական այգի վերադարձվեց և այլ կենդանիների համար սնունդ դարձավ:
Վովա փղի մասին երեւանցիները մինչ օրս հիշում են և լեգենդներ են հորինում, թե ինչու էր Վովան բարկացել և փողոց դուրս եկել: Իսկ Վովայի անձնական վարժեցնող Իվանն այդ դաժան պատահարից հետո չլքեց Հայաստանը և շարունակեց աշխատել Կենդանաբանական այգում:
Սոցիալիստական երկրին ոչ հարիր այս պատմությունը հետաքրքիր շարունակություն ունեցավ: Թեև շատ հայ լուսանկարիչներ լուսանկարել էին Վովայի կյանքի վերջին ժամերը, միևնույն է, հաջորդ օրը կենտրոնական թերթերը գրեցին, որ Երևանի Կենդանաբանական այգուց փախած փղին հաջողվել է ետ վերադարձնել, և նա այժմ իր տեղում է գտնվում: «Մոսկվայից մեզ զանգահարում էին ու ուզում էին փղի վերադարձի մասին լուսանկարներ ստանալ,- պատմում է Հերբերտ Բաղդասարյանը: -Մենք ասում էինք, որ փիղը սպանվել է, սակայն վերադարձի մասին լուրը չհերքվեց, քանի որ փաստն արդեն տպագրվել էր սովետական կենտրոնական մամուլում: Հետո արդեն Վովայի վախճանի մասին գրեցին արտասահմանյան թերթերը»:

Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

14 Ապր

«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել — թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը: Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը — եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»

ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ

14 Ապր

Մի անգամ Նեպալում ես ինքս սաստիկ ցնցվել էի՝ տեսնելով մի ձի ու փիղ, որ նախատեսված էին միայն Նեպալի մահարաջայի ուղևորությունների համար, և թվում էր, թե կենդանիները գիտակցում էին, թե դա ինչ հեծյալ է: Նրանց սեփական արժանապատվության զգացողությամբ դուք կարող էիք տեսնել, որ նրանք գիտեն, թե ում են պատկանում: Ձիու ամեն մի շարժման մեջ, փղի նետած ամեն մի հայացքում դուք կարող էիք զգալ մահարաջայի ներկայությունը: Եվ ոչ միայն դա, այլ այն ամենը, ինչ պատկանում էր մահարաջային` ցավը կամ հաճույքը, կյանքն ու զգացողությունները` ամեն ինչ, թվում էր, գրանցված էր փղի մեջ: Իսկ ամենաանսպասելի բանն ահա թե ինչն էր. այդ փիղը չափով մյուս փղերից մեծ չէր, իսկ հաճախ հենց չափսն է փղին արժանապատվություն տալիս, և ձին էլ մյուս ձիերից մեծ չէր: Բայց այստեղ չափը նշանակություն չուներ, դա այն ոգին էր, կյանքը, որ դրսևորվում էր այդ կենդանիների մեջ, որ արտահայտում էին այն զգացողությունը, որ բուն էր դրել նրանց սրտերում:
Դա մեզ արթնացնում է մտքի այլ դաշտի համար, այսինքն` այն բանի, որ հատկապես կարող է մարդու մեջ կապ ստեղծել վսեմ կամ ստորաքարշ մարդու հետ: Նա, ով կապված է, ունի խառնուրդը նրա, ում հետ կապված է, եւ թրթռում է այն բանով, ինչով նա կապված է, և դուք միշտ կարող եք լսել, թե ինչպես է դա խոսում մարդու մթնոլորտում, նրա դրսևորումներում, նրա խոսքում ու արարքներում: Մարդ, որքան էլ երջանիկ լինի, կունենա վշտի մեղեդային թեման, եթե նա կապված է մեկի հետ, ով դժբախտ է: Այն շարունակվում է, այն երգում է իր երգը ողջ սիմֆոնիայից առանձին, այն ունի իր սեփական տոնայնությունը, դուք միշտ կարող եք տարբերել այն: Իմաստուն մարդը, ով կապված է տխմարի հետ, համանման թեմա ունի: Դա միանգամայն այլ մեղեդի է, այն այլ բանալիով է, այն այլ բարձրություն ունի, որ նախնական երգից տարբեր է:

%d bloggers like this: