ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

1 Ապր

Գլխավորը, որ մարդուն ուսուցանում է կյանքը, այն չէ, որ աշխարհում գոյություն ունի տառապանք, այլ այն, որ իրենից է կախված` տառապանքն իր համար բարիք կդարձնի՞ արդյոք, կդարձնի՞ արդյոք բերկրանք: Չի կարելի ասել, թե մենք ամենևին չենք յուրացրել կյանքի այս դասը, չէ՞ որ աշխարհում չկա մեկը, ով ինքնակամ համաձայնել է հրաժարվել տառապելու իր իրավունքից, քանզի այն հավասարանշանակ է մարդ լինելու իրավունքին։ Մի անգամ աղքատ գործավորի կինը դառնորեն գանգատվեց ինձ, որ իր ավագ որդուն պատրաստվում են մի քանի ամսով ուղարկել հարուստ ազգականի մոտ: Նրան ցնցել էր հատկապես իր հոգսերը թեթևացնելու բարի մտադրությունը, չէ՞ որ ծայրը ծայրին հազիվ էր հասցնում, բայց նա չէր պատրաստվում հանուն նյութականի հրաժարվել մայրական սիրո իր անկապտելի իրավունքից: Մարդկային ազատությունը երբեք դժվարություններից ազատվելու խնդիր չի դրել, դա դժվարությունները կրելու և դրանք բերկրանքի մաս դարձնելու ազատություն է։ Այդպիսի ազատության մենք հասնում ենք, երբ գիտակցում ենք, որ մեր անհատական էությունը կեցության բարձրագույն նպատակը չէ, որ մենք մեր մեջ կրում ենք համաշխարհային էությունը, իսկ այն հավերժական է, չի երկնչում տառապանքներից և դրանք դիտարկում է որպես բերկրանքի հակառակ երես: Նա, ով հասկացավ այս ճշմարտությունը, գիտի, որ հատկապես տառապանքն է ճշմարիտ հարստությունը այնպիսի անկատար արարածների, ինչպիսիք մենք ենք, և տառապանքն է, որ վեհացրել է մեզ և արժանի արել կանգնելու կատարյալների կողքին: Նա գիտի, որ մենք թշվառներ չենք, և տառապանքը մեր ծանր վճարն է այն ամենի դիմաց, ինչը արժեքավոր է այս կյանքում` ուժի, իմաստության, սիրո դիմաց, տառապանքը խորհրդանշում է կատարելության հասնելու անսպառ հնարավորությունը, երջանկության մշտական բացահայտումը. այն մարդը, որ իսպառ կորցրել է կյանքի բերկրանքը, հենց որ վրա է հասնում աղետը, գահավիժում է ավելի ու ավելի` մինչև հոգևոր սնանկացման վերջին աստիճանը: Միայն այն դեպքում, երբ մենք ինքնազմայլանքի համար ենք օգնության կանչում ցավին, այն դառնում է չարիք, վրեժխնդիր լինում իրեն հասցված վիրավորանքի դիմաց, դատապարտելով մեզ տանջանքների։ Քանի որ նա վեստալուհի է, ում սրբազան կոչումն է ծառայել կատարելությանը, և զբաղեցնելով իր օրինական տեղը հավիտենության զոհասեղանի մոտ, նետում է սև գլխաշորը և իր պատկերին արժանացած ականատեսի դիմաց բաց անում իր կերպարանափոխված դեմքը` համակված գերագույն հրճվանքով։

Թարգմ. Գ. Դավթյան

One Response to “ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ”

  1. Susanna Nidelyan 13 Սեպտեմբերի, 2014 at 12:44 ա. #

    sirum em Tagorin, aydqan harazat der voreve mtacox chi exel im hogun, ete mrcakcutyunic durs hamarenq Astvatsashunch@

Թողնել մեկնաբանություն