Պահոց | Մարտի, 2012

ՎԻԿՏՈՐ ԷՄԻԼ ՖՐԱՆԿԼ

11 Մրտ

Լինել մարդ՝ նշանակում է մշտապես ուղղորդված լինել դեպի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բանի, տրվել այն գործին, որին նվիրվել ես և այն մարդուն, որին սիրում ես: Կյանքը կամ ունենում է իմաստ կամ չի ունենում: Ունենալու պարագայում իմաստը չի կարող անհետանալ ոչնչից, ինչը կարող է տեղի ունենալ: Իսկ եթե իմաստը չկա, ապա սա ևս ոչ մի կախում չունի կատարվող իրադարձություններից:
Այս դարում, երբ տասը պատվիրանները կարծես թե արդեն շատերի համար կորցրել են իրենց իմաստը, մարդը պիտի պատրաստ լինի նրան, որ ընկալի 10 հազար պատվիրան՝ կնքված այն 10 հազար իրավիճակներում, որոնց հետ նա բախվել է իր կյանքում: Այդ ժամանակ ոչ միայն կյանքն ինքը նրան կթվա վերաիմաստավորված (իսկ իմաստավորված նշանակում է՝ գործերով լեցուն), այլև հենց ինքը ձեռք կբերի իմունիտետ կոնֆորմիզմի ու տոտալիտարիզմի՝ էքզիստենցիալային վակուումի այդ երկու հետևանքների նկատմամբ:
Հաջողության պակասը երբեք չի նշանակում կյանքի իմաստի կորուստ:

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

11 Մրտ

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

9 Մրտ

Մարդկային սիրո պատմությունը պարտության պարտություն է: Ինձ թվում է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հուսահատությունը, մի ստվեր, որ հետապնդում է մեր ինքնավստահությանը, մեր խաղաղ ներկային: Իսկական ազատությունը սկիզբ է առնում հուսահատությունից այն կողմ: Ես ինքս եմ իմ ազատությունը: Ես ինքս եմ իմ անցյալը, և եթե ես չկամ, իմ անցյալը չի կարող գոյատևել ինձնից կամ ինչ-որ բանից առավել: Այն այլևս կապ չի ունենա ներկայի հետ: Դա որոշակիորեն չի նշանակում, թե այն գոյություն չի ունենա, այլ միայն այն, որ նրա լինելությունը փակ կլինի: Ես միակն եմ, ում մեջ իմ անցյալը առկա է այս աշխարհում:
Մենք արժեքներ ենք հորինում, քանի որ ապրիորի կյանքն անիմաստ է: Այդ մենք ենք, որ նրան իմաստ ենք հաղորդում:

ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ

8 Մրտ

Ես չեմ խոսել մարդու բացարձակ կատարելության մասին, ես ասել եմ միայն, որ մարդը կհաղթանակի, և դրա համար նա պետք է փորձի դառնալ ավելի լավը: Մարդիկ կգոյատևե՞ն, արդյոք, մինչ այն ժամանակները, երբ մարդը կհասնի բացարձակ կատարելության` չգիտի ոչ ոք: Սակայն մարդն ավելի լավն է դառնում, քանի որ առաջընթացի միակ այլընտրանքը մահն է: Մարդը կդիմանա սեփական ինքնաքայքայման դեմ պայքարում:
Իմ պատկերացմամբ` չկան բացարձակ վատ կամ բացարձակ լավ մարդիկ, բոլոր մարդիկ, իմ կարծիքով, ձգտում են լինել ավելի լավը, քան իրենք կան իրականում, և երբեմն դա նրանց հաջողվում է: Եվ երբ անհրաժեշտ է լինում մարդու մեջ որոշակի հատկանիշ պատկերել, ես սովորաբար այն գտնում եմ: Մարդն ինչ-որ մի պահ երևում է անբարենպաստ տեսքով, բայց ինձ թվում է, որ դա ոչ մի ձևով չի քայքայում անհատականությունը, նրան վնաս չի հասցնում:

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

8 Մրտ

ԿԵՍ ԱՇԽԱՐՀ` ՎԱՐՍԵՐԻ ՄԵՋ

Թույլ տուր շնչեմ, երկար, երկար շնչեմ վարսերիդ բույրը, հայացքս սուզեմ նրանց մեջ, ինչպես ծարավից այրվողը` աղբյուրի ջրում, և մի բուրավետ թաշկինակի պես ափիս մեջ ծածանեմ դրանք, որպեսզի օդում թևածեն հուշեր:
Եթե իմանայիր այն ամենը, ինչ ես տեսնում եմ, ինչ ես զգում եմ, ինչ ես լսում եմ քո վարսերի մեջ: Հոգիս ճամփորդում է բուրմունքի մեջ, ինչպես այլոց հոգին` երաժշտության գրկում:
Քո վարսերի մեջ կա մի երազանք` լի կայմերով ու առագաստներով, կան վիթխարի ծովեր, որոնց մուսոն քամիները տանում են ինձ դեպի չքնաղ եզերքներ, ուր տարածությունն ավելի խորն է, առավել կապույտ, ուր մթնոլորտը ծաղիկների, մրգերի ու մարդկային մաշկի բույրով է հագեցած:
Քո վարսերի օվկիանոսի մեջ ես նշմարում եմ մի նավահանգիստ, ուր հնչում են մելամաղձոտ երգեր, ուր խռնվում են բոլոր ազգերի քաջակորով մարդիկ և ամեն տեսակի նավեր, որոնց նրբարվեստ ու բազմաձև կառուցվածքները գծագրվում են անհուն երկնի վրա, ուր հավերժական ջերմությունն է անհոգ թավալվում:
Քո վարսերի գգվանքներում ես վերապրում եմ այն թալկությունը, որ տևում է ժամեր շարունակ բազմոցի վրա, ծաղկամանների ու զովացուցիչ հյութերով լեցուն անոթների միջև, խցերից մեկում մի գեղեցիկ նավի, որ օրորվում է նավահանգստի թեթև ծփանքից:
Քո վարսերի այրվող հնոցում ես շնչում եմ ափիոնով ու շաքարով խառը ծխախոտի բուրմունք. քո վարսերի գիշերվա մեջ ես տեսնում եմ, թե ինչպես է շողում մերձարևադարձային լազուրի անեզրությունը, վարսերիդ աղվամազ ափերին ես արբում եմ խեժի, մուշկի և կոկոսայուղի միախառն բույրերով:
Թույլ տուր կծոտեմ երկարորեն քո ծանր ու սև հյուսքերը, երբ կծում եմ քո անհնազանդ ու առաձգական մազերը, ինձ թվում է, թե ուտում եմ հուշեր: