Պահոց | 10:49 ե.

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

27 Մրտ

Ահագին երկար ժամանակ ապրել եմ՝ մտածելով, թե ես երբևէ գոյություն ունեցած ամենանորմալ մարդն եմ: Այս միտքն իմ մեջ անարտադրողության հակում, նույնիսկ կիրք առաջացրեց: Ի՞նչ իմաստ ուներ ի ցույց դնել արժանիքներս հիմարության ու զառանցանքի մեջ խրված, խելագարներով բնակեցված այս աշխարհում: Ո՞ւմ համար ծախսեի ուժերս և ի՞նչ նպատակով: Մնում է պարզել՝ արդյո՞ք լրիվ ազատվել եմ վերոհիշյալ համոզմունքից, որը փրկարար է բացարձակ առումով և կործանարար՝ ներկա պահին:
… Երբ մեզ հայտնում են ինչ-որ մեկի բացասական դատողությունը մեր վերաբերյալ, արժե, որ ջղայնանալու փոխարեն մտածենք, թե մենք որքան ենք չարախոսել ուրիշներին, և ընդունենք, թե արդար է, որ ուրիշներն էլ մեր նկատմամբ նույնն անեն: Ծիծաղելին այն է, որ չկա ավելի խոցելի, ավելի շուտ վիրավորվող, սեփական թերություններն ընդունելուն ավելի անընդունակ մարդ, քան չարախոսը: Հերիք է նրան փոխանցես իր մասին ասված ամենաաննշան բացասական կարծիքը, որ նա տիրապետումը կորցնի, կատաղի ու խեղդվի իր մաղձի մեջ:

Թարգ. Ն. Աբրահամյան

%d bloggers like this: