Պահոց | 7:36 ե.

ՈՒԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ

8 Մրտ

Ես չեմ խոսել մարդու բացարձակ կատարելության մասին, ես ասել եմ միայն, որ մարդը կհաղթանակի, և դրա համար նա պետք է փորձի դառնալ ավելի լավը: Մարդիկ կգոյատևե՞ն, արդյոք, մինչ այն ժամանակները, երբ մարդը կհասնի բացարձակ կատարելության` չգիտի ոչ ոք: Սակայն մարդն ավելի լավն է դառնում, քանի որ առաջընթացի միակ այլընտրանքը մահն է: Մարդը կդիմանա սեփական ինքնաքայքայման դեմ պայքարում:
Իմ պատկերացմամբ` չկան բացարձակ վատ կամ բացարձակ լավ մարդիկ, բոլոր մարդիկ, իմ կարծիքով, ձգտում են լինել ավելի լավը, քան իրենք կան իրականում, և երբեմն դա նրանց հաջողվում է: Եվ երբ անհրաժեշտ է լինում մարդու մեջ որոշակի հատկանիշ պատկերել, ես սովորաբար այն գտնում եմ: Մարդն ինչ-որ մի պահ երևում է անբարենպաստ տեսքով, բայց ինձ թվում է, որ դա ոչ մի ձևով չի քայքայում անհատականությունը, նրան վնաս չի հասցնում:

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

8 Մրտ

ԿԵՍ ԱՇԽԱՐՀ` ՎԱՐՍԵՐԻ ՄԵՋ

Թույլ տուր շնչեմ, երկար, երկար շնչեմ վարսերիդ բույրը, հայացքս սուզեմ նրանց մեջ, ինչպես ծարավից այրվողը` աղբյուրի ջրում, և մի բուրավետ թաշկինակի պես ափիս մեջ ծածանեմ դրանք, որպեսզի օդում թևածեն հուշեր:
Եթե իմանայիր այն ամենը, ինչ ես տեսնում եմ, ինչ ես զգում եմ, ինչ ես լսում եմ քո վարսերի մեջ: Հոգիս ճամփորդում է բուրմունքի մեջ, ինչպես այլոց հոգին` երաժշտության գրկում:
Քո վարսերի մեջ կա մի երազանք` լի կայմերով ու առագաստներով, կան վիթխարի ծովեր, որոնց մուսոն քամիները տանում են ինձ դեպի չքնաղ եզերքներ, ուր տարածությունն ավելի խորն է, առավել կապույտ, ուր մթնոլորտը ծաղիկների, մրգերի ու մարդկային մաշկի բույրով է հագեցած:
Քո վարսերի օվկիանոսի մեջ ես նշմարում եմ մի նավահանգիստ, ուր հնչում են մելամաղձոտ երգեր, ուր խռնվում են բոլոր ազգերի քաջակորով մարդիկ և ամեն տեսակի նավեր, որոնց նրբարվեստ ու բազմաձև կառուցվածքները գծագրվում են անհուն երկնի վրա, ուր հավերժական ջերմությունն է անհոգ թավալվում:
Քո վարսերի գգվանքներում ես վերապրում եմ այն թալկությունը, որ տևում է ժամեր շարունակ բազմոցի վրա, ծաղկամանների ու զովացուցիչ հյութերով լեցուն անոթների միջև, խցերից մեկում մի գեղեցիկ նավի, որ օրորվում է նավահանգստի թեթև ծփանքից:
Քո վարսերի այրվող հնոցում ես շնչում եմ ափիոնով ու շաքարով խառը ծխախոտի բուրմունք. քո վարսերի գիշերվա մեջ ես տեսնում եմ, թե ինչպես է շողում մերձարևադարձային լազուրի անեզրությունը, վարսերիդ աղվամազ ափերին ես արբում եմ խեժի, մուշկի և կոկոսայուղի միախառն բույրերով:
Թույլ տուր կծոտեմ երկարորեն քո ծանր ու սև հյուսքերը, երբ կծում եմ քո անհնազանդ ու առաձգական մազերը, ինձ թվում է, թե ուտում եմ հուշեր:

%d bloggers like this: