Պատմություն ականջների մասին

10 Փտր

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում խոսքի և մամուլի ազատության ինդեքսը և նրա վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիքերը բարելավել է 24 տեղով, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստը սկսեց մի բոցաշունչ ու ծավալուն ելույթով, որի շարադրանքը եթե ձևակերպենք մեկ-երկու բառով, ապա կստացվի մոտավորապես այսպիսի մի բան. «Փառք ու պատիվ իմ ղեկավարած կառավարությանը, որն արձանագրեց նման առաջընթաց»:
Այսպիսի վարքագծից, ինչ խոսք, եփած հավի ծիծաղը կգա: Նրանք, ովքեր հիշողության կորստով դեռ չեն տառապում, անպայման կհիշեն բոլոր այն դեպքերը, երբ նույն կազմակերպությունը ամենայն խստությամբ «քլնգում էր» Հայաստանի իշխանություններին՝ խոսքի ազատության ու լրագրողներին հալածելու փաստերի առթիվ: Սակայն այն օրերին, չգիտես ինչու, հարգարժան վարչապետը երբեք փորձ չարեց դա ևս վերագրել իրեն և իր նպատակասլաց գործունեությանը: Դե երևի վաչապետները հենց նրա համար են, որպեսզի հաջողությունները վերագրեն իրենց, իսկ ձախողումների մեղքը բարդեն ուրիշների վրա: Սակայն նույնիսկ այս պարզագույն գործողությունը կարելի է անել ոչ այնքան միամիտ ու տափակ ձևով, ինչպես արվում է մեր երկրում:
Աշխարհում ամեն կարգի վստահելի ու կասկածելի կառույցներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են հանում համանման ցուցանիշներ: Եվ ոչ ոք երբեք չի պնդի, թե այդ կառույցները անաչառության մարմնացումն են: Սակայն քանի դեռ աշխարհի մի նշանակալի ու ազդեցիկ հատված հաշվի է նստում այդ տվյալների հետ, ապա մենք էլ, ուզենք, թե չուզենք՝ ընդունում ենք ասվածն ի գիտություն և ըստ անհրաժեշտության հետևություններ կատարում դրանցից:
Բայց հետևությունները լինում են երկու տեսակի՝ խելամիտ ու կառավարական: Երկրորդն առաջինից տարբերվում է նրանով, որ վատ ցուցանիշներն այնտեղ ընդունվում են սրերով, իսկ լավերի մասին սաղմոսներ են երգում:
Երբ տարեսկզբին «Մուդիս»-ի կողմից Հայաստանի վարկանիշը «կայուն»-ից իջեցվեց «բացասական»-ի, վաչապետն այդ առթիվ հոնքերը կիտեց ու ոչ մի ծպտուն չհանեց, թեև 2008 –ին նույն «Մուդուսը» մեր երկրի վարկանիշը ընդամենը մեկ աստիճանով բարձրացրել էր, սակայն դա էլ բավարար եղավ Տիգրան Սարգսյանին՝ հայտարարելու, թե դա «չափազանց կարևոր է մեզ համար, որովհետև ստեղծում է բարենպաստ պայմաններ` տնտեսական աճի ու ներդրումների ներգրավման համար»:
Հետո Forbes-ի կազմած վատագույն տնտեսությունների ցանկում Հայաստանը հայտնվեց երկրորդ տեղում ` զիջելով միայն Մադագասկարին (երրորդը Գվինեան էր): Այս ակնհայտ խայտառակությունը ծանր ապտակի պես մի բան էր գլուխգովան գործադիրի համար, քանի որ Forbes-ը նշում էր, որ մեր երկիրը չի կարողանում վերականգնվել ճգնաժամից հետո, Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է միանգամից 15 տոկոսով, բարձր է մնում գնաճը, իսկ ՀՆԱ-ն կազմում է երեք հազար դոլարից էլ պակաս մեկ բնակչի հաշվով: Եվ ի՞նչ: Forbes-ի դիտողությունն ընդամենը արժանացավ իշխանավորների քննադատությանն ու քամահրանքին: «Դրան հավատալ պետք չէ»,- ասացին նրանք:
Ապա պիտի մեջտեղ գար հեղինակավոր Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցունակության զեկույցը, ուր Հայաստանը աշխարհի 139 երկրների շարքում մրցունակության աստիճանով զբաղեցնում էր 98-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշները հատկապես վատ էին ֆինանսական շուկայի զարգացածության ու տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Ու դարձյալ երկրի պատասխանատուները փրփրեցին. «Սա չի համապատասխանում իրականությանը»:
Մի քանիսն էլ թվարկենք: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի (Global Peace Index — GPI) համաձայն, 149 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը: Համաշխարհային բանկի Doing bussines վարկանիշի համաձայն, 183 երկրների շարքում մեր վիճակն աննախանձելի էր հարկերի վճարման ենթաինդեքսով (159-րդ տեղ): Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած աշխարհի 183 երկրներում կոռուպցիայի դրսևորման ամենամյա վարկանիշային աղյուսակում Հայաստանը նախկին 123-րդ հորիզոնականից իջել էր 129-ը: Կարիք կա՞ ասելու, թե հայկական բարձրագույն չինովնիկությունն ինչպես արձագանքեց այս թվերին: Ասենք, նման արձագանքն այժմ դարձել է համատարած ու պարբերական: Բավական էր, որ Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանի իշխանությունները մեղադրվեին մարդու իրավունքների ոտնահարման համար, երբ արդարադատության նախարարը ոչ միայն կտրականապես դեմ հանդես եկավ, այլև հայտարարեց. «Հետընթաց գնահատելը ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլև անընդունելի: Ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ նստել ու հրապարակայնորեն ապացուցել այն օրենսդրությունն ու պրակտիկան, որ կա մեզանում, ինչը շատ ու շատ ավելի առաջընթաց է, քան մեզ թվում է»:
Նույն հիվանդագին հակազդեցությանն ականատես եղանք օրերս, երբ Oxford Analytica վերլուծական կենտրոնը համարձակվել էր քննադատել Հայաստանի զինված ուժերում առկա անընդունելի բարքերը: ՊՆ-ն իսկույն վրա տվեց, հերքող հայտարարություն տարածեց, իր նախարարի գովքն արեց:
Չէ, ինչ կուզեք ասեք, մարդկանց ականջները սովոր չեն մեղադրանքների ու քննադատության: Դրանք վարժված են միայն գովասանքներ ու փառաբանումներ լսելու համար: Իսկ եթե գովքը վերաբերում է ընդհանուրի միայն մի հատվածին, ուրեմն կլսվի հենց այդ հատվածը և ոչ ավելին:
Երբ Heritage Foundation կազմակերպության հրապարակեց իր զեկույցը, որտեղ ներկայացված էր Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը՝ 180 երկրների ցանկում զբաղեցնելով 36-րդ տեղը, դարձյալ լսելի եղավ Տիգրան Սարգսյանի ձայնի հիացական հնչերանգը: «Դա բավական լավ ցուցանիշ է», — նշեց վարչապետը։ Նա, իհարկե, ոչ մի բառ չասաց այն մասին, որ իրականում Հայաստանը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կորցրել էր 0,9 միավոր: Ի՞նչ մի մեծ բան է: Չասաց նաև, որ ըստ նույն Heritage-ի մասնագետների, Հայաստանում վատթարացել էր իրավիճակը կոռուպցիայից ձերբազատման, պետական ծախսերի և դրամավարկային քաղաքականության ազատության ոլորտներում: Սակայն ի՞նչ կարիք կար այդ մանրամասները հիշել ու փչացնել տոնական տրամադրությունը: Ժողովուրդն արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ իր հետ պահմտոցի են խաղում: Իսկ խաղի կանոնների համաձայն, լսել կարելի է միայն բարի լուրեր: Այնպես որ, ականջներդ ձայնի պահեք: Եթե հայհոյեն՝ խուլ ձևացեք: Իսկ եթե գովաբանեն՝ պարտքով ականջ խնդրեք կառավարությունից: Այնտեղ դրանից շատ կա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s