Վարչապետը խաբել է ժողովրդին

8 Փտր

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սրտի խորը կսկիծով և մեկ րոպե լռությունից հետո Հայաստանի ազգաբնակչությանը գուժեց այն մասին, որ Կարմիր բլուր հնավայրի ապագան թաղված է անթափանց մշուշի մեջ, դրա բարեկարգման ծրագիրը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ծրագիրը չափազանց թանկ և երկարաժամկետ է, իսկ պետությունը չի կարող իր վրա վերցնել բոլոր ծախսերը:
Պետության ծակ գրպանի թեման արագ շրջանցելուց հետո նա չզլացավ երկրորդ աղետի մասին էլ տեղեկացնել՝ պարզաբանելով, որ նույնիսկ հուշարձանի վրա լցված շինարարական աղբի չի մաքրվելու, քանի որ, պարզվում է, ինքը չի կարող «ամեն մետրի վրա մարդ կանգնեցնել, ով կհետևեր դրան»: Այս հարցում Հասմիկ Պողոսյանն անկեղծ է: Մեկը լինի՝ հսկի նրա ղեկավարած հաստատության աղտոտվածության աստիճանն ու այնտեղ կուտակված թափոնների ծավալները:
Բայց նույնիսկ սա չէ ամենամեծ դժբախտությունը, այլ այն, որ տիկին նախարարուհին իրենից անկախ գոտկատեղից ներքև մի ուժգին հարված հասցրեց անմիջական շեֆին՝ հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Դեռ շատերն են հիշում, թե ինչպես 2009 թվականի ցրտաշունչ մի առավոտ ամենակարող ու խորաթափանց վարչապետը՝ լրագրողների մի հսկա բանակի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Կարմիր բլուր: Նա կանգնեց դարավոր ավերակների վրա, մի երկար հայացք նետեց պատմության խորխորատներին, գնահատեց իր փառավոր նախնիների և սեփական անձի անմիջական կապը, իսկ հետո դառնալով համբերությամբ սպասող բազմությանը՝ ավետեց նրանց այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մոտակա ամիսներին կներկայացնի Կարմիր բլուրի պահպանման ու զարգացման ծրագիր: «Մենք պետք է կարողանանք մշակել այնպիսի ռազմավարություն, որը մեզ հնարավորություն կտա մի կողմից պահպանել մեզ հասած պատմական ժառանգությունը, իսկ մյուս կողմից` հասկանալ, թե ինչպես այն գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար»:
Կարծում եմ, այստեղ բոլորովին էլ անհրաժեշտություն չկա հիշեցնելու, որ մեր սիրասուն վարչապետը ոչինչ չի ձեռնարկում, մինչև ձեռքի տակ մշակված ռազմավարություն չի ունենում: Այս բառից նա ահավոր տպավորվում է, հատկապես բառի առաջին արմատից: Այդ պատճառով էլ նա նույն ոգևորությամբ շարունակեց միտքը՝ հստակեցնելով , որ սույն ռազմավարական ծրագիրը մի կողմից կընդգրկի գիտական մասը` պեղումներ, աշխարհի լավագույն գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցություն, իսկ մյուս կողմից կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նա նաև նշեց, որ Ասիական բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ իր փայլուն գաղափարը հետզհետե կյանքի կկոչվի:
Եվ հիմա ի՞նչ է ստացվում՝ Հասմիկ Պողոսյանի բացատրությունից հետո: Ստացվում է սովորական մի բան. վարչապետը օրը ցերեկով խաբել է բոլորիս: Ես չէի ցանկանա ասել, որ նա սուտ է խոսել, քանի որ սա փոքր-ինչ կոպիտ է հնչում, սակայն կարծում եմ, որ խաբելուց մինչև սուտ խոսելը ընդամենը մի ռազմավարական ծրագրի տարածք է, ոչ ավելին:
Կարմրիր բլուրում հնէաբանները հայտնաբերել են հնագույն բնակավայրի մնացորդներ, ընդհուպ Ուրարտական թագավորության ժամանակների Թեյշեբանի քաղաք-ամրոցը (7-6-րդ դ.): Մ.թ.ա. 6-րդ դարում ամրոցը գրավել և այրել էին զավթիչները: Իսկ մեր օրերում, բարեբախտաբար, մոտակայքում կարծես թե նոր զավթիչների հետքեր չեն նշմարվում: Բայց ակնհայտ է, որ կառավարությունն այս անգամ օտար նվաճողների կարիքը չունի: Ինքը մեծ սիրով կավարտի նրանց կիսատ թողած գործը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s