Կենսաբան նախարարի «մասովկան» ու Դուրյանի չարչարանքները

4 Փտր

Փետրվարի 2-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները: Արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահը, քաղաքապետը, վարչապետի «հատուկ հանձնարարություններով անձնական օգտագործման դեսպան» Լևոն Անանյանը, կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նրանց կից անձինք: Այստեղ էին նաև հոգևորականները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլորին համոզում էին, թե անձը չի կարող երկու գերեզման ունենալ և դա դեմ է մեր եկեղեցու կարգին, սակայն բավական էր մատի մի թեթև շարժում-հրահանգ, ու նրանք՝ մոռացած կարգ ու ադաթ, բուրվառներն առած վազ էին տվել Պանթեոն՝ իրենց փեշակը ցուցադրելու: Պանթեոնում հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ, որոնցից կեսը՝ լրագրողներ: Եկել էին նրանք, ովքեր չէին համարձակվի չգալ, ովքեր այսպիսի վայրեր գնում են ոչ թե սրտի ու հոգու պահանջով, այլ աշխատանքի բերումով: Նրանք այնտեղ էին` ցանկալի «պտիչկան» որքան հնարավոր է արագ ստանալու և ժամ առաջ տուն հասնելու երազանքով: Սակայն բացակայում էր ամենակարևորն ու ցանկալին՝ այն սովորական, շարքային ընթերցողն ու գրքասերը, գրողի պոեզիայի ու տաղանդի իրական երկրպագուն, որի ներկայությամբ է միայն խորհուդ ձեռք բերում յուրաքանչյուր ծիսակարգ: Չէին եկել նրանք, ովքեր իրապես գիտեն պատվել ու հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին: Նրանք չկային, բայց չկային ոչ այն պատճառով, որ սերն առ բանաստեղծ հանկարծ դարձել էր անցողիկ ու անհաստատ: Նրանք չկային, որովհետև այդպես՝ իրենց բացակայությամբ ցանկացել էին մերժել այն, ինչ կարարվում էր պանթեոնում:
Ներկա մեծամեծներն ու չինովնիկները երեկ մտահոգված էին ու դժգոհ: Թիկունքը դատարկ էր, ետևում մարդ չկար, իսկ իրենք սովոր են շքախմբերով ու հոծ բազմություններով շրջապատված լինելուն: Հայացքներում, որոնցով դիտում էին արարողությունը, ճիգ կար՝ նմանեցնել չհասկացված մարդու հայացքին, սակայն դրանք այնուհանդերձ մնում էին իբրև սխալ թույլ տված մարդկանց հայացքներ: Ժողովուրդը չէր եկել: Ժողովուրդն իր չգալով պատժել էր այդ «ինքնագործներին», այլ ոչ թե Դուրյանին: Դուրյանը միշտ էլ մարդկանց հետ է՝ գրադարակում դրված գրքույկի տեսքով, պատից կախված դիմանկարի տեսքով, բեմից ասմունքվող բանաստեղծության տեսքով: Իսկ երեկվա թաղման խղճուկ թափորը կարծես պանթեոն էր գնացել ոչ թե Դուրյանի մասունքները, այլ իրեն սեփական վարկի ու հեղինակության վերջին փշրանքները հողին հանձնելու:
Մի քանի շաբաթ շարունակ բազմաթիվ հրապարակումներով ու ելույթներով մարդիկ փորձում էին ապացուցել ու հիմնավորել, որ իրենց համար անընդունելի է Դուրյանի մասունքների զմռսման գաղափարը, որ նա էլ լիովին վաստակել է հայ մյուս մեծերի կողքին շիրիմ ունենալու իրավունքը: Բայց այս դեպքում էլ (ինչպես շատ անգամներ)գործին միջամտեց նորին մեծություն դիլետանտությունը՝ հանձին կենսաբան մշակույթի նախարարի և նրա դուդուլի տակ պարողների: «Թող Դուրյանը փակվի պատի մեջ, այդպես էժան է ու արագ»: Եկեղեցին իր հերթին (դարձյալ՝ ինչպես շատ անգամներ) բերանը ջուր առավ ու չբարեհաճեց գոնե ասել, որ մենք՝ հայերս, պատերի մեջ մարդկանց թաղելու ավանդույթ չունենք, որ պանթեոնը Կրեմլի պատը չէ, և ոչ էլ Դուրյանն է քաղբյուրոյի անդամ: Ու այսպես՝ իրենց արածից գոհ, բանաստեղծին արժանացրին երկու քարի արանքում նոր չարչարանքներ կրելու բախտին:
Սա, իհարկե, վերջը չէ: Դեռ կա այն օրերի հույսը, որ սրանք կգնան, կգան խելացիները, և այդ ժամանակ ժողովուրդն առանց հրավերի ու առանց պարտադրանքի կգա պանթեոն: Կգա հազարներով, դուրս կբերի իր քնարերգուին անմիտների շինած կալանքից և կարժանացնի այն պատվին, որ թելադրում է մեր իրական հարգանքը և կրոնը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

3 Responses to “Կենսաբան նախարարի «մասովկան» ու Դուրյանի չարչարանքները”

  1. kostandyanblog Փետրվարի 4, 2012 at 6:05 ա. #

    BRAVO!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  2. Վիգէն Աբրահամեան Փետրվարի 16, 2012 at 9:12 ա. #

    Պրն Չարխչեան,

    Բլոգի էջերում որոնեցի բայց չգտայ մի յղում, որով կարելի լինէր ձեզ հետ ուղղակի կապուել, ուստի սոյն երկտողն եմ գրում յուսալով որ այն կը կարդաք եւ շտապ կ՚ընդառաջէք խնդրանքիս, որն է ունենալ ձեր թոյլտւութիւնը սոյն գրութիւնը օգտագործելու համար մեր ամսաթերթում, իրադարձութեան «պաշտօնական» լրատւութեան զուգահեռ։
    Անհամբեր սպասում եմ ձեր երկտողին։
    Վիգէն

  3. hovikcharkhchyan Փետրվարի 16, 2012 at 1:14 ե. #

    Հարգելի Վիգեն Աբրահամյան, դուք կարող եք ազատ տնօրինել այս նյութը: Շնորհակալ եմ ուշադրության համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s