Պահոց | 8:25 ե.

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

24 Հնվ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նորություններից կարևորագույնն այն էր, որ նստաշրջանը վարում էր ԵԽԽՎ նոր նախագահը: Դեռ հոկտեմբերին որոշվել էր, որ այդ պաշտոնն անցնելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցությանը, և քվեարկության ժամանակ ընտրվել էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը: Սա նշանակում էր, որ տխրահռչակ թուրք Մևլութ Չավուշօղլուն սրտի ցավով ստիպված էր ցանկալի աթոռը զիջել մեկ ուրիշի: Սակայն Չավուշօղլուն Չավուշօղլու չէր լինի, եթե վերջին պահին էլ փորձ չաներ մթնոլորտը պղտորել իր հերթական խարդախությամբ: Եվ այդ բանն իսկապես էլ տեղի ունեցավ:
Կայացավ ԵԽԽՎ Բյուրոյի նիստը ու հենց այդ ժամանակ էլ ամենքը վերստին վերհիշեցին Լեռնային Ղարաբաղի հարցով չարաբաստիկ ենթահանձնաժողովի գոյությունը, քանի որ թուրք պաշտոնազուրկը նիստին մեկ էջանոց փոքր նախագիծ-խզբզոց էր ներկայացրել, որտեղ ոչ ավել, ոչ պակաս՝ առաջարկում էր Բյուրոյին ենթահանձնաժողովի աշխատանքը շարունակել մինչև այս տարեվերջ: Պարզ չէ, թե ի՞նչ կարող է փոխվել մեկ տարում այն կառույցի համար, որն արդեն երկար ժամանակ հիմնավորապես ապացուցել է իր ավելորդությունը: Սակայն հստակ է, որ թուրքերն այս կերպ հավակնում են նվեր մատուցել եղբայրական Ադրբեջանին, և քանի որ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում», ապա ձին էլ կարող է լինել սատկած, բայց նվեր: Էական այստեղ հակադրվելու մոլուցքն է, այլ ոչ թե ակնկալվող օգուտը, այնպես որ Չավուշօղլուն գիտեր, թե ինչ էր անում: Մի խոսքով, առաջարկը հնչեց, հայկական պատվիրակությունը ընդդիմացավ, ներկայացրեց իր ժխտողական տեսակետը, նույնիսկ առաջարկ եղավ հարցը փոխադրել այլ օրվա քննարկումներ, երբ ընտրված կլինի նոր Բյուրոն: Բայց քանի որ առավոտյան նիստում նախագահում էր Մևլութ Չավուշօղլուն, ապա որոշվեց շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաև 2012-ին:
Առաջին դեպքը չէ, երբ հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում ստիպված են լինում կռիվ տալ անարձագանք պատերի հետ: Երեկվա դեպքը նույնպես դրանց շարքից էր: Մինչ հայ խորհրդարանականները պնդում էին, որ Չավուշօղլուի նախագիծը չափազանց թույլ է, ընդամենը մեկ նպատակ հետապնդող փաստաթուղթ, իսկ «մեռելածին» ենթահանձնաժողովի գործունեության հետագա ճակատագիրը որոշելու և օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է քվեարկություն անցկացնել, նախաձեռնության հեղինակը հարցը քվեարկության չդնելը փորձեց հիմնավորել տեխնիկական պատճառներով: Սակայն շատ դժվար էր նույն տեխնիկական պատճառներով բացատրել այն փաստը, թե ի՞նչ պատճառով էր փակ դռների հետևում, այն էլ՝ ազգային պատվիրակությունների ղեկավարների բացակայությամբ ենթահանձնաժողովի երկարաձգման հարց քննարկվել: Իսկապես էլ, Բյուրոյի հիշյալ նիստին հրավիրված չէին ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները:
Հավանաբար դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ իրավիճակ, քան այն, որ երեկ ստեղծվել է ԵԽԽՎ-ի պատերի ներսում: Հայերն ասում էին, որ իրենց համար որևէ նշանակություն չունի Բյուրոյի վճիռը, քանի որ ինչպես որոշել են բոյկոտել, այնպես էլ շարունակվելու է հետայսու: Ադրբեջանցիները՝ հույսները թուրք պաշտպանի վրա դրած, սպասում էին ցանկալի ելքին, իսկ եվրոպացի պատգամավորները ջանում էին հնարավորինս չեզոք մնալ՝ դատարկ բանի համար հարաբերություններ չփչացնելու մտահոգությամբ:
Սակայն հաշված ժամեր անց իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց, և այդ տեղաշարժի հեղինակը դարձավ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Նրա հայտարարությունը որքան էլ անսպասելի, նույնքան հասկանալի ու տրամաբանված էր: Մինյոնին՝ նրա առաջին ասուլիսին հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նախագահն ասաց, թե չի հավատում և երբեք չի հավատացել, որ այս ենթահանձնաժողովը կարող է որևէ արդյունք տալ։ «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի հենց այս շրջանակում, իսկ հայ և ադրբեջանցի պատվիրակները Վեհաժողովում կցուցաբերեն խելամիտ կեցվածք։ «Ինձ թվում է, որ եթե կողմերը շարունակեն նույն ոգով, ինչպես նախորդ տարիներին, ապա խնդրի կարգավորման հասնելը ուղղակի կլինի անհնարին»,- հավելեց նա։
Մի ակնթարթում Չավուշօղլուի բոլոր ջանքերը ջուրն ընկան: Սա նույնն էր, թե մերժել ենթահանձնաժողովի հետագա գոյությունը: Սակայն այլ բան է կարծիքը, մեկ այլ բան՝ այդ կառույցի մասին պաշտոնական որոշումը: Եվ ստացվեց այնպես, որ խնդիրը մնաց օդում կախված:
Մի բան պարզ է. ԵԽԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի ձեռքը կրակն են ընկել: Բայց դրա հետ մեկտեղ կարծես թե առայժմ չկա այն վճռականությունը, ինչը թույլ կտար մեկընդմիշտ այդ հարցը փակված համարել: Վեհաժողովում կարծես թե չեն ցանկանում կողմերից որևէ մեկին վիրավորել, և առայժմ նպատակահարմար են գտնում պարզապես խնդիրը սառեցնել՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների:
Ինչ վերաբերում է ապագային, ապա այս պահին պարզ է միայն, որ հայկական պատվիրակության անդամների նախնական տպավորություններն ու մտավախությունները վաղաժամ էին և դրա գործունեությունը շարունակելու վերաբերյալ որոշում առայժմ չկա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: