Պահոց | 11:14 ե.

Մոռացված բանի մայրաքաղաքը

23 Հնվ

Հավանաբար աշխարհում քիչ քաղաքներ կգտնվեն, որոնց գրքի մայրաքաղաք հռչակելու պատիվը շնորհելիս ուրախությունն այդքան քիչ կլինի, մտահոգությունն` այդքան շատ: Երևանը հենց այդ եզակիներից մեկն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք կոչված մեր քաղաքում ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը կտիրի տոնական էյֆորիան: Անհանգստանալու կարիք չկա. ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել, այս մեկին էլ կդիմանանք:
Գրքի մայրաքաղաք հռչակվելը ՀՀ մշակույթի նախարարությունը շտապեց ներկայացնել իբրև իր ամենամեծ ձեռքբերում, համարյա Սարդարապատի հաղթանակ: Մակդիրներ չխնայեցին՝ պատմելու, թե որքան դժվարին ու անզիջում է եղել պայքարը, բայց մերոնք ի վերջո նվաճեցին այդ իրավունքը, և այժմ ազգը պիտի ցնծա ու տոչորվի խնդությունից:
Սակայն ու՞մ համար է այս տոնը: Հաստատ ոչ հայաստանցիների: Դա նույնն է, եթե կույրին ասես. «Քեզ տանում եմ պատկերասրահ»: Փոխարենը բոլորին վաղօրոք հայտնի է, թե ամեն բան ինչպես է արվելու. մի երկու ավտոբուս օտարերկրացի կբերեն, կտանեն Մատենադարան, Օշական, հետո տառերի արձանները ցույց կտան, կոնֆրանսներ ու քննարկումներ կկազմակերպեն իշխանահաճո մտավորականների մասնակցությամբ, ջան կասեն-ջան կլսեն, կենացներ կարտասանեն հայ տպագրության 500-ամյակի առիթով, սրտաճմլիկ ելույթներ կունենան, իսկ վերջում մրցանակներ կբաժանեն աջուձախ: Այսքանը: Երևակայությունը դրանից այն կողմ դեռ չի գիշերել…
Միայն թե, ի՞նչ իմանաս, այդ օտարների մեջ գուցե գտնվի՞ մեկը, որ կհարցնի. «Լավ, ձեր փառավոր անցյալը հիացմունք է պատճառում, իսկ որտե՞ղ է նույնքան փառավոր ներկան»: Եվ այդ ժամանակ, որպես ներկայի ակնառու օրինակ ու առհավատչյա, առաջ կհրեն մշակույթի նախարարին, որպեսզի նա (ոչ իբրև միֆական կերպար, այլ որպես նյութեղեն գոյություն) նույն թոզը փչի հյուրերի աչքին, ինչով արդեն մի քանի տարի կերակրում է հայաստանցիներիս: Վերջին շրջանում՝ հատկապես: Ի դեպ, այդ «թոզերից» մի քանիսն արժե վերհիշել: Օրինակ, լսե՞լ եք, որ նախատեսված է Երևանում բացել 12 նոր գրախանութ: Կամ մեկ ուրիշ հեքիաթ այն մասին, որ մեր հանրապետության 40 քաղաքներում կստեղծվեն գրավաճառ կետեր, միջոցառումները կլինեն բազամաբնույթ, որոնց հիմքը գիրքն ու գրականությունն է լինելու: Չե՞ք լսել: Ափսոս: Հաճելի է հնչում: Բայց գոնե կվերհիշեք, որ դեռ անցյալ տարվա ապրիլին նախարարուհի Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե Երևանը 2012 թ. գրքի մայրաքաղաք հռչակելու առթիվ, քաղաքի տարբեր անկյուններում և մարզերի բոլոր քաղաքներում կտեղադրվեն գրքի կրպակներ: Ինչպես վստահեցրեց նա, նախագիծը արդեն մշակվում էր Երևանի քաղաքապետարանում և շատ շուտով քաղաքը գրքի տուն էր դառնալու: Եվ՞… Եվ այն, որ այս հավաստիացումներն արտասանելու օրից անցել է շուրջ 10 ամիս: Որևէ մեկը որևէ կրպակ տեսե՞լ է: Իհարկե, ոչ: Բայց փոխարենը տեսել ու լսել ենք այլ բաներ՝ փակվող գրախանութներ, փակվող գրադարաններ, չարդարացված սպասումներ…
Միայն 2009-ին հանրապետությունում փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը` գյուղերում: Բայց դուք կարող եք այս պաշտոնական թվերը վերջնական և ստույգ չհամարել, քանի որ իրականում դրանք ավելին են: Եթե ընտրենք ընդամենը Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածը, ապա պատկերը այսպիսին է. Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքում չի գործում 12 գրադարան: Գուգարքի տարածաշրջանում չեն գործում 15 գրադարաններ, Ստեփանավանի տարածաշրջանում փակ են 13 գրադարան, Տաշիրի 13 համայնքներից ընդամենը 2-ում գրադարան կա… 50-ն արդեն լրացավ, այնպես չէ՞…
Խի՞ստ ենք դատում: Թերևս: Բայց վստահեցնում ենք, որ խիստ լինելու համար բոլոր հիմքերը կան: Համեմատեք ինքներդ: 1970-ական թթ. «Հայկոոպի» և «Հայգրքի» ցանցում գործել են 165 գրախանութ, 130 գրքի կրպակ և յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է հասել 370 օրինակ գիրք, 20 անուն ամսագիր, 40 օրինակ թերթ: Այն ժամանակներից անցել է 40 տարի: 40 տարում եղածը եթե նույնիսկ պիտի չքառապատկվեր, ապա ծայրահեղ դեպքում պիտի մնար նույնը: Մնացե՞լ է:
Ասում են՝ մարդիկ այլևս չեն կարդում: Այսօր հանրապետությունում գործում են մոտ 60-70 հրատարակչություններ: Դրանք տարեկան հրատարակում են շուրջ 2000 անուն գիրք: Եթե հայաստանցիները գիրք չեն կարդում ու չեն գնում, ապա 2000 անուն գրքերն՝ իր հարյուր հազարավոր տպաքանակով ի՞նչ է արվում: Չլինի՞ հրատարկիչները միահամուռ կերպով խելքները գցել են ու տպագրում են ոչ մեկի համար…
Ոչ, խելքը գցածներին պետք է որոնել այլ հաստատություններում: Իսկ հրատարակիչները շատերի պես գիտեն, որ 2008 թ. հետո Հայաստանում գիրք գնողների քանակը աճել է 30-40 տոկոսով: Սակայն ի՞նչ արեց կառավարությունը (որի մի անդամն էլ Հասմիկ Պողոսյանն է) այդ աճի տեմպերը խթանելու համար: Շատ բնորոշ մի քայլ. վերցրեց ու գրահրատարակության վրա դրված հարկերը բարձրացրեց 10 տոկոսով: Իսկ սա նշանակում էր, որ նվազագույնը 15-20 տոկոսով պիտի թանկանար ներմուծվող և Հայաստանում տպագրվող գրքի գինը: Ահա և ձեզ գրքի հանդեպ սիրո ու հետաքրքրության խթանիչը:
Հաջորդ պատճառաբանությունն էլ այն է, թե գրադարանային-գրախանութային գործը դոփում է իր տեղում միջոցների բացակայության պատճառով: Նման հիմնավորումը նույնպես կարելի էր հալած յուղի տեղ ընդունել, եթե հայտնի չդառնար, որ Գրքի մայրաքաղաք դառնալու տոնահանդեսային ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ դրամ: Ուրեմն միջոցներ այնուամենայնիվ կային և եթե դրանք չխնայվեին ուտուշ-խմուշների համար, այլ հատկացվեին ճիշտ հասցեատերերին, գուցե թե մենք այսօր մի քանի գրադարան ավել ունենայինք, մի քանի դատարկ խոստում՝ պակաս:
Չէ, ինչ կուզեք՝ ասեք, մեր քաղաքն ու գիրքը առայժմ ընդհանուր ոչինչ չունեն: Այստեղ գրքերի համար դեռ ուժը չի կորցրել «անցանկալի իր» կարգավիճակը, իսկ նրանց գտնվելու իրական վայրը հստակեցրեց Հասմիկ Պողոսյանը՝ հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելիս: Այդ մասին նա բառացիորեն հետևյալն ասաց. «Մենք ինքներս գրախանութներից գիրք չենք գնում, հետո զարմանում ենք, որ գրախանութները փակվում են: Եվ ես չեմ կիսում այն տեսակետը, որ գիրքը պետք է վաճառվի միայն գրախանութներում: Բնական և ճիշտ է անցումներում վաճառել գիրքը, ուր այն ավելի մոտ է մարդկանց»։ Տիկին նախարարի կարծիքով, ընթերցող մարդիկ ապրում են գետնահարկերում ու գետանցումնեում, այդ պատճառով գիրքը նրանց պիտի մոտ լինի ներքևում: Իսկ ինքն ու իր նմանները վերևներում են սավառնում, ընթերցող մարդկանցից շատ ու շատ բարձր և իրենց կոչումն է հենց այդ բարձունքից քամահրանքով նայել ցածրադիր իրարանցմանը՝ տոնը մատուցելով միայն ընտրյալների սեղանին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: