Պահոց | 4:59 ե.

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

19 Հնվ

Վաղ թե ուշ այս բանը պիտի լիներ: Մի օր համբերության բաժակը լցվում է, և խուլուհամր ձևացողների ապուշային պահվածը այլևս արդարացում չի դառնում անվերջանալի սպասման համար: Եվ հիմա, 42 տարվա չարչրկումներից հետո վերստին խոսվում է բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները հողին հանձնելու անհրաժեշտության մասին: Բայց թերևս ավելի ճիշտ բառով բնորոշենք ստեղծված կացությունը, քանի որ ոչ թե խոսվում է, այլ չարաշահվում է թեման: Հիմա բացատրենք, թե ինչու:
Հանրահայտ փաստ է, որ 1872-ին վախճանված Դուրյանը թաղվել էր Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: Ստացվեց այնպես, որ մոտ 90 տարի անց, իսկ ավելի ճիշտ՝ 1960-ականների վերջին տեղի իշխանությունները հայտնեցին, թե գերեզմանը տեղաշարժելու խնդիր կա, քանի որ որոշվել է այդ տարածքում ճանապարհ կառուցել: Հենց այս կացությունն էլ առիթ դարձավ, որպեսզի Պոլսի հայոց պատրիարքը Հայաստան բերեր բանաստեղծի գանգը: Պատրիարքը այն հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, իսկ վերջինս էլ մասունքները տվեց գրականության և արվեստի թանգարանին: Վերհիշենք նաև, որ հենց նույն շրջանում նախաձեռնվեց Դուրյանի դիմաքանդակի ստեղծումը՝ գանգաբանական վերականգնման սկզբունքներին համապատասխան, ինչը իրականացրեց ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը: Այս ամենը ևս խիստ կարևոր էր ու վարպետությամբ կատարված, միայն թե դա չէր լուծում գանգի հետագա ճակատագրի խնդիրը: Ի վերջո ի՞նչ էր անհրաժեշտ անել: Գանգը ցուցանմուշ չէ, որ կարելի է տեղադրել թանգարանում և այցելուներ գրավել: Կար մեկ և միակ խելամիտ լուծումը՝ այն հանձնել հողին, ինչպես ընդունված է քրիստոնյա կոչվող հայերիս մոտ և ինչպես թելադրում է մարդու հիշատակի հանդեպ ունեցած հարգանքը: Սակայն արի ու տես, որ այդ «մեկն ու միակը» այնքան էլ միակը չէր շատերի համար: Ու սկսվեց վաղուց ծանոթ, միայն տհաճություն ու զայրույթ հարուցող պատմությունը:
Տասնամյակներ շարունակ տարբեր անհատներ ու կազմակերպություններ դիմեցին իշխանություններին՝ խնդրին վերջնական լուծում տալու ակնկալիքով, բայց նրանց հորդորները մնացին անարձագանք: Վերջնականապես չխելագարվելու համար անիմաստ ենք համարում մեջբերել այն բոլոր «փաստարկներն» ու «հիմնավորումներ», որոնք միջոցով գանգի թաղումը հետաձգվում էր անորոշ ժամանակով: Ասենք միայն, որ այսօր կատարվող դեպքերն ու ծավալվող քննարկումները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:
Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ: Ըստ տեղեկությունների, մի քանի տարի առաջ մշակույթի նախարարությունը որոշում է զբաղվել Դուրյանի մասունքների խնդրով: Եվ ի՞նչ է անում: Մի հսկա կառուց՝ իր բոլոր պատասխանատուներով լարում են ուղեղները, անքուն գիշերներ են լուսացնում, որպեսզի հաշվարկեն, թե հուղարկավորությունն իրականացնելու գործը ի՞նչ կարժենա: Ի վերջո համաձայնության են գալիս ընդամենը… 1000 դոլարի շուրջ և դրանից հետո հարցը փակվում է: Վերջ: Դուրյանի խնդիր չկա: Մոռացեք այդ մասին:
Հավանաբար ինչ-որ մեկին մեծ շռայլություն էր թվացել նման գումար վատնել մի բանաստեղծի համար, եթե կարող էր այդ փողերով իր չնչին գոյությունն արդարացնել այս հողի վրա: Երևի: Սակայն առաջ գնան ու հիշենք, թե ինչպես 2 ամիս առաջ նույն մշակույթի նախարարությունը բացառիկ սրտացավություն հանդես բերեց և հարցի քննարկման ու եզրակացություն տալու արտոնությունը տրամադրեց… Գրողների միությանը: Սա, ինչ խոսք, բացառիկ աբսուրդի օրինակ է: Ի՞նչ կապ ունի մի սովորական հասարակական կազմակերպությունը գործադիր մարմնի որոշումների հետ: Դա նույնն է, թե սպառողների միության անդամին արտոնես առևտրային համաձայնագրեր քննարկել կամ, ասենք, կանաչների միությանը խնդրես՝ երկրաբանական-տնտեսագիտական եզրակացություն տալ հանքարդյունաբերության որևէ ճյուղի մասին: Եթե նախարարությունը պատսպարվում է գրողների միության թևի տակ, այդ դեպքում ինչի՞ համար են գրականության ինստիտուտը, պատմության ինստիտուտը, այլ պետական ու ակադեմիկան կառույցներ, որոնք կոչված են հենց այս կարգի խնդիրներ լուծելու և մասնագիտական եզրակացությունների հանգելու համար:
Այս հարցերի պատասխանը թողնելով նույն այդ հաստատությունների պատասխանատուներին, անցնենք առաջ և հասնենք աբսուրդի հաջորդ գործողությանը: Պանթեոնում Դուրյանի մասունքները ամփոփելու ցանկությանը թվում էր՝ չէր լինելու որևէ առարկություն, քանի որ բանաստեղծն իր տաղանդով վաստակել է մյուս հայ մեծերի կողքին տեղ զբաղեցնելու իրավունքը: Բայց նույնիսկ այդ պարագայում մեր լավատեսությունը չափազանց է, քանի որ, պարզվում է, կան այդպիսիները: Կան ու դեռ առարկությունների համար բացատրություններ էլ ունեն: Օրինակ, մեր հարգարժան հոգևորականները պնդում են, թե մարդը չի կարող երկու գերեզման ունենալ, այդ իսկ պատճառով էլ Պանթեոնում Դուրյանի համար նոր շիրմատեղ հատկացնելը հակասում է եկեղեցական կարգին: Իհարկե, նույն հոգևորականներին կարել է հիշեցնել, թե ինչպես էին իրենք հոծ խմբերով մասնակցում Թումանյանի սրտի թաղմանը Դսեղում, երբ Թումանյանը Թբիլիսիում գերեզման ունի, ինչպես էին նույն կերպ Վիլյամ Սարոյանի սիրտը հողին հանձնում Երևանում, երբ Սարոյանի մարմինն օվկիանոսից այն կողմ է, և ուրիշ այլ պատմություններ էլ, սակայն կարծում եք իրենք չե՞ն հիշում:
Բանը հասավ նրան, որ նույնիսկ առաջարկ հնչեց գանգն ընդհանրապես չթաղել, քանի որ այն… հետաքրքիր կլինի Բժշկական համալսարանի ուսանողների ու առողջապահության հաստատությունների աշխատակիցների համար այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է այդ բեկորներից ստանալ մարդու դեմքը: Պատկերացնու՞մ եք այդ բանն ասողի գանգի չափերն ու դրա դատարկ պարունակությունը, որը հաստատ կհետաքրքրի կենսաբանական խեղումներով հրապուրվող ապագա բժիշկներին:
Ահա թե ովքեր են տնօրինում մեծերի երկնային կյանքն ու հիշատակը, ահա թե ովքեր են մի հողակտոր հատկացնելու անհրաժեշտությունը վերածում հիմարության խրախճանքի: Ու որքան էլ փորձում ես հասկանալ, թե ինչու՞ է յուրաքանչյուր պարզագույն իրավիճակ, յուրաքանչյուր կարևոր գործ փորձություն դառնում մեր ջղերի ու գիտակցության համար, միևնույն է, պատասխանը չես գտնում:
Այս տարի լրանում է Պետրոս Դուրյանի 160-ամյակը: Ի սեր աստծո, գոնե մի անգամ մարդ եղեք: Այնքան մարդ եղեք, որ ուժ գտնեք Դուրյանին ազատելու ձեր անախորժ ներկայությունից: Թող նրա մասունքները հանգիստ առնեն հողում, իսկ դուք մնացեք վերևում, բայց հեռու, հեռու թե նրանից, թե մեզնից…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՈՉՎԵՑ ԲԱՆԳԼԱԴԵՇ

19 Հնվ

Հավանաբար պատահականությունները միշտ էլ ծնունդ են առնում պատահական հանգամանքներից: Ես գոնե այդպես մտածելու պատճառներ ունեի այն օրը, երբ կանգառում սպասում էի երթուղայինին՝ տուն հասնելու համար: Ապրում եմ Հարավ-Արևմտյան թաղամասում, որը ժողովուրդն անվանում է Բանգլադեշ: Տարօրինակ անուն է, սակայն բոլորն այնպես են համակերպվել այդ անվանը, որ նույնիսկ մեկ այլ՝ առավել բաեհունչ անունով փոխարինելու մտադրություն ամենևին չկա:
Եվ այսպես, կանգնած էի, երբ մեկը ձեռքը դրեց ուսիս ու բարևեց: Շրջվեցի: Իմ հին ծանոթներից էր՝ Սիմոնը: Վաղուց չէինք հնդիպել:
— Ու՞ր ես գնում,- հարցրեց նա:
— Տուն:
— Արի միասին գնանք, ճանապարհին էլ կզրուցենք,- ասաց Սիմոնը և տաքսի կանգնեցրեց:
Նստեցինք: Ես դարձա վարորդին ու ասացի հասցեն՝ «Բանգլադեշ»:
— Իսկ դու գիտե՞ս, որ այդ անունը ես եմ հորինել,- ժպտալով հարցրեց Սիմոնը:
Ես ծիծաղեցի: Վաղեմի ծանոթս հավանաբար որոշել էր կատակել: Բայց նա ուղիղ նայեց դեմքիս ու կրկնեց.
— Իսկապես, Բանգլադեշ անունը ես եմ առաջինը թաղամասին տվել:
Նրա պնդումն այնքան տարօրինակ ու համառ էր, որ նույնիսկ տաքսու վարորդը մի փոքր դանդաղեցրեց ընթացքն ու զարմացած նայեց Սիմոնին:
— Լավ, լսեք՝ պատմեմ,- ասաց Սիմոնը ու ավելի հարմար տեղավորվեց նստատեղին:- Դու այն ժամանակ դեռ փոքր էիր, հավանաբար չես հիշի: Սրանից մոտ 40 տարի առաջ Կապանում ուժեղ երկրաշարժ եղավ: Տներ փլվեցին: Բազմաթիվ ընտանիքներ անօթևան էին մնացել և նրանց մի մասին տեղափոխել էին Երևան: Ապրում էին կամ հարազատ-բարեկամների մոտ, կամ հանրակացարաններում: Մի քանի ընտանիքներ էլ մեզ մոտ կային՝ Մալաթիայում: Ես երիտասարդ էի ու ծանոթացել էի նրանց հետ: Այդ ժամանակ իշխանությունները արագ-արագ երկու հինգհարկանի բնակելի շենքեր էին կառուցում աղետյալների համար: Դրանք հիմա էլ Բանգլադեշում կան՝ հին ունիվերսամի դիմաց: Ու մինչ շինարարությունն ընթանում էր, այդ մարդիկ պարբերաբար ոտքով գնում էին այնտեղ՝ տեսնելու, թե աշխատանքներն ինչ փուլում են: Ու հենց որ ես նրանց փողոցում տեսնում էի՝ ծիծաղելով հարցնում էի. «Հը՞, էլի Բանգլադեշ եք գնու՞մ»: Հիմա ձեզ ասեմ, թե ինչու հատկապես Բանգլադեշ: Բանն այն է, որ այդ նույն օրերին Բանգլադեշը առանձնացել էր Պակիստանից ու անկախություն էր հռչակել: Առավոտից երեկո բոլոր թերթերը, ռադիոն, հեուստատեսությունը միայն դրա մասին էր խոսում՝ «Բանգլադեշ, Բանգլադեշ…»: Ու այդ անունը մի տեսակ ուրիշ նշանակություն էր ստացել՝ տեղ, որը հեռու է, նոր է ձևավորվում, ճիշտ ու ճիշտ այն երկու շենքերի պես, որ կառուցում էին կապանցիների համար: Ահա այդպես Բանգլադեշ անունը հետզհետե տարածում գտավ դեռ թաղամասը կառուցելուց շատ առաջ: Իսկ երբ արդեն առաջին շենքերը հայտնվեցին, մարդիկ ուրիշ նոր բան չմտածեցին, քան այն, ինչ ես ասել էի հարևանիս: Ահա այսպիսի պատմություն…
Ասեմ, որ թե ես, թե տաքսու վարորդն անմիջապես հավատացինք Սիմոնի պատմությանը: Նա այնքան անմիջական, հավաստի ու գունեղ էր պատմում, որ մեծ մեղք կլիներ մտածել, թե հորինում է ինչ-որ բան:
Մալաթիայի խաչմերուկին Սիմոնն իջավ: Մենք հրաժեշտ տվեցինք Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի կնքահորը և սլացանք առաջ՝ դեպի Բանգլադեշ…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: