ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

18 Հնվ

ՎՐԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ. ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ՆՔ ԳՆԵԼ

Հովհաննես Թումանյանի` Թիֆլիսում գտնվող տան չորս սենյակները Վրաստանի կառավարության կողմից դեռ 90-ական թթ. որպես սեփականություն հանձնվել են վրացի խոշոր գործարար Լեժավային: Վերջինիս որդին` Արչիլ Լեժավան, այսօր որոշել է գրողի դեռևս անփոփոխ պահպանված տունը վաճառել «Ջորջիա Թուրան» ընկերությանը` հոր վիրահատության ծախսերը հոգալու համար: Այս փաստը վերջապես անհանգստացրել է ՀՀ կառավարությանը:
Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, այսօր լրագրողներին պատմեց, որ մենք ժամանակին հնարավորություն ենք ունեցել ավագ Լեժավայից գնել Թումանյանի բնակարանի` նրան որպես սեփականություն հանձնված չորս սենյակները: Թեպետ Վրաստանի կառավարությունը իր պարտքի դիմաց խոշոր գործարարին այդպես էր վճարել, բայց Լեժավան, իմանալով, որ իր ձեռքում Թումանյանի բնակարանն է, ոչնչի ձեռք չի տվել:
«2004 թ. ես ու ամուսինս հանդիպեցինք Լեժավայի հետ,- պատմում է տիկին Իրման,- շատ ազնիվ մարդ էր, ասաց, որ ճանաչում է Թումանյանին և անհարմար է զգում տան մեջ որևէ բան փոխել: Առաջարկեց իրեն վճարել 25.000 դոլար, և ինքը մեզ կվերադարձնի այդ չորս սենյակները»: Անհրաժեշտ գումարը հայ պաշտոնյաներից ոչ ոք չի տրամադրել «փող չկա» պատասխանով: Վրացի գործարարը շարունակել է անփոփոխ պահպանել հայ գրողի տունը մինչև 2008 թ.: Բայց երբ հիվանդացել է, որդին` Արչիլ Լեժավան, հայ մշակութային օջախից ավելի թանկ է գնահատել իր հոր առողջությունը և որոշել է անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար վաճառել բնակարանը:
ՀՀ կառավարությունն ու մշակույթի նախարարությունը որոշել են պատվիրակություն ուղարկել Թիֆլիս` Լեժավայի հետ բանակցելու համար: «Քանի որ Թբիլիսիից ստացվող տեղեկությունը հաճախ հակասական է և իրարամերժ, ապա իրական վիճակը գնահատելու, փաստերը ճշգրտելու և համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշեցին, որ գրողների միության նախագահի գլխավորությամբ մի փոքրիկ պատվիրակություն մեկնի Թբիլիսի»,- լրագրողներին ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Բանակցություններ վարելու հնարավորություն է տալիս այն հանգամանքը, որ չնայած Լեժավայի որդին բնակարանը հանձնել է «Ջորջիա Թուրան» ընկերությանը, բայց վաճառքի պայմանագիր ընկերության և գործարարի միջև դեռևս չի կնքվել:
ՀՀ կառավարությունը, ըստ Լևոն Անանյանին, անձամբ շահագրգռված է, որ բանակցությունների արդյունքում հարցին տրվի «դրական» և «խոհեմ» լուծում: Հաշվարկվել է, որ պատվիրակությանը Լեժավայի տրամադրության տակ գտնվող 120 քմ տարածքը գնելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 70.000 դոլլար, քանի որ Թբիլիսիի այդ շրջանում 1 քմ հողակտորը գնահատվում է մոտավորապես 600-700 դոլլար:
Երեկ «Ջորջիա Թուրան» ընկերության աշխատակիցները այցելել են գրողի ծոռնուհուն՝ Ալյոնա Թումանյանին, և առաջարկել տան մնացած երեք սենյակները նույնպես վաճառել իրենց ընկերությանը: Ալյոնան մերժել է: Նա տիկին Իրմային ասել է, որ կվաճառի իր տարածքը միայն այն դեպքում, եթե Լեժավան համաձայնի իր չորս սենյակները տրամադրել հայ համայնքին որպես մշակութային կենտրոն:
«Ճիշտ է, մեզ համար լավ կլիներ, եթե կարողանայինք ամբողջությամբ գնել բնակարանը, բայց քանի որ դա շատ թանկ է, դեռևս առաջնային է Լեժավայի տարածքը ձեռք բերելու հարցը»,- ասաց Լևոն Անանյանը:
Ալյոնա Թումանյանի երեք սենյակները վաճառելու պայամանով Լեժավայի չորս սենյակները ձեռք բերելը, ինչպես ենթադրել տվեցին բանախոսները, լինելու են հայկական պատվիրակության վաղվա բանակցությունների հիմքում: «Մեզ համար թանկ է հատկապես Լեժավայի տարածքը, որովհետև այնտեղ է ապրել Թումանյանը, այնտեղ է նրա առանձնասենյակը»,- ասում է տիկին Իրման: Թե ովքեր են վաղը մեկնելու Թիֆլիս բացի իրենից, Լևոն Անանյանը պատասխանեց. «Մեկ-երկու հոգի»:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ավելի վաղ իր բլոգում անդրադարձել էր Թումանյանի թիֆլիսյան տան խնդրին:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ կցանկանար շատերի պես լավատես ներկայանալ. «Սակայն անցած ժամանակների դառը փորձը հուշում է, որ մենք մեկընդմիշտ կկորցնենք Թումանյանի տունը: Եվ այդ դեպքում այլևս բոլորովին կարևոր չի լինելու` ով գնեց, ինչ նպատակով, կամ ով էր մեղավոր»:
Նրա կարծիքով` եթե Ալյոնա Թումանյանը չվաճառի իր տարածքը «Ջորջիա Թուրանին», ապա «հազիվ թե վրացիների համար մեծ դժվարություն ներկայացնի մի ծեր կնոջ սեփականությունից զրկելը, երբ նրանք տրակտորներով Խոջիվանքի գերեզմանատուն են քանդում, հայկական եկեղեցիներ են հրկիզում ու Ջավախք հայաթափում»:
Գրականագետը մեծ ակնկալիքներ չունի նաև վաղը հայկական պատվիրակության` Վրաստան կատարելիք այցից. «Ինչի՞ համար է դա, ինչո՞ւ ավելի վաղ չէր արվում, և ընդհանրապես ե՞րբ պիտի մենք ունենանք համակարգված մոտեցումներ ու ռազմավարություն այլ երկրներում հայկական մշակութային արժեքների պահպանման համար»:

Մարինե Մադաթյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s