Սգո սերվիսը գործի է անցել

13 Հնվ

Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցին հրդեհվել ու փլուզվել է: Իսկ ինչու՞ պիտի չփլուզվեր Սուրբ Նշանը: Այդ ի՞նչ հրաշքով նա պիտի մնար կանգուն ու անխաթար: Երբ մահամերձին թողնում են լքված և անօգնական, հետո կարիք չկա զարմանալ ու վշտանալ, որ նա մեռավ: Փոխարենը կարելի է հոգալ հավուր պատշաճի սգահանդեսների, հիշատակի սրտաճմլիկ խոսքերի ու կյանքի դաժան օրենքները դատապարտող եզրահանգումների մասին: Կարելի է նաև կարծիքներ փոխանակել դեպքերի ընթացքի, շարժառիթների և մեղավորներին գտնելու հարցերի շուրջ, ինչն էլ այսօր բարեխղճորեն արվում է:
Օրինակ, ասվում է, որ եկեղեցուն հարող տարածքում բնակվող քաղաքացիներին հայտնի չէ հրդեհի պատճառը: Նրանք միայն նշում են, որ Սուրբ Նշանում հաճախ կարելի է տեսնել անօթևանների, հարբեցողների և թմրամոլների բազմություն: Վարկածներից մեկի համաձայն` հավանական է, որ հենց դրանք էլ իրենց հերթական «խրախճանքից» հետո չեն հանգցրել վառած խարույկը, չմարած ծխախոտ են գցել, ինչի հետևանքով էլ բռնկվել է հրդեհը: Շատ հարմար վարկած է, այնպես չէ՞: Իսկ կրակից հետո դեպքի վայր են հասնում վրացի փառապանծ հրշեջ-փրկարարները, հրդեհը փրփուրի փոխարեն մարում են սովորական ջրով և, խնդրեմ, արդյունքում՝ փլվում է տաճարի հարավարևելյան սյունը, հետևաբար՝ նաև գմբեթը: Գործն արված է, կարելի է հանգիստ հեռանալ:
Կասեք՝ պատահականություն է: Չեն լինում այդպիսի պատահականություններ: Ինչու՞: Որովհետև չեն լինում այդպիսի պատահականություններ: Կարիք կա՞ հիշեցնել, որ այս նույն Սբ. Նշան եկեղեցում մի հրդեհ էլ բռնկվել է 2002 թվականին, իսկ երկրորդ անգամ… ընդամենը դեպքից 10 օր առաջ: Գուցե նաև հիշենք, թե ինչպես փլուզվեց Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցին: Կամ հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվեց 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգը: Այս ցանկը կարելի է երկար թվարկել: Իսկ այն մասին, որ նշված կառույցները գտնվում էին ահավոր վիճակում, բազմիցս էր ահազանգվել Վրաստանի իշխանություններին: Պատասխան եղա՞վ:
Իհարկե եղավ: Անցյալ տարվա հունիսին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացումներ արվեցին, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն կդրսևորվի: Ու դրսևորեցին: Վկան՝ վերջին դեպքը՝ Սուրբ Նշանը:
Սակայն վերադառնանք մերոնց: Պատահածի մասին լուրն առնելուն պես (դեպքից 2 օր անց) Հայաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսի գործուղեց գնահատող հանձնաժողով՝ Մշակութային պատմական հուշարձանների պահպանության ընկերության նախագահ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ: Նրանք պիտի տեղում պարզեն մանրամասները, ուսումնասիրեն դրանք և վրացական կողմի հետ քննարկեն համատեղ միջոցառումները: Ուզում եմ հարցնել՝ իսկ հնարավոր չէ՞ր այդ խմբին ավելի շուտ Վրաստան գործուղել: Բայց չեմ հարցնի: Ես էլ մյուսների պես ականջ կդնեմ, թե ինչպես են մասնագետներն ասում, որ եկեղեցու հրդեհն ու փլուզումը Վրաստանի իշխանությունների նպատակադրված քաղաքականության արդյունք է: Ես էլ մյուսների օրինակով հավանություն կտամ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի խոսքերին, ով ասում է. «Վրացական կողմը դա հատուկ է արել, նույն ձեռագիրն է, ինչ որ Քուռի ափին գտնվող հայկական եկեղեցու հետ եղավ. այն հրդեհվեց ու հետո վերականգնվեց վրացական ոճով: Այս դեպքը ևս միտումնավոր է եղել: Ինչպե՞ս կարող էր քարե շինությունը հրդեհվել: Հայաստանի եկեղեցիներում, որ այդքան մոմ է վառվում, հրդեհ չեղավ, իսկ Սուրբ Նշան եկեղեցում այդ ինչը՞ հանկարծ հրդեհվեց»:
Մեր հոգևոր հայրերի սրտացավության հարցում մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Հիմա էլ Էջմիածնում հավաքվեցին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, ժողով արեցին, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը, ուր մասնավորապես ասված էր. «Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել՝ փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»:
Այս անգամ էլ ցանկություն կա մի բան հարցնելու, բայց չեմ հարցնի: Պետք չէ ընդունված ծեսն ընդհատել անպատեհ հարցերով: Սգո սերվիսն իր աշխատանքն է անում: Հարգել է պետք նրանց մասնագիտական գործունեությունը:
Իսկ այդ ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոստացավ, որ իրենք դիմելու են Վրաստանի կառավարությանը՝ բոլոր հայկական տաճարները թեմին վերադարձնելու խնդրանքով, ինչից հետո Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակության հետ այցելեց Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ին: Սա էլ իր դուռը եկած հայերին խոստացավ, թե իր միջամտությունը կբերի բարձրացված հարցի լուծման առնչությամբ: Պատրիարքարանում նաև ասել էին, թե անչափ մտահոգված են տեղի ունեցածի համար և հույս էին հայտնել, որ կանեն ամեն բան, որպեսզի կանխվի եկեղեցու հետագա փլուզումը և իշխանությունների կողմից ձեռնարկվեն միջոցներ տաճարի ամրացման համար: Կարելի է պատկերացնել, թե որքան էր մտահոգ վրաց պատրիարքը, ինչպես էր գիշերներն անհանգստությունից շուռումուռ գալիս և նրա բոլոր խոհերն ու հույզերը պտույտներ էին գործում հայկական տաճարների շուրջ…
Լսեցինք նաև, որ Ռուսաստանում գործող «Ջավախքի սփյուռք» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիի Սուրբ Նշանի փլուզման առնչությամբ ու տեղեկացրել, որ այն բանից հետո, երբ Սուրբ Նշան եկեղեցին կփոխանցվի Վիրահայոց թեմին, իրենք պատրաստ են հոգալ եկեղեցու վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական ծախսերը:
Մի հարց էլ ռուսաստանցի ջավախահայերի համար ունեմ: Բայց դարձյալ կլռեմ:
Սակայն, ինչ կուզեք՝ ասեք, ամենահետաքրքիրը Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն էր, ով ոչ ավել, ոչ պակաս՝ «իրականությանը չհամապատասխանող» անվանեց փլուզման մասին տեղեկատվությունը և նշեց, թե եկեղեցում այրվել էր աղբը, հրշեջները ժամանել են հինգ րոպեի ընթացքում, տեղայնացրել և մարել են կրակը, սակայն որևէ փլուզում չի եղել: Ի դեպ, սա հենց այն Գիորգաձեն է, որի գերբնական հնարավորությունների մասին Սահակաշվիլին լեգենդներ էր պատմում հայերին և պնդում, թե այս մարդն ի վիճակի է հաշված րոպեների ընթացքում չեզոքացնել համաշխարհային ծավալների կատակլիզմներ: Սակայն միայն այն դեպքերում, եթե դրանք «համապատասխանում են իրականությանը»: Իսկ չհամապատասխանելու դեպքում թիվ 1 փրկարարն անելիք չունի ճիշտ այնպես, ինչպես ողջ Վրաստանի իշխանությունը, ինչպես մերոնք, որ սովոր են հետին ամսաթվով հոխորտանքներ տեղալ, ինչպես նրանք, ովքեր կառուցման համար փող են տալիս միայն ավերվելուց հետո, նրանք, ովքեր մասնագետ են ուղարկում, երբ բանը բանից անցել է, նրանք, ովքեր միշտ վերջինն են գործի մեջ և առաջինը, եթե սգալ է պետք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s