Պահոց | 9:45 ե.

Նոր տարվա ամենամեծ քաղաքական շանտաժը

12 Հնվ

Արևմուքի նկրտումներին հակազդելու Իրանի խաղաքարտերն ակնհայտորեն լիովին բավարար են, և դրանցից հերթականը նրանք գործադրեցին անմիջապես տարեսկզբից: Ամեն ինչ սկսեց այն պահից, երբ այդ երկրի փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարեց, թե Իրանը կփակի Օրմուզի նեղուցով նավթատար նավերի անցումը, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ ընդունեն իրանական նավթի արտահանման վերաբերյալ: Նրա խոսքով, իրենք այլ երկրների հետ զուտ խաղաղ հարաբերությունների նպատակներ ունեն, սակայն արևմտյան պետությունները շարունակում են ճնշում գործադրել Իրանի վրա: «Եթե նրանք չդադարեցնեն Թեհրանի հանդեպ իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, Իրանը ստիպված կլինի կոպիտ պատասխան տալ»,- սպառնաց Ռահիմին և որպես ասվածի ապացույց խոստացավ, որ իրանական զինված ուժերը նեղուցի հրատապ շրջափակման վարժանքներ կիրականացնել: Դրանք առավել առարկայական դարձան հատկապես այն ժամանակ, երբ Իրանին պատկանող սուզանավերը հայտնվեցին Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ջրերում, իսկ զորվարժություններն իսկապես տեղի ունեցան: «Աշխարհը 24 ժամ էլ չի դիմանա առանց Պարսից ծոցի էներգակիրների»,- նույն օրերին հայտարարեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին։ Պատասխանելով հարցին, թե կփակի արդյո՞ք Իրանը Օրմուզի նեղուցը, Ֆադավին ասել էր, որ այդ տարբերակը բազմիցս քննարկվել է։ Ծովակալն ընդգծել էր, որ «աշխարհն առանց նավթի չի կարող կանգնած մնալ երկու ոտքերի վրա»։
Ծնկները ծալող աշխարհի մասին այս մռայլ կանխատեսումները թերևս այնքան էլ չափազանցված չպիտի թվան, եթե հաշվի առնենք, որ հիշյալ նեղուցով են անցնում համաշխարհային նավթատար նավերի մեկ երրորդը: Դրա փակման դեպքում համաշխարհային շուկաներում կարձանագրվի նավթի անխուսափելի պակասորդ, հետևաբար նաև նավթամթերքի գների աճ: Բայց դրա հետ մեկտեղ արժե հիշել, որ Օրմուզի նեղուցը միջազգային տարածք է համարվում, հետևաբար, անցնելու իրավունք ունեն բոլոր երկրների նավերը, իսկ դրանց տեղաշարժի արգելափակումը այլ բան չէ, քան բացահայտ մարտահրավեր՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Սա էր պատճառը, որ սպառնալիքների պատասխանները ակնհայտորեն խիստ էին, իսկ ձեռնարկված քայլերը՝ անհապաղ: Այսպես, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարեց , որ թույլ չի տա Թեհրանին՝ դադարեցնել առևտրային նավագնացությունը, և այնտեղ ուղարկեց իր ավիակիրները: Մեծ Բրիտանիան իր հերթին որոշեց ուժը ցուցադրել և այդ նպատակով Պարսից ծոց առաքեց թագավորական նավատորմի HMS Daring էսմինեցը, որը ներկայում համարվում է աշխարհում ամենահզորներից մեկը, եթե ոչ` ամենահզորը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարեց, որ նեղուցի արգելափակման ցանկացած փորձ անօրինական կհամարվի և անհաջողության կմատնվի: Այդ ընթացքում Եվրոպան և ԱՄՆ-ը զուգահեռաբար սկսեցին մշակել արտակարգ ծրագիր այն դեպքերի համար, եթե իրանական ուժերն այնուամենայնիվ գնան ծայրահեղ քայլի ու ոչ միայն փակեն նեղուցը, այլև նավթի մատակարարման դադարեցման և տարածաշրջանում որոշ ժամանակ լարվածության պահպանման առիթ ստեղծեն: Միջազգային էներգետիկ գործակալությունը տեղեկացրեց, որ ճգնաժամի պայմաններում իր ռազմավարական պաշարների հաշվին կարող է թողարկել օրական 14 մլն բարել վառելիք:
Իրանական շանտաժը կարծես թե լիովին արդարացնում էր իրեն՝ ապահովելով անհրաժեշտ խուճապն ու իրարանցումը: Սակայն պետք է նաև նկատել, որ ոմանք անմիջապես որոշեցին պղտորված ջրերում որս անել և իրենց ծառայությունները սկսեցին առաջարկել մտահոգված երկրներին: Առաջիններից մեկը Սաուդյան Արաբիան էր, որը հայտարարեց, թե Իրանի նավթի արտահանումը նվազելու պարագայում իր նավթը կարող է զբաղեցնել իրանական նավթի արտահանման տեղը: Սա առիթ դարձավ, որպեսզի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունն աճի, և Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին զգուշացրեց նեղուցի մասին, որի փակումը ռազմավարական քայլ կլիներ:
Հաջորդ հավակնորդը Էմիրություններն էր: Հայտնի է, որ ԱՄԷ-ն կառուցում է մի նավթամուղ, որը շրջանցելով Օրմուզի նեղուցը, կսկսի գործել այս տարվա հունիսից: Ըստ այդ երկրի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ Համլիի, շինարարությունն «արդեն գրեթե ավարտվել է»: Այլևս գաղտնիք չէ, որ դա կառուցվում է ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիմակայության սրման դեպքի համար: Ճիշտ է, նավթամուղը կկարողանա միայն մասնակիորեն փոխարինել տարածաշրջանից համաշխարհային շուկա առաքվող նավթը (խոսքը գնում է ԱՄԷ-ում արդյունահանվող ածխաջրածինների մասին), բայց և այնպես դրա թողունակությունը կազմում է օրական 1,5 մլն բարել և կարող է ավելանալ մինչև 1,8 մլն: Հիշենք, որ ներկայումս Օրմուզի նեղուցով արտահանվում է օրական մոտ 20 մլն բարել նավթ:
Գալով Իրանի մտադրություններին և դրանք կյանքի կոչելու հավանականությանը, միանգամից ասենք, որ Արևմուտքը ոչ մի դեպքում թույլ չի տա, որպեսզի նման կենսական նշանակություն ունեցող ուղին փակվի: Արժե նաև հիշել, որ Իրանը ժամանակին միջպետական պայմանագիր է ստորագրել, ըստ որի փաստացի ինքն է իր ձեռքով նեղուցը դարձրել միջազգային օգտագործման տարածք: Եվ հասկանալի է նաև, որ այսօր Իրանի հայտարարությունը Օրմուզի նեղուցի շրջափակման մասին այլ բան չէ, քան իր միջուկային ծրագրից աշխարհի ուշադրությունը շեղելու կամ ժամանակ շահելու հերթական փորձ: Ինչ վերաբերում է կանխատեսելի հեռանկարին, ապա ինչպես իրավացիորեն նկատել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի հարցերով հետազոտական ծրագրերի տնօրեն, փորձագետ Ալեքսանդր Ռարը, «եթե Թեհրանը փակի Օրմուզի նեղուցը, պատերազմ կլինի»: Իսկ Թեհրանը պատերազմ չի ցանկանում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements
%d bloggers like this: