Պահոց | 4:36 ե.

Կերակրատաշտի հացկատակները

10 Հնվ

Յուրաքանչյուր քաղաքացու համար հաճելի է, երբ իր վաստակն ու աշխատանքը գնահատվում է: Կան գնահատման մի քանի եղանակներ: Եթե պետության գրպանները դատարկ են, նա բավարարվում է պարգևներ բաժանելով: Այդ պարգևներ ստացողներն էլ իրենց հերթին են ըմբռնումով վերաբերվում ստեղծված իրավիճակին և վերցնում են այն, ինչ տալիս են իրենց: Սակայն նույնիսկ այս պարագայում գործում է երկու կարևոր սկզբունք՝ առաջինը պարգևատրվողի բարոյականությունն է, իսկ երկրորդը հասարակության վերաբերմունքը: Նա, ով ստանում է, հաշվի է առնում, թե ումից է ստանում, ինչի համար և արդյո՞ք իր անձն ու գործը արժանի են այդպիսի վերաբերմունքի: Երկրի քաղաքացիներն էլ իրենց հերթին դիրքորոշում հանդես բերում՝ քաջալերելով կամ դատապարտելով այս կամ այն անհատին բարձր կոչման, խրախուսման ներկայացնելու փաստը: Բոլորս հրաշալի հիշում ենք դեպքեր, երբ ոմանք ետ են վերադարձրել կամ չեն ընդունել իրենց պարգևները՝ դա հիմնավորելով ինչ-ինչ հանգամանքներով: Էլ ավելի լավ ենք հիշում այն դեպքերը, երբ պարգևատումը վերածվել է ծաղրանքի ու զավեշտի թեմայի: Ինչպես նախորդ, այնպես էլ հաջորդ իրավիճակում խիստ ակնառու է եղել, թե հանուն ինչի են մարդիկ դիմել այդ քայլին և որտեղ է թաղված շան գլուխը:
Մեր հանրապետությունում պարգևատրման գործառույթը արդեն վաղուց ձեռք է բերել այնպիսի խեղված ու այլասերված նկարագիր, որ շատերի համար վերածվել է ծանր վիրավորանքի կամ անեծքի պես մի բանի: Բազմաթիվ դեպքերում դա պարզապես վարկաբեկման տանող ամենակարճ ճանապարհն է, ճիշտ այնպես, եթե մարդուն մեղադրես կաշառք վերցնելու կամ տալու համար: Այսինքն ստանալ պարգև՝ նույնն է, թե անձդ ու հոգիդ վաճառես կասկածելի ու քամահրելի նպատակի համար: Իսկ քանի որ երկիրը փոքր է, և համարյա բոլորն իրար ճանաչում են, ապա շատ հեշտ և արագ հայտնի է դառնում, թե ով, ինչի համար և որքանով ծախեց իր արժանապատվությունը:
Նրանք, ովքեր դեռ բավարար խելք ու շրջահայացություն ունեն, նախընտրում են չարիքի փոքրագույնը՝ այսպես կոչված «ստվերային» պարգևատրումը, ինչը ենթադրում է, որ ծեսը չի կայանա հրապարակավ, բայց նա իր մատուցած ծառայությունների համար ծածուկ կարգով կստանա որևէ քաղցր պատառ: Սակայն մեծամասամբ դա կատարվում է բոլորի աչքի առաջ երկու հիմնական պատճառով՝ նախ, այդպես է ցանկանում նա, ով տալիս է պարգևը, քանի որ սույն փաստը հավատարմության երդման պես մի բան է ու դրա դրժումը վաղը կարել է օգտագործել որպես ծանրակշիռ «կոմպրոմատ», և երկրորդ, մարդկային փառասիրությունը հաղթում է առողջ բանականությանը, իսկ այդ թույլ լարերի վրա նվագելը մեծ դժվարություն չի ներկայացնում: Ու թերևս այս երկու հանգամանքներով է բացատրվում նաև պարգևների ու պարգևատրվողների այսչափ առատությունը: Հիմա ով ասես, որ մրցանակներ չի սահմանում: Տալիս են՝ ինչ պատահի՝ էլ «Տարվա մարդ», «Ամսվա մարդ», «Օրվա մարդ» կոչումներ, էլ պատվոգրեր, գովասանագրեր ու դիպլոմներ, էլ դրամական պարգևներ ու նվերներ, վաստակավորի ու վաստակաշատի պիտակներ, մրցույթային անվանակարգերի դափնիներ, 13-րդ աշխատավարձ, ուղեգիր… Փոխարենը դրանք վերցնում են դարձյալ՝ ով ասես: Ինչպես ասում են՝ պահանջարկը առաջարկ է ծնում: Եվ պտտվում է մեր ուրախ կարուսելը վիճակախաղի թմբուկի նման, որտեղից պիտի դուրս գան մեծ-մեծ շահումները…
Կա այսպիսի պատմություն՝ կապված Վիլյամ Սարոյանի կյանքի մի դրվագի հետ: Ասում են, որ երբ ԱՄՆ-ու նրան ներկայացնում են բարձր մրցանակի, ինչը նաև ենթադրում էր պատկառելի գումարային պարգևատրում, Սարոյանը կտրականապես հրաժարվում է թե մեկից, թե մյուսից: Գրողի հիմնավորումը հետևյալն էր. «Ո՞վ է պետությունը, որ ինչ գնահատի ու վճարի, ես գրող եմ, ստեղծագործող, ազատ քաղաքացի»: Ինչ խոսք, Սարոյանը կարող էր իր մեծության բաձրունքներից թույլ տալ նման զոհաբերություն: Իսկ ի՞նչ սպասել այն գաճաճներից, ովքեր մի օր արթնանում են և ճուռ հայելու մեջ տեսնում են իրենց խղճուկ պատկերի ուռճացված տարբերակը և… հավատում են հայելուն, ոչ թե սեփական արժեքի իրական չափերին…
Այս ամենի մասին կրկին ու վերստին խոսելու անհրաժեշտությունը երևի չլիներ, եթե համբերության բաժակը չլցվեր վերջին կաթիլից: Օրերս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևների արժանացան մի խումբ պաշտոնյաներ: Այդ ցանկի թվարկումն արդեն իսկ բավական է պատկերացնելու այն ողջ ծաղրն ու ողբերգությունը, որին ենթարկվում է մեր երկրի արժեհամակարգը…
Եվ այսպես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Մխիթար Գոշի մեդալով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը…
Շարունակե՞նք: Հավատացնում եմ ձեզ, շարունակության մեջ ևս չեք հանդիպի որևէ արժանավորի անվան: Չեք հանդիպի, քանի որ Հայրենիքին միայն սրանք են ծառայություն մատուցում, քրտինք թափում, գիշերներ լուսացնում, քաղցած ու թշվառ գոյություն քարշ տալիս հանուն այն բանի, որ Հայաստան երկիրը ծլի ու ծաղկի: Մյուսները (մյուսներս) սոսկ սպառողներ ենք, անշնորհակալ, երախտամոռ արարածներ, որ անընդունակ ենք գնահատելու մեծերի վաստակը, ըստ հարկի նրանց մեծարելու և փառաբանելու: Ու այսպես էլ դեռ ապրելու ենք՝ բաժան-բաժան: Վաստակավորները՝ մի ափին, անվաստակները՝ մյուս:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: