Ծուռ հայելիների թագավորությունում

13 Դկտ

Բաքվում ինչ-որ բան է կատարվում: Կամ այնտեղ հիմնավորապես խճճվել են իրենց իսկ նետած ցանցերի մեջ ու այլևս ի վիճակի չեն միանշանակ դիրքորոշում ձևավորել, կամ սկսել են հրապարակային մակարդակով մի այնպիսի խաղ խաղալ, որի հետևանքները հազիվ թե որևէ լավ բան խոստանան: Առաջինը, ինչն աչքի է զարնում, ադրբեջանցիներ բացահայտ առճակատումն է բոլոր կողմերի հետ: Ընդ որում, նրանց համար ամենևին էական չէ, թե խոսքն ինչի մասին է, քանի որ յուրաքանչյուր դեպքի համար պատրաստ կա միևնույն պատասխանը. «Այստեղ խառն է հայերի մատը»: Ասվածի վերջին և ամենաակնհայտ օրինակը դարձավ Բաքվի արձագանքը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթին, որտեղ վերջինս կոշտ քննադատության էր ենթարկել մարդու իրավունքների և ազատությունների վիճակն Ադրբեջանում՝ այդ երկրին համեմատելով Զիմբաբվեի հետ: Արձագանքը չուշացավ և այն եկավ հենց նախագահի աշխատակազմից: Աշխատակազմի արտաքին կապերի հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ոչ միայն ծաղրական տոնով մեկնաբանեց Քլինթոնի հայտարարությունը, այլև Վաշինգտոնին մեղադրեց կողմնապահության մեջ՝ պնդելով, թե նրանք անտեսում են «հայկական ագրեսիայի» զոհ դարձած գրեթե 1 միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների իրավունքների խախտումները: Սակայն սա միակ մեղադրանքը չէր: Հետո Բաքուն պնդեց, թե Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից անբնական սեր գոյություն ունի: «ԱՄՆ-ում խորը լռություն են պահապանել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանում կոպտորեն կեղծել են ընտրությունները, իսկ բողոքողների ցրման ընթացքում սպանվել է 30 մարդ։ Եթե նույնիսկ Հայաստանի բանտերում նստեն հարյուրավոր քաղբանտարկյալներ, իսկ իշխանությունները փակեն բոլոր ԶԼՄ-ները և հայտարարեն արտակարգ իրավիճակ՝ ԱՄՆ-ում կպահպանեն գերեզմանային լռություն։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ հայկական համայնքի առջև ինչ որ պարտավորություններ ունի, որն ինչպես մամլո կառույցներին, այնպես էլ պաշտոնական անձանց ստիպում է՝ բացասական գնահատականներ արտահայտել բացառապես Ադրբեջանի մասին, դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի մասին արտահայտվել միայն դրական առումով»,- հավելում էր Մամեդովը։
Այդպես էլ տարակուսանքի մեջ թողնելով բոլոր նրանք, ովքեր լիովին չըմբռնեցին, թե ի՞նչ պիտի շահեր Ադրբեջանը և ինչպե՞ս պիտի շտկվեր այդ երկրում մարդու իրավունքների վիճակը, եթե ամերիկացիները հայերին նույնպես քննադատեին, Բաքուն նույն ոգևորությամբ շարունակեց երկակի ստանդարտներ կիրառող նոր մեղավորներ փնտրել, և հաջորդ թիրախը դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դարձյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ստանձնեց միջնորդների «պորտը տեղը դնելու» առաքելությունը և Մինսկի խմբին մեղադեց նրա համար, որ Ղարաբաղի խնդրով բանակցություններն ու ձեռնարկվող քայլերը ցանկալի արդյունք չեն տալիս։ Բողոքելով, որ իբր արդեն 7 տարի բանակցություններն անցկացվում են նախ Պրահայի գործընթացի, այնուհետև մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն այդ ընթացքում միջազգային հանրությունը, իրենք՝ համանախագահները, և բանակցություններին մասնակցող Ռուսաստանի նախագահը հերթական անգամ ականատեսը դարձան տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը ձգձգելու Հայաստանի փորձերին, իսկ հայերի կողմից առաջ քաշած բոլոր առաջարկություններն էլ անընդունելի են համաշխարհային հանրության համար, Բաքուն եզրահանգում էր. «Մոտ 20 տարի է՝ համանախագահները անարդյունք այցեր են կատարում տարածաշրջան։ Կա՞ արդյոք այդ խմբի գործունեության շարունակման անհրաժեշտություն, եթե յուրաքանչյուր պետությունից մեկական պրոֆեսիոնալ քաղաքագետ չեն կարողանում միանալ այդ գործընթացին և արդյունավետ քայլեր ձեռնարկել: Այդպես շարունակվել չի կարող։ Նրանք պետք է կոնկրետ դիրքորոշում ցուցաբերեն և կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը՝ հայկական զորքերը դուրս բերեն օկուպացված տարածքներից։ Եթե կա միջազգային իրավունք, ապա դա պետք է կիրառել։ Այդ ժամանակ համանախագահներն էլ կիմանան, թե ինչ պետք է անել և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր»:
Նույնիսկ ծիծաղելի է, որ առ այսօր Ադրբեջանում կարծում են, թե ինչ-որ մեկը պարտավոր է գալ և լուծել իր խնդիրները: Նրանք անկեղծորեն զարմանում են, երբ միջնորդներն ասում են՝ «Ինքներդ պայմանավորվեք, որպեսզի մենք աջակցենք»: Այս տարբերակը բոլորովին Բաքվի սրտով չէ: Ու քանի որ անհնար բան է խոստովանելը, որ ըստ էության որդեգրած քաղաքականությունը լիակատար ձախողում է ապրում դիվանագիտական դաշտում, հրապարակ է գալիս հաջորդ տարբերակը՝ այն է, նույն աղբյուրից երկու հակասական կարծիքներ հնչեցնելը կամ քայլեր ձեռնարկելը: Եվ ստացվում է, որ մինչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը չի վստահում միջնորդներին, նույն երկրի ԱԳ նախարարությունը հաշված օրեր առաջ միանում է այն հայտարարությանը, որում իր երախտագիտությունն էր հայտնում համանախագահ պետություններին՝ նրանց կառուցողական գործունեության համար:
Վերադառնալով տարակուսանք հարուցող իրադարձությունների շղթային, չենք կարող չհիշատակել դրանցից նվազագույնը երեքը, որոնք որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Առաջինը մեր հարևանների բուռն մղումն է՝ այցելել Ղարաբաղ, ինչպես նաև կազմակերպել հայերի ու ադրբեջանցիների հանդիպումներ: Թվում է՝ դատապարտելի ոչինչ չկա. ուզում են՝ թող այցելեն: Սակայն նույնիսկ այս դեպքում նրանք խնդիրն այնպես են ներկայացնում, որ այլևս որևէ ցանկություն չի մնում շփման մասին մտածելու համար: Պնդելով, թե հայկական կողմն ամեն կերպ խուսափում է հանդիպումից, Բաքվում իսկույն հետևության են հանգում. « Երևի կառավարությունը նրանց թույլ չի տալիս դա անել», իսկ հետո ասում են մի բան, որն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Պարզվում է, որ հայկական և ադրբեջանական համայնքները արդեն մի քանի անգամ հանդիպել են, բայց արի ու տես, որ այս հերթական հանդիպման ժամկետը չի նշանակվել, ու դրա մեղավորը ռազմատենչ հայերն են:
Այն, որ ոչ մի հանդիպում էլ չի եղել ու չի սպասվում, բոլորը գիտեն: Իսկ սուտը քաղաքական կատեգորիա հռչակող Ադրբեջանում այս մեթոդը դեռ կիրառվում է ողջ թափով՝ ստեղծելով այն պատրանքը, թե իբր բարի կամքն ու պարզված ձեռքը չեն արժանանում ուշադրության: Ի դեպ, պատրանքների ոլորտում այնտեղ վաղուց լուրջ հաջողությունների են հասել: Այլ կերպ չես անվանի Բաքվի հերթական նախաձեռնությունը, որոնք դեռ որևէ հարց չլուծած արդեն խոսում են այն մասին, թե իբր… Ադրբեջանի և Հայաստանի միջև կքնարկվեն սահմանի սահմանագծման հետ կապված հարցերը։ Այդ մասին հայտնող Ադրբեջանի հողի և քարտեզագրության հարցերով պետկոմիտեի նախագահ Ղարիբ Մամեդովը հավաստիացնում է, թե այդ ուղղությամբ բանակցություններ են սպասվում Ադրբեջանի և բոլոր սահմանամերձ պետությունների միջև, և ըստ այդմ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին պայմանական կարգավիճակ տրամադրել ու դա հաշվի առնել սահմանները գծելու կառավարության քաղաքականության ժամանակ:
Ահա այսպես, դեպքերից, իրադարձություններից, ժամանակից առաջ սլացող Ադրբեջանում այսօր քննարկում են են այնպիսի թեմաներ, որ կարծես Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է և ընդամենը մնացել են հարակից հարցերը, իսկ իրենք մտահոգ են օր առաջ դրանք կյանքի կոչելու համար: Ասվածին եթե գումարենք նաև այն, որ բոլորովին վերջերս այդ երկրի խորհրդարանում պետական բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման հարցը, ապա ամբողջական կդառնա այն մեծ աբսուրդը, որի մեջ խրվել են հարևանները և որևէ ցանկություն չունեն ձերբազատվել դրանից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել մեկնաբանություն