ԿՀԱԴԱԿՌԱՋ ԳԻՐԻ

11 Դկտ

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Բակում շաղ տված հատիկների պես փռված են ճանապարհները` խաչմերուկներ, հրապարակներ, նրբանցքներ, կածաններ, արահետներ…
Այնուամենայնիվ, ես ճանապարհ եմ փնտրում: Այս հազարավոր ճանապարհներից ինձ միայն մեկն է պետք: Այնպիսի ճանապարհ, որ ուղիղ լինի, բոլորովին ուղիղ, ինչ-որ մի տեղում քարուքանդ չլինի, ինչ-որ մի տեղում պատնեշված չլինի. մի հեշտ, բայց… վերջին…
Սա նորաձևության խանութների փողոցն է: Այստեղով քայլող անհամար ջահելների քաղցր ծիծաղը փողոցն է՜լ ավելի է գեղեցկացնում: Ասում են` սա նոր փողոց է: Սակայն նոր սերունդներին պատմական ուղեցույց չի կարող դառնալ, որովհետև այստեղ միայն ներկայի` աչք ծակող ագահությունն է:
Մի քանի ճանապարհ կտրել-անցնելով` հասնում եմ մի կեղտոտ արահետի: Դրա եզրին թզենու տակ նստած մի ծերուկ նարգիլե է ծխում:
Հարցնում եմ.
–Պապի՜կ, այս ճանապարհն ու՞ր է տանում:
Ուշադիր ու երկար նայելուց հետո, նարգիլեից ծուխ բաց թողնելով, ասում է.
–Քարանձավ: Այս ճանապարհն ուղիղ գնալով քարանձավ ես հասնում, և այնտեղ դրա վերջն է:
Հոգումս հետաքրքրություն է արթնանում: Ճանապարհն էլ է վերջ ունենում: Իսկ ինչպիսի՞ն է այդ փակուղին, այդ վերջը:
Մի քիչ էլ ծերուկի գործողություններին հետևելուց հետո նորից եմ հարցնում.
–Արդյոք ես կարո՞ղ եմ հասնել այնտեղ:
–Անպայման: Այս ճանապարհով գնացողը հենց այնտեղ էլ հասնում է,– ծերուկի վստահ ձայն:
Հիմա ես քայլում եմ քարանձավ տանող, վերջ ունեցող այս փողոցով:
Դեպի քարանձավ տանող այս ամայի ամբողջ ճանապարհին ես երաժշտություն եմ լսում: Յոթնաստեղ երաժշտություն` ռիթմ ու մեղեդի, ուրախություն ու թախիծ: Քայլելով ես շատ հեռու եմ հասնում: Մեկ տապ է, մեկ` ստվեր: Հետո մի այլ շատ փոքր արահետի եմ հասնում: Երևի մարդկանց քայլելուց ակամա է առաջացել: Չէ՞ որ այսպես է ստեղծվում նորը:
Այնուամենայնիվ, քարանձավին չեմ հասնում: Տեսիլքի նման որքան ցանկանում եմ մոտենալ, ճանապարհն այնքան հեռու է փախչում: Բայց տարօրինակ է. այն ինձ չի լքում, ուղիղ է, որևէ տեղ չի պատնեշվում: Չէ՞ որ իմ հավանած ճանապարհն է:
Ժամանակի ծանր պայմաններին բախվելիս հուսալի ձևեր սովորեցնող ճանապարհ: Յուրաքանչյուր քայլին իր առանձին անունով ծանոթ` Հանրապետության պողոտա, Ռ. Ջ. փողոց, Աշոկի մայրուղի,…տարբեր վայրեր, տարբեր անուններ:
…Երբ ես հանգստանալ եմ ուզում, հեռու՛-հեռվում մշուշի մեջ քարանձավի ուրվագծերն եմ նշմարում: Չնայած մարմնական հոգնությանը` իմ հոգում դեռ բուռն ոգևորություն է: Ես չհանգստանալով առաջ եմ գնում` հիմա մեծ արագությամբ: Ենթադրում եմ` քարանձավը մոտենում է: Հենց իմ` քարանձավ հասնելուց առաջ մի տագնապի ազդանշան է լսվում: Ոտքերս ընդարմանում են: Սա ի՞նչ ազդանշան է: Ու՞մ ազդանշանն է: Հո այստեղ չի՞ ճանապարհի վերջը, վերջին կանգառը: Անկասկած, այս ազդանշանը կարող է հենց ճանապարհինը լինել: Չգիտեմ` ինչ անել: Ինձ համար այս ճանապարհն ու կանգառը հանելուկ դարձան:
Այս ճանապարհով ինչքա՛ն մարդիկ են անցել` թիվ ու հաշիվ չկա: Բուդդան էլ է այս ճանապարհով անցել, Աշոկն էլ: Ծերուկն ասում էր` այս ճանապարհով ինչքան մարդիկ անցել են, նրանց վերադարձը չի տեսել: ՙՉի տեսել՚… Ոտքերս նորից դողում են: Թուլանում են: Ի՞նչ հանելուկ է սա:
Կանգ չեմ առնում: Քայլելն իմ պարտականությունն է` կատարում եմ: Երկինքն ամպերով է պատվում: Ամպամածությունը քարանձավի ուղղության սարսափն է՜լ ավելի է ուժեղացնում: Այնուամենայնիվ, իմ մեջ հետաքրքրություն կա, կասկած չկա: Երևի դրա համար էլ չեմ վախենում: Վախը մարդու կյանքի մասնակի խոչընդոտ է:
Իմ պինդ ոտքերը, երբ հասնում են քարանձավին, իմ հոգու ամբողջ խանդավառությունը մարում է: Քարանձավում թանձր մթություն է տիրում: Ես ճանապարհը գտնելու փորձ եմ անում, ճանապա՛րհ: Ճանապարհի վերջին կանգառը: Այն, ինչը վերջին կանգառ է համարվում: Սակայն ես թանձր մթության այս մշուշը չեմ կարողանում ճեղքել: Չորս կողմը փռված մթության պատճառով ոչինչ էլ չեմ տեսնում… Անզորություն… Ես ինձ կույր եմ զգում:
Երբ անկարող եմ դառնում ցրել չորս կողմս փռված այս թանձր խավարը, այդժամ սիրտս սկսում է արագ բաբախել, և վախն ակամա պատում է ինձ: Ա՛հ… ա՛հ… Մարմինս դողում է… Համրանում եմ ու քարանում… Արդյոք սա՞ է ճանապարհի վերջին կանգառը, որտեղ հասնելով մարդու մարմինն ամբողջությամբ թուլանում է… Վերջին վա՛յրը: Երևի վերջին ճանապա՛րհը: Եվ ես անէանում եմ:

Թարգմ. Գայանե Աղամալյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s