ԻՆՉՈ՞Ւ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ

9 Դկտ

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում էր.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։
Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել։ Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել եւ աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել՝ պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով։ Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին՝ թիկունքից, երկրորդին՝ առջևից, երրորդին՝ աջից, չորրորդին էլ՝ ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին։ Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները։ Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.
-Ուրախ լեր և զվարճացիր, կեր, խմիր, և թող քո սիրտն ուրախանա։
-Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանեց եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ։ Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ՝ փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ՝ բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով։ Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ոչ ուտել, ոչ խմել, ոչ էլ ուրախանալ։
Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
-Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար։ Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ։ Երբ առաջ եմ նայում՝ մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը։ Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են։ Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավաղ, բավականաչափ չկատարեցի ու նրանց բարի խրատներին չհետևեցի։ Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s