ՀՐԱԶԴԱՆԻ ՄԵԾ ԿԱՄՈՒՐՋԸ. ԴԺՎԱՐ ԾՆՈՒՆԴ

5 Դկտ

Հայաստանի կամրջաշինության պատմությունն ունի հարուստ անցյալ։ Պատմական աղբյուրները հիշատակում են «Տափերական» կոչվող կամուրջն Արաքսի վրա, Մեծամորի կամուրջը և այլն։ 20-րդ դարում լայն տարածում ստացավ մետաղական ապա նաև երկաթբետոնե կոնստրուկցիաներով կամրջաշինությունը։ Կամուրջների այս վերջին խմբին է պատկանում նաեւ Երևանում կառուցված Հրազդանի Մեծ կամ (ինչպես այսօր են ասում) Կիևյան կամուրջը:
Հետպատերազմյան տարիներին, հաշվի առնելով Երեւանի հյուսիս- արեւմտյան ուղղության զարգացման հիմնախնդիրները և Երևանն Աշտարակի հետ բարեկարգ մայրուղով կապելու անհրաժեշտությունը, Երքաղխորհուրդն իր 1946թ. ապրիլի 16-ի թիվ 7/27 որոշմամբ առաջարկում է Ծիծեռնակաբերդի բարձունքի մոտ` Զանգվի վրա, կառուցել քաղաքային ձևի կամուրջ, որի նախագծային լայնությունը լինելու էր 31 մետր։ Կամրջի նախագծման աշխատանքների համար նախատեսվում էր ծախսել 260 հազ. ռուբլի։
Կամրջի նախագծման աշխատանքները կատարվել է «Երքաղնախագծի» կողմից`ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Շինանյութերի և շինությունների ինստիտուտի մասնակցությամբ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Վ. Փինաջյանը, որին օգնել են` «Երքաղնախագծի» մասնագետներ Ս. Դուրգարյանը, Ս. Մազմանյանը և Մ. Գրիգորյանը։ Երքաղխորդի 1948թ. հուլիսի 20-ի որոշմամբ հաստատվում է կամրջի նախագծային աշխատանքը, ըստ որի` կամրջի բանուկ մասը կազմելու էր 26.4 մ., բարձրությունը 62 մ. և երկարությունը 250 մ.։ Կամուրջը կառուցվելու էր բազալտից և բետոնից։ Շինարարության արժեքը կազմում էր 9760 հազ. ռուբլի։ ՀԽՍՀ 1950թ. մարտի 13- որոշմամբ հաստատվում է կամրջի տեխնիկական նախագիծը և գլխավոր նախահաշիվը: Կամուրջը լինելու էր գետային կամարաձև թռիչքով, վերևի 103մ. երկարությամբ երթային մասով։
Կամրջի շինարարությունն իրականացնելու նպատակով ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1949թ. հունիսի 1-ից կազմակերպվում է հատուկ շինարարական գրասենյակ։ Կամրջի շինարարությունը պետք է ավարտվեր 1951թ. վերջին։ Կամրջի շինարարությունը սկսվեց 1949թ. կեսերից։
1950թ. մայիսի 24-ի նիստում Երքաղքորհրդի գործկոմը, քննարկելով կամրջի շինարարության ընթացքը, գտնում է, որ բետոնապատման աշխատանքների որակը բավարար չէ և չեն պահպանվում այդ աշխատանքների տեխնիկական պայմանները։ Ելնելով վերոհիշյալից, հանձնարարվում է թերությունների վերացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։ Շինարարությունն արագացնելու և ժամանակին շահագործելու նպատակով, խնդրվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին 1951թ. 1-ին կիսամյակում շինարարական աշխատանքների կազմակերպման համար հատկացնել նաև կալանավոր բանվորների (կալանավորների ներգրավումը կամրջի շինարարության մեջ բացատրվում էր աշխատուժի էժանությամբ) և աշխատեղների թիվը թիվը հասցնել 800-ի։
Արդյունքները շուտով զգացնել են տալիս։ Նույնիկս ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ Զանգվի կամրջի շինարարական գրասենյակը 1-ին կիսամյակում ձեռք բերած հաջողությունների համար պարգեւատրվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի փոխանցիկ Կարմիր դրոշով եւ 15000 ռուբլի պարգևավճարով: Սակայն, չնայած գործադրած ջանքերին, կամրջի շահագործման հանձնումը 1951թ. ձախողվում է։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են ծրագրերի թերակատարման, հավելագրումների, խախտումների ու յուրացումների բազմաթիվ փաստեր, որոնց համար շինգրասենյակի մի շարք պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Հարցը քննարկվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նիստում և կամրջի շահագործման ժամկետը սահմանվում է 1952թ. տարեվերջը։
Բայց հենց այդ ժամանակ էլ կատարվում է անսպասելին ու ողբերգականը։ 1952թ. հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 15.05-ին, բետոնալցման աշխատանքների կատարման պահին փլուզվում է կամրջակամարը, որի վրա աշխատում էին մարդիկ։ Զոհվում են 47 հոգի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, իսկ շատերն էլ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դա մայրաքաղաքի կյանքի մեծագույն աղետներից մեկն էր, որի մասին տասնամյակներ շարունակ ոչինչ չի գրվել ու ասվել:
Կազմվում է կառավարական հանձնաժողով, Մոսկվայից հրավիրվում են հատուկ մասնագետներ վթարի պատճառներն ու պատճառված նյութական վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի գնահատմամբ, վնասի չափը կազմել էր 985771 ռուբլի: Այն օրերի համար դա ահռելի գումար էր:
Իսկ որո՞նք էին կամրջակամարի փլուզման հիմնական պատճառները։ Ըստ ԽՍՀՄ «Կամուրջտրեստի» նախագծա-կոնստրուկտորական բյուրոյի պետ Ե.Ա.Սիդորովի եզրակացության, Զանգվի կամրջի կարծր մետաղյա կամրջակամարի փլուզման անմիջական պատճառը մոնտաժային տարրերի հեղույսային միացումներում էլեկտրաեռակցման, մոնտաժային տարրերի ելման շեղահենակի երկրորդ անկյան, եռակցվող տարրերի երկրորդ երեսում եռակցման բացակայությունն էր, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային ու տեխնիկական վերահսկողության բացակայությունը։
Վթարի հետևանքների վերացումից հետո ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1952թ. սեպտեմբերին վերսկսվում է կամրջի շինարարությունը և շահագործման հանձնման ժամկետ է սահմանվում 1953թ. վերջը։ Սակայն կամրջի շինարարությունը ձգձգվում էր, և Երքաղխորհրդի որոշմամբ կամրջի շահագործման հանձնման նոր ժամկետ է սահմանվում 1955թ. հոկտեմբերի 20-ը։
Հրազդանի Մեծ կամրջի շինարարության աշխատանքներն ավարտվեցին 1955թ. դեկտեմբերին։ Այդ կապակցությամբ Երքաղխորհուրդը առաջարկեց կազմել Զանգվի կամրջի շահագործման հանձնման ու ընդունման կառավարական հանձնաժողով։ Հանձնաժողովին հանձնարարվում է մինչև 1956թ. հունվարի 15-ը ՀԽՍՀ նախարարների խորհրդին ներկայացնել կամրջի շահագործման ընդունման պետական ակտը։
Զանգվի Մեծ կամրջի գլխավոր թռիչքի երկարությունը 110 մետր է՝ ծածկված կարծր արմատուրայից կառուցված երկու երկաթբետոնե կամարներով։ Նմանատիպ կամրջաշինությունը ժամանակին սակավ կիրառելի էր ինչպես Հայաստանում մոտ, այնպես էլ արտասահմանում։ Կարծր արմատուրայի կիրառումն արդարացվում էր մետաղյա կամարակալների μացակայությամբ: Այն օրերի համար դա հանդիսանում էր կամրջաշինության մեծագույն նվաճումներից մեկը և խոշոր քայլ էր կամրջաշինության նորագույն լուծումներ որոնելու ճանապարհին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s