Բարիկադներ՝ Եվրոպայի սրտում

5 Դկտ

Այսօր որևէ մեկն այլևս կասկած չունի, որ սերբերի ու ալբանացիների հակամարտությունը երկար է շարունակվելու՝ անկախ այն բանից, թե Արևմուտքի քաղաքական շրջանակներն ինչպես կցանկանային տեսնել դրա հանգուցալուծումը և ինչպիսի ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ: Այն մեխանիզմը, որով ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը ջանում են կյանքի կոչել իրենց ծրագրերը ընդհանուր շահերի գոտի համարվող տարածքներում, վաղուց է փաստել իր անարդյունավոտությունը և ոչ միայն նախկին Հարավսլավիայի տարածքում: Սական Եվրոպայի հենց սրտում հնչող կրակոցներն ու բարձրացող բարիկադները առանձնակի մտահոգություն են պատճառում սեփական արտադրության ազատություն ու ժողովրդավարություն արտահանողներին:
Կոսովոյի հյուսիսային հատվածում, որտեղ հիմնականում բնակվում են էթնիկ սերբերը, արդեն չորրորդ ամիսն է՝ չեն հանդարտվում լարվածությունն ու բախումները: Այն բանից հետո, երբ Կոսովոյի իշխանությունները իրենց մաքսավորներին ու ոստիկաններին տեղակայեցին Սերբիայի հետ սահմանային անցակետերում, նրանց քայլը զայրույթ առաջացրեց տեղաբնակ սերբերի շրջանում, ովքեր իրենց հերթին սկսեցին բարիկադներ կառուցել սահմանագծի երկայնքով: Ու մինչ Կոսովոյի անվտանգության, KFOR ուժերը՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահների հետ ձեռք-ձեռքի տված փորձում են ուժով զավթել և քանդել այդ ամրությունները, սերբերն էլ իրենց հերթին խանգարում են նրանց գործողությանը՝ գործադրելով բոլոր հնարավոր միջոցները: Եթե ժամանակային առումով մի փոքր էլ ետ գնանք, ապա կարելի է վերհիշել նաև այս տարվա հուլիսյան դեպքերը, երբ կոսովցիների հատուկ նշանակության ուժերը փորձեցին գրավել «Յարինե» և «Բրնյակ» հսկիչ-անցակետերը, ինչի ժամանակ զինված սերբերը դուրս քշեցին Պրիշտիանի ջոկատներին և բարիկադներ տեղադրեցին՝ դրանով իսկ արգելափակելով ՆԱՏՕ-ի խաղաղապահների ճանապարհը դեպի հյուսիսային բազաներ:
Կոսովոյում ապրող 40 հազար սերբ բնակչությունը, որ մի քանի քաղաքներում մեծամասնություն է կազմում, դեռևս 2008-ից հրաժարվում է Սերբիայից միակողմանի անկախություն հռչակած Պրիշտինայի իշխանությունը ճանաչելուց և գիտակցելով կացության ողջ ծանրությունը՝ այժմ ապավինում է միայն սեփական ուժերի վրա՝ հույսեր չկապելով նույնիսկ Սերբիայի իշխանությունների հետ: Վերջին բախումները և դրանց հաջորդած իրադարձությունները մեկ անգամ ևս ասվածի վկայությունը դարձան: Երկու շաբաթ առաջ, երբ Կոսովոյում ՆԱՏՕ-ական ուժերի ղեկավարությամբ գործող խաղապապահ զորամիավորումների ու սերբերի միջև տեղի ունեցան խոշոր ընդհարումներ, ինչի հետևանքով վիրավորվեցին 25 խաղաղապահներ ու մեկ տասնյակից ավելի սերբեր, իբրև կատարվածի արձագանք Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը կոչ արեց իր հայրենակիցներին վերացնել բարիկադները, քանի որ իրավիճակը փակուղի է մտել և կասկածի տակ է դրվում Եվրամիությանն անդամակցելու Բելգրադի դիմումի ընդունումը: Կոսովոյի սերբերը նման դիրքորոշումը համարեցին բացահայտ դավաճանություն, իսկ Եվրոպայի լիդերները, օգտվելով իրավիճակի նրբությունից, անմիջապես գործի անցան՝ դիմելով հերթական քաղաքական սադրանքին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե Սերբիան դեռ պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը: «Սերբիան լիովին չի արդարացրել մեր սպասումները, և այդ իսկ պատճառով ներկայումս այդ երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար նախադրյալներ չեն ստեղծվել», — ասաց Մերկելն ու հավելեց, թե ԵՄ անդամագրվելու համար Սերբիան պետք է բարիդրացիական հարաբերություններ սահմանի հարևան երկրների հետ, ինչպես նաև զարգացնի տարաշածրջանային համագործակցությունը: Ամենքի համար էլ հասկանալի էր, թե ինչ էր ակնարկում կանցլերը՝ Կոսովոյի բախումների համատեքստում:
Միանգամից երկու թևերից հարվածներ ստացած Տադիչին այլ բան չէր մնում, քան դիմել ՆԱՏՕ-ին` կոչ անելով ուժ չգործադրել: «Մենք գտնվում ենք արատավոր շրջանի մեջ, որից ելք չկա, և միայն քաղաքական ծայրահեղականները կարող են օգուտ քաղել նման իրավիճակից»,-հայտարարեց Սերբիայի նախագահը, ով այդ օրերին, հինգ ամիս շարունակված բանակցություններց հետո, վավերացրել էր Սերբիայի և Կոսովոյի միջև կնքված համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի՝ այսուհետ թույլատրվում էր Սերբիայի սահմանը հատել Կոսովոյի փաստաթղթերով, ինչպես նաև փոխադարձաբար ճանաչվում էին անշարժ գույքի փաստաթղթերը և կրթական հաստատությունների դիպլոմները: Այս համաձայնագիրը, որն առաջինն է Կոսովոյի անկախության հռչակումից ի վեր, ծանր հարված էր նախ և առաջ Կոսովոյում ապրող սերբերի համար: Ու թեև պաշտոնական Բելգրադը շեշտել էր, որ փաստաթղթի կնքումը չի նշանակում իր կողմից Կոսովոյի պետության ճանաչում, որից հետո էլ Կոսովոյին սպառնացել էր պատերազմով, եթե շարունակվեն այդ երկրում ապրող սերբերի նկատմամբ ճնշումները, սակայն իշխանությունների նմանօրինակ նահանջը միայն ու միայն հիասթափության պիտի հանգեցներ, ինչն էլ իր հերթին դրդելու էր գնալ ավելի արմատական քայլերի:
Հենց այդպիսի քայլ կարելի է համարել այն փաստը, որ ներկայումս Կոսովոյի հյուսիսի սերբերը քննարկում են ինքնահռչակ հանրապետությունից հանրաքվեի միջոցով անջատվելու հնարավորությունները: Իբար գետից հյուսիս գտնվող չորս համայնքների ղեկավարներ պատրաստ են գնալ այդ քայլին: «Պետք չէ թերագնահատել հյուսիսի սերբերին: Նրանք չեն պատրաստվում հարցնել Բելգրադի կարծիքը կամ նրանից աջակցություն խնդրել»,- ասել են տեղացի սերբերի առաջնորդները՝ նշելով, որ այդ քայլը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Կոսովոյում և Մետոքիայում: «Դա կարող է կատաղի բախումների պատճառ դառնալ ոչ միայն հյուսիսում, այլև Կոսովոյի հարավային անկլավներում»,- զգուշացրել են նրանք:
Հաջորդ աննախադեպ ռևանշը դարձավ այն, որ ավելի քան 20 հազար սերբեր դիմեցին Մոսկվային՝ ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարգադրեց Արտաքին գործերի նախարարությանը քննության առնել սերբերի դիմում-ցանկությունը, ինչից հետո ԱԳՆ-ն տեղեկացրեց, թե քաղաքացիության վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս ընդառաջել դիմումներին: Փոխարենը ռուսները տրամադրեցին մարդասիրական օգնություն ու վերահաստատեցին իրենց հետևողականությունը՝ դիվանագիտական ու քաղաքական միջոցներով սատարել սերբերի օրինական իրավունքների պաշտպանությանը: Հատկանշական է, որ նույնիսկ այս մեղմ մերժումից հետո Կոսովոյի սերբերը հայտարարեցին, թե հարգում են եղբայրական Ռուսաստանի ցանկացած որոշում և ռուս ժողովրդից բացի ուրիշ պաշտպան չունեն: Նրանց պատասխան խոսքում ակնառու կերպով մոռացության էր տրված Բելգրադի գոյությունը:
Սակայն ուրիշ ի՞նչ էր պետք ակնկալել մի բուռ սերբերից, որոնք մեն-մենակ են մնացել իրենց պայքարի մեջ: Մինչ Կոսովոյում շարունակվում են բռնություններն ու բախումները, այդ ընթացքում Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչները երեք օր առաջ համաձայնության եկան հսկիչ-անցագրային կետերի համատեղ գործարկման ու կառավարման հարցում: Կատարված փաստից ոգևորված Եվրամիությունն անմիջապես մի հայտարաություն տարածեց, որտեղ նշվում էր, թե համաձայնությունը վճռորոշ դեր է խաղալու տարածաշրջանում լրավածությունը թուլացնելու հարցում…
Բրյուսելում վերստին մոռացան, որ արդեն մի քանի տարի նրանք կրկնում են նույն խոսքերը, մինչդեռ խաղաղությունը չկա ու չկա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s