Թե ինչու հայերը չեն թռչում

5 Նյմ

Այս միջադեպի մանրամասներն արդեն բավականին հանրահայտ են: Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թույլ չեն տվել բարձրանալ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռ` հասկացնելով, որ պատճառը հայկական ազգանունն է: Գյուրջյանը «ԱվտոՎԱԶ»-ի արտահանման վաճառքների վարչության պետն է ու Բաքվում պետք է մասնակցեր «Lada» ավտոսրահի բացմանը: Սակայն օդանավակայանի աշխատակցուհին, իսկ հետո նաև «Ադրբեջանական ավիաուղիների» ներկայացուցիչը բացատրել են, որ «ղեկավարությունը հրահանգել է հայկական ազգանունով ուղևորներին չգրանցել»: Գյուրջյանին չի օգնել նաև Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը և Մոսկվայում ծնված ու ապրած լինելու հանգամանքը: Ռասսայական խտրականության մեղադրանքին ի պատասխան, ավիաընկերության ներկայացուցիչները թռչելու հնարավորությունից զրկել են նաև Գյուրջյանի հետ եղած «Lada International» դուստր-ձեռնարկության ղեկավարներից մեկին` Դեմիտրի Շումախերին:
Պետք է անկեղծորեն ասել, որ ոչ ոք չէր սպասում այս միջադեպի նման լայն արձագանքի այն պարզ պատճառով, որ նախկինում ևս բազմաթիվ համանման դեպքեր էին եղել, սակայն ամեն ինչ ավարտվել էր թերթերում տպված մի կարճ տեղեկատվությամբ ու մի քանիսի լուռ վրդովմունքով: Հիշենք թեկուզ, թե ինչպես անցյալ տարի ադրբեջանցի սահմանապահները հրաժարվեցին քաղաք թողնել հայկական ազգանունով «Աերոֆլոտի» ստյուարդին: Կամ հիշենք, թե այս տարվա մայիսին ինչպես արգելեցին ինքնաթիռ նստել Յուրի Մանասյանին, որը պատրաստվում էր մեկնել Դուբայ Բաքվի տարածքով և այլն: Մենք, իհարկե, գիտենք, թե ինչու է դա այդպես և կարծես թե համակերպվել ենք կացությանը: Իսկ ահա օտարների համար նմանօրինակ խտրականությունը դեռ բուռն հույզեր է հարուցում: Լայն հրապարակայնություն ստացած դեպքին արձագանքում են ամենատարբեր մակարդակներում և ամենատարբեր որակումներով: Եթե Գյուրջյանն այժմ պատրաստվում է դիմել դատարան, իսկ իրավապաշտպաններն իրենց հերթին նշում են, որ հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան թույլ չտալը «բացառություն չէ, այլ` միտում», ապա ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը միջադեպը բնութագրել է որպես «բեսպրեդել»՝ բացահայտելով Կրեմլի առանձնակի վերաբերմունքը կատարվածի նկատմամբ: Խնդրին հատուկ կարգով միջամտեց նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ իր ափսոսանքը հայտնելով «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մերժման համար, որը չէր հաճել սպասարկել հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն: «Մոսկվա-Բաքու չվերթում հայկական ազգանունով ՌԴ քաղաքացուն չգրանցելու փաստը ափսոսանք է հարուցում»,- ասել էր ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը և ապա հիշելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ խորհուրդ տվել «Ռուսաստանի քաղաքացիներին՝ հաշվի առնել այդ հանգամանքը իրենց այցերը ծրագրելու ժամանակ, առաջին հերթին սեփական անվտանգությունն ապահովելու համար»: Դիվանագետի հիմնավորումն անչափ նման էր «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի բացատրությանը: Ընկերության ներկայացուցիչ Մահերամ Սաֆարլին նույնպես «Ինտերֆաքսին» տեղեկացրել էր, որ Գյուրջյանին չեն թույլատրել թռչել նրա անվանգության նկատառումներից ելնելով: Սա, իհարկե, շատ հարմար հիմնավորում է, եթե դրան հավելենք նաև այն փաստը, որ ավիափոխադրումների կանոններում գոյություն ունի կետ, որի համաձայն ավիափոխադրողը ունի իրավունք առանց պատճառաբանության արգելել ուղևորին բարձրանալ ինքնաթիռ:
Գալով սկանդալի մյուս դերակատարներին՝ ասենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն իրենց ուղղված հարցումներին խուսափողական պատասխան են տվել: «AZAL»-ի մամուլի ծառայության ղեկավար Մեհրիբան Սաֆարլին պատասխանել է, որ «իրենք միայն ուղևորներ են փոխադրում և քաղաքականությամբ չեն զբաղվում»: Իսկ ահա «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունը, ի տարբերություն նախորդների, պատասխանել է, որ «պաշտոնապես արգելված է երկաթուղով Հայաստանի քաղաքացիների և արտասահմանյան երկրների հայկական ծագումով քաղաքացիների մուտքն Ադրբեջան»:
Որքան մեզ է հայտնի, Գյուրջյանն իր կյանքում երբեք Հայաստանում չի եղել և փոքր-ինչ դժվար է հստակ պատկերացում կազմել նրա ազգային զգացումների մասին: Փոխարենը վերջինս հաճույքով է հիշատակում ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը, ինչն էլ լրացուցիչ (եթե չասենք՝ էական) ինտրիգ է հաղորդում այս ողջ պատմությանը: Եվ ըստ այդմ միանգամայն հասկանալի է, թե որտեղից է բխում ռուսների արձագանքի մեծ հնչեղությունն ու մտահոգությունը: Հենց միայն հայտնի հեռուստահաղորդավար և հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի բացահայտ վերաբերմունքը միանգամայն բավարար էր դա ըմբռնելու համար: Վերջինս եթերից հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը հայերի նկատմամբ կապ չունի նրանց քաղաքացիության հետ և ռասիստական բնույթի է, ինչպես ժամանակին նացիստներն են վերաբերվել հրեաներին: «Նույնիսկ մի կաթիլ հայկական արյունը նրանց համար վայրի, անմարդկային, ես կասեի` գազանային ատելության առիթ է»,- ասել էր Սոլովյովը ու հավելել. «Արդյոք ես ճի՞շտ եմ հասկանում, որ սրանից հետո դուք սպասում եք, հարգելի ադրբեջանցի բարեկամներ, նույն ռեակցիան ՌԴ քաղաքացիների կողմից: Դուք հայի չեք վիրավորել, դուք վիրավորել եք Ռուսաստանի Դաշնությունը և ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրա էթնիկ, ազգային, կրոնական և այլ արմատներից»:
Այս բառերի հավելյալ իմաստներին անդրադառնալու առիթ հազիվ թե լիներ, երբ հենց նույն օրերին արձանագրվեց ևս մի տհաճ միջադեպ, բայց այս անգամ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում: Կատարվածի մասին Ստավրոպոլի մարզում լույս տեսնող «Հայկական համայնապատկեր» թերթի խմբագրությունը բողոքի նամակ հղեց ՌԴ փոխվարչապետ, Հյուսիսային Կովկասում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինին: Նամակում ասվում էր, որ Հայաստանից ժամանող ուղևորների հանդեպ այդ քաղաքի օդանավակայանում մշտապես ընդգծված անբարյացկամ վերաբերմունք գոյություն ունի, իսկ զանազան ծառայությունների աշխատակիցների «հատուկ» վերաբերմունքի արդյունքում պարբերաբար ոտնահարվում են նրանց իրավունքները, ուղևորների նկատմամբ խտրականություն է կիրառվում: Նույնիսկ փաստաթղթերի ստուգման սովորական կարգը վերածվում է մի փորձության, որին կարող են դիմանալ միայն ամուր ջղերով մարդիկ: Հայերի համբերության բաժակը լցվել է այն դեպքից հետո, երբ Հայաստանի 5 քաղաքացիների, որոնք օրինական կարգով թռիչքի տոմսեր էին ձեռք բերել, արգելեցին բարձրանալ ինքնաթիռ: «Հարկ է նկատել, որ համանման վերաբերմունք չկա ոչ մի ռուսական կամ արտասահմանյան օդանավակայանում»,- նշել էին նամակագիրները՝ մոռանալով «Դոմոդեդովոյի միջադեպը, և պահանջել, որ իշխանությունները միջամտեն և վերջ դնեն այդ խայտառակությանը:
Ստացվում է, որ երիցս իրավացի էր Սոլովյովը, երբ առանձնակի ընդգծում էր, թե խնդիրը ոչ թե հայի այլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն վիրավորելու մեջ է: Այսինքն՝ հային կարելի է: Այսինքն՝ դու կարող ես հայ չլինել, բայց ՌԴ քաղաքացի լինել պարտավոր ես:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s