Գաղտնի անձի գաղտնի այցի գաղտնի նպատակը

31 Հկտ

Սովորաբար լրատվամիջոցներին չսիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք հրապարակում են փաստեր, որոնք ուրիշները ջանում էին գաղտնի պահել: Իրավիճակն էլ ավելի բարդ է դառնում, եթե այդ գաղտնիքներն առնչվում են դիվանագիտական կամ քաղաքական ոլորտներին: Ահա մոտավորապես նմանատիպ տհաճ մի անակնկալ մատուցեց հրեական ռուսալեզու IzRus կայքէջը, երբ գրեց, որ այս տարվա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին նախատեսվում է է Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյայի այցը Իսրայել: Նույն աղբյուրի հավաստմամբ, հայ պաշտոնյան այնտեղ քննարկելու է քաղաքական ու ռազմավարական բնույթի հարցեր: «Անուղղակի նախանշաններից դատելով` նրա խնդիրն է ստուգել ռազմական ոլորտում կապերի հաստատման հավանականությունը, թեկուզ ամենասահմանափակ ձևաչափով»,- գրում էր IzRus-ը և հավելում, որ այցի նախապատրաստմամբ զբաղվում է Իսրայելի ԱԳՆ-ի Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի «Եվրասիա-2» բաժինը:
Ինչպես և պետք էր ակնկալել, հրապարակումից անմիջապես հետո պաշտոնական անձինք առանձնապես հակված չէին լրացուցիչ բացատրություններ կամ մեկնաբաններ տալու այս տեղեկատվության առթիվ: Երբ լրագրողները դիմեցին Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչություն, այնտեղից ստացան ընդամենը հետևյալ պատասխանը. «Նախարարությունն առայժմ հետաքրքրված չէ այդ այցի վերաբերյալ արձագանքելու հարցում», իսկ Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմն ընդհանրապես հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել:
Սա հետաքրքրական հանգամանք է այն իմաստով, որ որևէ մեկն այդպես էլ չհերքեց գաղտնի պաշտոնյայի գաղտնի այցելության փաստը, նույնիսկ ավելին՝ անուղղակիորեն հաստատեցին դա:
Իսկ այդ ընթացքում հրեական թերթերն անմիջապես հաջորդ բացահայտումը հրամցրեցին՝ պարզաբանելով սպասվող բանակցությունների նպատակահարմրության առիթը: «Չնայած Երուսաղեմի ու Բաքվի, ինչպես նաև Երևանի և Թեհրանի միջև սերտ կապերին, Իսրայել կժամանի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը` ռազմական հարցերում համագործակցության հնարավորությունը քննարկելու համար: Անկարայի տարածաշրջանային քաղաքականությունը բարենպաստ ֆոն է դրա համար»,- գրեցին քաղաքական վերլուծաբանները:
Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի անունների հիշատակումը հենց այն գայթակղության քարն է, որի վրա մինչ օրս սայթաքում են հայ-հրեական առնչությունները: Վաղուց ձևավորվել է այն կարծիքը, թե բավական է, որ Թել Ավիվն ու Երևանը համագործակցեն, և անմիջապես կբացվի Պանդորայի տուփը՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Սակայն, ինչպես տեսնում ենք, այնուամենայնիվ կան որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք այդպես չեն կարծում և ջանում են սկզբնական քայլերը կատարել՝ հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ: Այլ բան է, որ այս պահին Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցչի Թել Ավիվ այցի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը նյարդայնացնում է թե Հայաստանի և Իսրայելի իշխանություններին: Սա հաստատում է նաև IzRus-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդենշտեյնը՝ ելնելով ստացված արձագանքներից: Նրա խոսքով` այդ տեղեկատվությունը խնամքով թաքցվում է ու միակ բանը, որը կարելի է այսօր միանշանակ արձանագրել` խիստ գաղտնիության ռեժիմի փաստն է: «Ո՞վ է գալու Իսրայել, ու՞մ հետ է հանդիպելու, և կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվելու, այս ամենը գաղտնի է պահվում»,- ընդգծել է Գոլդենշտեյնը:
Հայաստանում ևս առանձնահատուկ վերաբերմունք է ձևավորվել թե այցի և թե, ընդհանրապես, հայ-իսրայելական կապերի մասին: Հատկապես վերջին շրջանում` Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտության ֆոնին մեր քաղաքացիների կարծիքներն այդ հարցում բաժանվել են: Մի մասը կարծում է, որ պետք է օգտվել նրանց անհաշտությունից՝ հանուն սեփական շահերի, մյուսները գտնում են, որ Իսրայելը հայկական հարցում ղեկավարվում է սեփական մղումներով և անկեղծ մտադրություններ չունի սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Վերջին մտքի հետ թերևս կարելի է համաձայնել՝ դիտարկելով, թե ինչպես և ինչ հետևողականությամբ են Թել Ավիվում վերաբերվում այն բոլոր խնդիրներին, որոնք «հայկական» պիտակն են կրում:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ օգոստոսի վերջին Երևանում կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Այն ժամանակ Հայաստան էր եկել Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հետո հյուրերը եղան Էջմիածնում ու նույնիսկ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդում: Բայց նույնիսկ այս ամենից հետո էլ հրեական պետության ղեկավարները նախապատվությունը տալիս են դանդաղ գործողություններին: Նրանց բոլոր կարգի վերլուծություններն ու քննարկումները առայժմ հանգում են միևնույն մտքերին: Իսկ այդ մտքերն այսպիսին են՝ Հայաստանը Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, Իսրայելը` ոչ: Իսրայելը բարեկամություն է անում Ադրբեջանի հետ, նավթ է գնում: Այդ ընթացքում Թուրքիան ճնշում է գործադրում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի Բաքուն սահմանափակի հարաբերությունները Իսրայելի հետ: Ու թեև Իսրայելը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացմանը, սակայն Երևանի և Թել Ավիվի միջև որոշակի ջերմացում ակնկալելուն նույնպես դեմ չէ: Միայն թե այժմ այդ բանը նա կանի ոչ այնքան բացահայտ, ինչպես ընդունված է: Եվ հենց այս պատճառով էլ հայ պատվիրակը առայժմ Իսրայել կարող է մեկնել միայն գաղտնի և նրանց զրույցների բովանդակությունը ևս կմնա գաղտնիության շղարշի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s