Եկեղեցին ահաբեկում է և դիմում շանտաժի

28 Հկտ

Հայ Առաքելական եկեղեցուն հողի հարկի ու գույքահարկի արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը նախ խորհրդարանում բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ այնուհետև իր արձագանքը գտավ ԱԺ-ի պատերից դուրս: Սովորաբար մեր եկեղեցու հանդեպ հանրությունն ավելի մեծահոգի և ներողամիտ է գտնվում: Բայց ներկայիս տրամադրությունները վկայում են այն մասին, որ այդ վերաբերմունքը կարող է ինչ-որ պահի դառնալ գեղեցիկ հիշողություն: Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմաններն ունի:
Իսկ խնդրի էությունն այսպիսին է: Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է հավանություն տալ նախագծերին, որոնց համաձայն գույքահարկից ազատվում են եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական ու ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանել է գործադիրը: Ավելի ուշ այն տպավորությունը ստեղծվեց, որ ցանկն իրականում կազմվել էր Էջմիածնում և հետո միայն հասել մայրաքաղաք, իսկ վերոհիշյալ փաստաթղթում նշվել են 459 հուշարձան, ինչպես նաև 286 կառույցի անուն: Ցանկի ընթերցումն առաջին իսկ պահին զարմանք պիտի պատճառի այնտեղ ներգրավված «տեսականու» բազմազանությամբ: Ցուցակում, մասնավորապես, խոսվում է հետևյալ թվով սուբյեկտների մասին` հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, դպրոց և մանկապարտեզ՝ 10, առանձնատուն և վիլլա` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, խանութ-տաղավարներ՝ 3, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ ու լճի տակ գտնվող մառան` 2, ատամնաբուժարան, ջրավազան, հասարակական զուգարաններ, ավտոկանգառ և այսպես շարունակ: Կարծես խոսքը ոչ թե եկեղեցու, այլ մի փոքրիկ ինքնիշխան պետության մասին է և այդ պետությունը հաճում է այսուհետ ապրել արտոնյալ պայմաններում: Պատասխանելով այն հարցին, թե որտեղի՞ց Մայր Աթոռին այդքան գույք, Էջմիածնի ներկայացուցիչը բացատրել էր, որ դրանք ձեռք են բերվել բարերարների տրամադրած միջոցներով:
Սակայն սա դեռ բոլորը չէ: Եկեղեցին ցանկանում է, որպեսզի արտոնություններ սահմանվեն նաև հողի հարկի մասով: Ու թեև կառավարությունը պարզաբանել է, որ եկեղեցուն պատկանող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի հաշվառում և փաստացի գանձում չեն իրականացվել, ուստի համայնքների բյուջեներում եկամուտների նվազեցում չի առաջանա, սակայն սա ոչ բոլորին համոզիչ թվաց: Արդեն 2,5 տարի շարունակ չարչրկվող խնդիրը այսօր էլ դեռ բազմաթիվ հարցեր է առաջ բերում: Նախ, ինչու՞ է տարածքային կառավարման նախարարությունն այդքան հեշտությամբ համաձայնություն տվել մի օրենքի նախագծի, որը թույլ է տալիս համայնքներից հողը վերցնել ու անհատույց հատկացնել եկեղեցուն: Կամ, ասենք, արդյո՞ք կառավարությունը հստակ տեղեկություն ունի՝ մոմի արտադրության արտադրամասում արտադրվում են միայն ծիսական արարողությունների համար մոմեր, թե՞ դեկորատիվ մոմեր ևս դուրս են բերվում այնտեղից՝ վաճառվելով կոմերցիոն նպատակներով: Կամ ու՞մ հայտնի չէ, որ եկեղեցին որոշ բանկերում բաժնեմաս ունի: Կամ, արդյո՞ք Կեչառիսի վանքի տարածքում կառուցված ռեստորանային համալիրը նույնպես ազատվելու է հարկերից: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին ամեն գնով խուսափում է հրապարակել իր «բալանսը», իսկ եթե հարցնես այդ մասին, ապա պատասխանի փոխարեն հոգևորականները քեզ կսկսեն պատմություններ պատմել այն մասին, որ իրենց եկամուտները ձևավորվում են միայն մոմավաճառությունից, ծեսերի կտրոնների վաճառքից, կամավոր նվիրատվություններից, և ընդհանուր տարեկան 1,2 մլն դոլարին համարժեք բյուջեի մեկ երրորդը ուղղվում է սոցիալական, կրթական, դաստիարակչական ծրագրերին:
Հետո ի՞նչ: Մի՞թե դա իրավունք է տալիս առանձնանալ մյուսներից, պահանջներ ներկայացնել ու վիրավորվածի կեցվածք ընդունել, կարծես մի բան էլ պետությունն է պարտք՝ պետությունից անջատ գործող այդ կառույցին: Իսկ եթե խոսք է գնում ազնիվ վերաբերմունքի մասին, գուցե խոսակցությունը պետք է սկսել այն փաստից, որ այս երկրի անկախության 20 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին հողի և գույքի հարկ ընդհանրապես չի վճարել: Ոչ մի գրոշ անգամ մուտք չի արվել պետության գանձարան: Սակայն Աստծո ծառա հայրերը խոհեմաբար լռել են դրա մասին և հիշել են միայն այժմ, երբ ինչ-որ մեկը ցանկացավ նրանց վերադարձնել հարկային դաշտ: Էջմիածնից Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որին ավելի շուտ կոմերսանտի դերը կսազեր, քան հոգևորականի, այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ միայն հիմա ի հայտ եկավ այս օրենսդրական նախագիծը, եթե առանց այդ էլ եկեղեցին հարկեր չի վճարվել, չքմեղացած պատասխանել էր. «Սա պետության` եկեղեցու հանդեպ բարոյական կեցվածքի դրսևորումն է: Ումի՞ց եք վախենում, ինչի պետք է թաքնված լինի դա, ինչի՞ պետք է ստեղծվի եկեղեցու համար մի իրավիճակ, որ եկեղեցին ստիպված լինի այդ օրենքը շրջանցել»: Տեսնու՞մ եք: Ուրեմն եկեղեցին, որ առանց այդ էլ 20 տարի շրջանցել է օրենքը, հիմա Արշակ Ողորմածի շուրթերով ցանկանում է դրա մեղքը բարդել ուրիշների վրա:
Բայց ուր էր, թե գործն ավարտվեր միայն մեղք բարդելով: Հիմա եկեղեցին պատրաստվում է դիմել ավելի ծայրահեղ միջոցների՝ բոյկոտել, ահաբեկել, շանտաժ անել, միայն թե հաստատի իր առանձնահատուկ դիրքն ու միջոցների անձեռնմխելիությունը: Երբ Մշակույթի նախարարության և Մայր Աթոռի ներկայացուցիչներից համատեղ հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի պարզվեր եկեղեցապատկան հաստատությունների ցանկը, աշխատանքային երկու նիստից հետո հոգևոր հայրերը ցուցադրաբար հրաժարվեցին դրան մասնակցելուց: Այնտեղ հավանաբար նրանց քիմքին անհաճո ճշմարտություններ էին հնչել: Հետո հերթը հասավ շանտաժին: Մայր Աթոռը սպառնաց կրճատել բարեգործությանն ուղղված ծախսերը, եթե իրեն հարկային արտոնություններ չտան: «Մայր Աթոռը կարող է նվազեցնել բարեգործական ծրագրերից մեկ- երկուսը և դրա փոխարեն գույքահարկ ու հողի հարկ վճարել»,- ասաց Էջմիածնի հպատակը: Ի վեջո, այդպես էլ չգտնելով որևէ խելամիտ ու տրամաբանական հիմնավորում, եկեղեցին հանկարծ բացահայտեց, որ պետությունը պիտի գնա նման զոհաբերման «իբրև բարոյական աջակցություն 70 տարիների ընթացքում եկեղեցու կրած փորձությունների ու բռնազավթումների»: Դեռ լավ է, որ նրանք չմտաբերեցին սելջուկների ու մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակները, այլապես մի բան էլ պետությունը պիտի մուծեր Էջմիածնի գանձարանին:
Մտահոգվելու և անհանգստության մի դրդապատճառ էլ կար, և հիմա արդեն պարզվել է, որ ոչ անհիմն: Ի սկզբանե ակնհայտ էր, որ մեր երկրում գործող մյուս կրոնական կազմակերպությունները պիտի իրավացիորեն հարցադրում կատարեին, թե Սահմանադրության ո՞ր կետի կամ ո՞ր օրենքի հիման վրա է Մայր Աթոռին գերակա դիրք շնորհվում, իսկ իրենց՝ ոչ: Հայ Ավետարանական ու Հայ Կաթոլիկ եկեղեցիներն արդեն խոսել են դրա մասին: Նրանք պահանջում են, որ օրինագծի ընդունումից հետո հիշյալ օրենքը տարածվի նաև այդ եկեղեցիների սեփականության վրա: Ոչ ոք չի կասկածում, որ վերջիններս կդիմեն միջազգային կառույցներին, Եվրախորհուրդ, և վստահաբար ստանալու են այդ կառույցների աջակցությունը՝ կատարվածը որակելով որպես կրոնական խտրականություն իրեն ժողովրդավար հռչակած երկրում:
Ահա այսպիսի բաներ: Մեր հոգևորականների սրտում կրկին արթնացել է վաղեմի ժամանակների հուշը, երբ եկեղեցին խոշոր ֆեոդալ էր: Նրանք նվիրական երազանք ունեն առ այն, որ բիզնեսն ու եկեղեցին սերտաճեն: Իսկ դրա համար առաջին քայլերն արդեն կատարվում են:
Մեղա քեզ, Տեր…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

One Response to “Եկեղեցին ահաբեկում է և դիմում շանտաժի”

  1. Narek Baghiryan Հոկտեմբերի 31, 2011 at 2:44 ա. #

    isk vortex snvenq hogov??? che vor mardu hogin astco xosqi kariq uni…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s