Պահոց | 1:30 ե.

ԱՎԳՈՒՍՏՈ ՄՈՆՏԵՐՈՍՈ

28 Հկտ

ԽԱՎԱՐՈՒՄ

Երբ ֆրաու Բարտոլոմե Առասոլան զգաց, որ մոլորվել է, ընդունեց, որ այլևս ոչինչ չի կարող իրեն փրկել: Գվատեմալայի հզոր անտառը նրան բանտարկել էր իր մեջ անվերադարձ և անգթորեն: Տեղանքի նկատմամբ անտարբեր՝ հանգիստ նստեց՝ սպասելով մահվան: Ուզում Էր մեռնել այդտեղ՝ բոլորովին անհույս, միայնակ, մտորելով միայն հեռավոր Իսպանիայի մասին, հատկապես՝ Աբրոխոս մենաստանի, որտեղ մի անգամ Կառլոս Հինգերորդը ցած Էր իջել իր բարձունքից՝ իրեն ասելու, որ հավատում Է իր ջերմեռանդ կրոնական փրկարար գործունեությանը:
Արթնանալով՝ իրեն գտավ անզգա դեմքերով մի խումբ բնիկներով շրջապատված, որոնք պատրաստվում Էին զոհաբերել իրեն զոհասեղանի վրա. զոհասեղան, որը Բարտոլոմեին մահիճ թվաց, ուր նա ի վերջո կհանգստանար իր վախերից, իր ճակատագրից, ինքն իրենից: Այդ երկրում անցկացրած երեք տարիների ընթացքում նա որոշ չափով սկսել Էր տիրապետել տեղի լեզուներին: Փորձեց խոսել այդ լեզուներից մեկով: Մի քանի բառ ասաց, որոնք հասկացվեցին:
Այդ ժամանակ նրա մոտ մի միտք ծագեց, որն արդյունքն Էր իր հանճարի, իր բազմակողմանի կրթվածության և Արիստոտելի խոր իմացության: Հիշեց, որ այդ օրը Արեգակի լրիվ խավարում Է սպասվում: Եվ վճռեց օգտվել այդ իմացությունից` խաբելու իրեն տանջողներին և փրկելու իր կյանքը:
–Եթե ինձ սպանեք,–ասաց նրանց,– այնպես կանեմ, որ Արեգակը մթնի իր բարձունքում: Բնիկները նրան սևեռուն նայեցին, և Բարտոլոմեին զարմացրեց նրանց աչքերում եղած թերահավատությունը: Տեսավ, որ նրանք խորհրդակցեցին մի փոքր, և նա, ոչ առանց որոշակի քամահրանքի, դյուրահավատորեն սկսեց սպասել:
Երկու ժամ անց ֆրաու Բարտոլոմե Առասոլայի սրտից առատ արյուն էր թափվում զոհարանի քարին (որ փայլում Էր վրա հասած խավարած Արեգակի աղոտ լույսի ներքո), մինչդեռ բնիկներից մեկը առանց ձայնի երանգը փոխելու, անշտապ, մեկառմեկ թվարկում Էր այն բազում ամսաթվերը, երբ տեղի են ունենում արևի և Լուսնի խավարումները, որ գուշակել ու նշել Էին իրենց ձեռագրերում մայա ցեղի աստղագետները՝ առանց Արիստոտելի անգնահատելի օգնությանը դիմելու:

Թարգմանեց Արաքս Մնացականյան

Եկեղեցին ահաբեկում է և դիմում շանտաժի

28 Հկտ

Հայ Առաքելական եկեղեցուն հողի հարկի ու գույքահարկի արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը նախ խորհրդարանում բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ այնուհետև իր արձագանքը գտավ ԱԺ-ի պատերից դուրս: Սովորաբար մեր եկեղեցու հանդեպ հանրությունն ավելի մեծահոգի և ներողամիտ է գտնվում: Բայց ներկայիս տրամադրությունները վկայում են այն մասին, որ այդ վերաբերմունքը կարող է ինչ-որ պահի դառնալ գեղեցիկ հիշողություն: Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմաններն ունի:
Իսկ խնդրի էությունն այսպիսին է: Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է հավանություն տալ նախագծերին, որոնց համաձայն գույքահարկից ազատվում են եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական ու ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները, որոնց ցանկը սահմանել է գործադիրը: Ավելի ուշ այն տպավորությունը ստեղծվեց, որ ցանկն իրականում կազմվել էր Էջմիածնում և հետո միայն հասել մայրաքաղաք, իսկ վերոհիշյալ փաստաթղթում նշվել են 459 հուշարձան, ինչպես նաև 286 կառույցի անուն: Ցանկի ընթերցումն առաջին իսկ պահին զարմանք պիտի պատճառի այնտեղ ներգրավված «տեսականու» բազմազանությամբ: Ցուցակում, մասնավորապես, խոսվում է հետևյալ թվով սուբյեկտների մասին` հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, դպրոց և մանկապարտեզ՝ 10, առանձնատուն և վիլլա` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, խանութ-տաղավարներ՝ 3, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ ու լճի տակ գտնվող մառան` 2, ատամնաբուժարան, ջրավազան, հասարակական զուգարաններ, ավտոկանգառ և այսպես շարունակ: Կարծես խոսքը ոչ թե եկեղեցու, այլ մի փոքրիկ ինքնիշխան պետության մասին է և այդ պետությունը հաճում է այսուհետ ապրել արտոնյալ պայմաններում: Պատասխանելով այն հարցին, թե որտեղի՞ց Մայր Աթոռին այդքան գույք, Էջմիածնի ներկայացուցիչը բացատրել էր, որ դրանք ձեռք են բերվել բարերարների տրամադրած միջոցներով:
Սակայն սա դեռ բոլորը չէ: Եկեղեցին ցանկանում է, որպեսզի արտոնություններ սահմանվեն նաև հողի հարկի մասով: Ու թեև կառավարությունը պարզաբանել է, որ եկեղեցուն պատկանող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի հաշվառում և փաստացի գանձում չեն իրականացվել, ուստի համայնքների բյուջեներում եկամուտների նվազեցում չի առաջանա, սակայն սա ոչ բոլորին համոզիչ թվաց: Արդեն 2,5 տարի շարունակ չարչրկվող խնդիրը այսօր էլ դեռ բազմաթիվ հարցեր է առաջ բերում: Նախ, ինչու՞ է տարածքային կառավարման նախարարությունն այդքան հեշտությամբ համաձայնություն տվել մի օրենքի նախագծի, որը թույլ է տալիս համայնքներից հողը վերցնել ու անհատույց հատկացնել եկեղեցուն: Կամ, ասենք, արդյո՞ք կառավարությունը հստակ տեղեկություն ունի՝ մոմի արտադրության արտադրամասում արտադրվում են միայն ծիսական արարողությունների համար մոմեր, թե՞ դեկորատիվ մոմեր ևս դուրս են բերվում այնտեղից՝ վաճառվելով կոմերցիոն նպատակներով: Կամ ու՞մ հայտնի չէ, որ եկեղեցին որոշ բանկերում բաժնեմաս ունի: Կամ, արդյո՞ք Կեչառիսի վանքի տարածքում կառուցված ռեստորանային համալիրը նույնպես ազատվելու է հարկերից: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին ամեն գնով խուսափում է հրապարակել իր «բալանսը», իսկ եթե հարցնես այդ մասին, ապա պատասխանի փոխարեն հոգևորականները քեզ կսկսեն պատմություններ պատմել այն մասին, որ իրենց եկամուտները ձևավորվում են միայն մոմավաճառությունից, ծեսերի կտրոնների վաճառքից, կամավոր նվիրատվություններից, և ընդհանուր տարեկան 1,2 մլն դոլարին համարժեք բյուջեի մեկ երրորդը ուղղվում է սոցիալական, կրթական, դաստիարակչական ծրագրերին:
Հետո ի՞նչ: Մի՞թե դա իրավունք է տալիս առանձնանալ մյուսներից, պահանջներ ներկայացնել ու վիրավորվածի կեցվածք ընդունել, կարծես մի բան էլ պետությունն է պարտք՝ պետությունից անջատ գործող այդ կառույցին: Իսկ եթե խոսք է գնում ազնիվ վերաբերմունքի մասին, գուցե խոսակցությունը պետք է սկսել այն փաստից, որ այս երկրի անկախության 20 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին հողի և գույքի հարկ ընդհանրապես չի վճարել: Ոչ մի գրոշ անգամ մուտք չի արվել պետության գանձարան: Սակայն Աստծո ծառա հայրերը խոհեմաբար լռել են դրա մասին և հիշել են միայն այժմ, երբ ինչ-որ մեկը ցանկացավ նրանց վերադարձնել հարկային դաշտ: Էջմիածնից Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որին ավելի շուտ կոմերսանտի դերը կսազեր, քան հոգևորականի, այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ միայն հիմա ի հայտ եկավ այս օրենսդրական նախագիծը, եթե առանց այդ էլ եկեղեցին հարկեր չի վճարվել, չքմեղացած պատասխանել էր. «Սա պետության` եկեղեցու հանդեպ բարոյական կեցվածքի դրսևորումն է: Ումի՞ց եք վախենում, ինչի պետք է թաքնված լինի դա, ինչի՞ պետք է ստեղծվի եկեղեցու համար մի իրավիճակ, որ եկեղեցին ստիպված լինի այդ օրենքը շրջանցել»: Տեսնու՞մ եք: Ուրեմն եկեղեցին, որ առանց այդ էլ 20 տարի շրջանցել է օրենքը, հիմա Արշակ Ողորմածի շուրթերով ցանկանում է դրա մեղքը բարդել ուրիշների վրա:
Բայց ուր էր, թե գործն ավարտվեր միայն մեղք բարդելով: Հիմա եկեղեցին պատրաստվում է դիմել ավելի ծայրահեղ միջոցների՝ բոյկոտել, ահաբեկել, շանտաժ անել, միայն թե հաստատի իր առանձնահատուկ դիրքն ու միջոցների անձեռնմխելիությունը: Երբ Մշակույթի նախարարության և Մայր Աթոռի ներկայացուցիչներից համատեղ հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի պարզվեր եկեղեցապատկան հաստատությունների ցանկը, աշխատանքային երկու նիստից հետո հոգևոր հայրերը ցուցադրաբար հրաժարվեցին դրան մասնակցելուց: Այնտեղ հավանաբար նրանց քիմքին անհաճո ճշմարտություններ էին հնչել: Հետո հերթը հասավ շանտաժին: Մայր Աթոռը սպառնաց կրճատել բարեգործությանն ուղղված ծախսերը, եթե իրեն հարկային արտոնություններ չտան: «Մայր Աթոռը կարող է նվազեցնել բարեգործական ծրագրերից մեկ- երկուսը և դրա փոխարեն գույքահարկ ու հողի հարկ վճարել»,- ասաց Էջմիածնի հպատակը: Ի վեջո, այդպես էլ չգտնելով որևէ խելամիտ ու տրամաբանական հիմնավորում, եկեղեցին հանկարծ բացահայտեց, որ պետությունը պիտի գնա նման զոհաբերման «իբրև բարոյական աջակցություն 70 տարիների ընթացքում եկեղեցու կրած փորձությունների ու բռնազավթումների»: Դեռ լավ է, որ նրանք չմտաբերեցին սելջուկների ու մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակները, այլապես մի բան էլ պետությունը պիտի մուծեր Էջմիածնի գանձարանին:
Մտահոգվելու և անհանգստության մի դրդապատճառ էլ կար, և հիմա արդեն պարզվել է, որ ոչ անհիմն: Ի սկզբանե ակնհայտ էր, որ մեր երկրում գործող մյուս կրոնական կազմակերպությունները պիտի իրավացիորեն հարցադրում կատարեին, թե Սահմանադրության ո՞ր կետի կամ ո՞ր օրենքի հիման վրա է Մայր Աթոռին գերակա դիրք շնորհվում, իսկ իրենց՝ ոչ: Հայ Ավետարանական ու Հայ Կաթոլիկ եկեղեցիներն արդեն խոսել են դրա մասին: Նրանք պահանջում են, որ օրինագծի ընդունումից հետո հիշյալ օրենքը տարածվի նաև այդ եկեղեցիների սեփականության վրա: Ոչ ոք չի կասկածում, որ վերջիններս կդիմեն միջազգային կառույցներին, Եվրախորհուրդ, և վստահաբար ստանալու են այդ կառույցների աջակցությունը՝ կատարվածը որակելով որպես կրոնական խտրականություն իրեն ժողովրդավար հռչակած երկրում:
Ահա այսպիսի բաներ: Մեր հոգևորականների սրտում կրկին արթնացել է վաղեմի ժամանակների հուշը, երբ եկեղեցին խոշոր ֆեոդալ էր: Նրանք նվիրական երազանք ունեն առ այն, որ բիզնեսն ու եկեղեցին սերտաճեն: Իսկ դրա համար առաջին քայլերն արդեն կատարվում են:
Մեղա քեզ, Տեր…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: