Պահոց | 10:31 ա.

Օգնություն՝ ըստ համակրանքի

25 Հկտ

Դժբախտությունը ևս քաղաքականության բաղադրիչը կարող է լինել: Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ խոշոր աղետների ժամանակ նույնիսկ թշնամի երկրները մոռացության են տվել հին գժտություններն ու հակասությունները՝ միավորվելով հետևանքները հաղթահարելու համար: Դա խիստ մարդկային է, հետևաբար ձերբազատված այն հարցից, թե դա որքանով է ճիշտ կամ որքանով է սխալ: Այդ իսկ պատճառով էլ միանգամայն բնական ընկալվեց Հայաստանի արձագանքը, երբ հոկտեմբերի 23-ի Թուրքիայի հզոր երկրաշարժից անմիջապես հետո իր պատրաստակամությունը հայտնեց օգնության ձեռք մեկնել հարևանին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում էր Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր հղեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, ուր, մասնավորապես, ասված էր. «Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ և հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն և անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»: Պատասխանի չսպասելով, նույն օրը Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ օպերատիվ նիստ և հայտարարվեց, որ մեր փրկարարները յուրաքանչյուր պահի պատրաստ են Թուրքիա մեկնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: «Մենք պարտավոր ենք օգնություն տրամադրել մեր հարևաններին: Թուրքական կողմի համաձայնության դեպքում մենք երկրաշարժի էպիկենտրոն կուղարկենք փրկարարների ու հրշեջ փրկարարների»,-նշեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ի դեպ, դրա նախադեպն արդեն կար: Հայաստանն աջակցել էր Թուրքիային 1999 և 2000 թվականների աղետների ժամանակ:
Անկարայի արձագանքն ուշանում էր: Եվ մեր երկիրը հաջորդ օրը կրկնեց իր առաջարկը: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Կրեմլից զանգահարեցին Աբդուլլահ Գյուլին: Առաջինը խոսեց Դմիտրի Մեդվեդևը, ցավակցել Գյուլին, ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել և այնուհետև հեռախոսը փոխանցեց Սերժ Սարգսյանին, ով վերստին ընդգծել, թե Հայաստանի փրկարար ջոկատները պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի: Թուրքիայի նախագահը պատասխանեց, որ Հայաստանի օգնության առաջարկը տեսել է համացանցում և շնորհակալություն հայտնեց առաջարկի համար: Մինչ այդ արդեն հայտնի էր, որ թուրքերին օգնություն էին առաջարկել նաև Իսրայելը, Ադրբեջանը, Հունաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան:
Բայց հետո տարածվեց Reuters գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, թե Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները, բայց միևնույն ժամանակ շնորհակալություն էր հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին ու Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց: Նման պատասխանը հայերին չվշտացրեց: Եթե թուրքերը համոզված էին, որ կարող են միայնակ գլուխ հանել, թող լիներ այդպես: Սա այն դեպքը չէր, երբ պիտի ինչ-որ բան պարտադրվեր, թեև, օրինակ, Իսրայելն այլ կերպ էր մտածում, և թուրքերի մերժման մասին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարեց. «Ես ապշած եմ, որ Թուրքիային պետք չէ մեր օգնությունը»:
Նախարարի զարմանքն առաջին հայացքից կարող էր տարօրինակ թվալ: Սակայն շատ չանցած ամեն բան պարզ դարձավ: Առաջինը հաղորդվեց այն մասին, որ Ադրբեջանը երեք ինքնաթիռ օգնություն, 145 փրկարարներ ու շներ է ուղարկել Վան: Օդանավերը հաջողությամբ վայրէջք էին կատարել Վանի օդանավակայանում, որի մասին նախապես ասվում էր, թե իբր մեծապես տուժել է երկրաշարժից: Դրանից հետո հայտնի դարձավ, որ մի քանի խումբ փրկարարներ ու մարդասիրական օգնություն է ուղարկել նաև Իրանը, իսկ այդ երկրի Արևմտյան Ատրպատական նահանգը պատրաստակամություն էր հայտնել բուժման համար ընդունելու տուժածներին: Շատ չանցած ադրբեջանցիներին և իրանցիներին միացավ նաև Պակիստանը:
Սա արդեն ոչ միայն հետաքրքրական էր, այլև բացատրություն էր պահանջում: Ընդ որում, բացատրության կարիք զգում էին ոչ միայն մերժված երկրները, այլև թուրքերից շատերը: Այդ տրամադրություններն անմիջապես թափանցեցին մամուլի էջեր, իսկ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը փորձեց պատճառները պարզել հենց ԱԳ նախարարությունից: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում պարբերականի հարցին ի պատասխան ասացին. «Ադրբեջանն ու Պակիստանն օգնություն են ուղարկել առանց հարցնելու։ Այնպես որ, մենք չէինք կարող չընդունել արդեն իսկ ուղարկված օգնությունը»։
Հեշտ էր նկատել, որ ԱԳՆ-ի պատասխանն առնվազն տարօրինակ էր թեկուզ այն պարզ պատճառով, որ բոլորին, այդ թվում Թուրքիային է հայտնի. օգնություն ուղարկելու համար ստացող կողմի հետ նախ պետք է լուծել տեխնիկական հարցեր, իսկ դրանք լուծվել չեն կարող, քանի դեռ չկա ընդունող կողմի համաձայնությունը: «Այս ծանր պահին անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռագիր հղեց Աբդուլլահ Գյուլին` օգնություն առաջարկելով: Թել-Ավիվը ևս անտարբեր չմնաց: Բայց անհասկանալի պատճառներով Անկարան ընդունեց միայն Ադրբեջանի ու Պակիստանի օգնությունը»,- գրում էր «Հյուրրիյեթ» օրաթերթը՝ հրաշալի հասկանալով ասվածի բուն պատճառները:
Եվ այնուամենայնիվ, ինչու՞ Թուրքիան մերժեց արտաքին օգնությունը: Մեր և Իսրայելի պարագայում այդ հարցը քիչ թե շատ հասկանալի է: Իսկ մյուսնե՞րը: Թուրքերը պնդում են, որ իրենց հնարավորությունները թույլ են տալիս սեփական ուժերով հաղթահարել հետևանքները: Բայց ահա վերջին օրերի մամուլը ողողված է հրապարակումներով, ուր ասվում է, որ տեղի փրկարարները ստիպված են աշխատել «պրիմիտիվ պայմաններում»՝ առանց համապատասխան տեխնիկական հագեցվածության, առանց սննդի, ջրի, բժշկական պարագաների: «Մենք պարզունակ գործիքներ ենք օգտագործում, հիմնականում սարքեր ու տեխնիկա չունենք»,- ասել էր փրկարարներից մեկը Hurriyet Daily News-ի լրագրողի հետ զրույցում: Մեկ այլ աղբյուր գրել էր, որ փլատակների տակ մեռնում են մարդիկ, իսկ օգնական ուժերը բավարար չեն նրանց փրկելու համար:
Այսքանից հետո այլ բան չի մնում, քան ենթադրել, որ Անկարան նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում շարունակում է առաջնորդվել հակակրանքներով ու համակրանքներով: Մյուս կողմից շատերի ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ երկրաշարժը տեղի էր ունեցել մի տարածաշրջանում, որը սովորաբար փակ է օտար աչքի համար: Այստեղ բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են, հենց այս գավառներում են տեղի ունենում ամենաարյունալի բախումները քուրդ գրոհայինների ու թուրքական բանակի ստորաբաժանումների միջև, և տարիներ շարունակ երկրի այս հատվածում արտակարգ դրություն է հայտարարված: Գուցե Թուրքիան չցանկացա՞վ օտարներին ի ցույց դնել իր ներքին կյանքի այդ քողարկված պատկերը, որը աղետի ու անիշխանության պայմաններում կարող էր շատ ավելի ցցուն ներկայանալ: Իսկ ահա արյունակից եղբայր ադրբեջանցիներից ու պակիստանցիներից նա թեևս գաղտնիքներ չունի: Վերջիններս դա ոչ միայն գիտեն, այլև մասնակիցն են համատեղ պայքարի:
Ինչևէ: Մեզ համար Թուրքիային պատուհասած աղետը շարունակվում է դիտվել սոսկ մարդկային ողբերգության տեսանկյունից: Հայ-թուրքական հարաբերությունների սառնությունը կարիք չունի ջերմանալու այս կարգի «խթանիչներով» և ոչ էլ փակ սահմանները պիտի փլուզվեն երկրակեղևի ցնցումներից: Պարզապես ոչ ոք երաշխավորված չէ նման արհավիրքներից, և յուրաքանչյուր անգամ դրանք պիտի հիշեցնեն, թե որքան դժվար է միայնակ կրել աղետի բեռը և որքան կարևոր է միասնական ուժը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: