Պահոց | 10:16 ե.

Արյունալի հարված թիկունքին

20 Հկտ

Ողջ օրը Թուրքիայից ստացվող լրատվությունը հիշեցնում էր ռազմաճակատային ամփոփագրեր: Քրդական բանվորական կուսակցության գրոհայիններն այնպիսի անակնկալ ու ծանր հարված էին հասցրել թուրքական բանակին, որ այդ հարվածից սթափվելը հեշտ չէր լինելու: Նույնիսկ համացանցում տեղադրվեց զինված բախման տեսագրությունը, որտեղ պատկերված էր, թե Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում PKK–ի զինյալներն ինչպես էին հարձակվել ու կոտորել թշնամուն: Պաշտոնական տվյալներով, սպանվել էր 24 և վիրավորվել 22 անվտանգության աշխատակից։ Քրդերը հաղորդում էին 50-ից ավելի սպանվածների մասին: Դրա հետ մեկտեղ գրոհայինները միաժամանակյա հարձակում էին իրականացրել Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա: Սա վկայում էր օպերացիայի նախապես ծրագրված լինելու և ոչ թե թուրքերի՝ պատահաբար ծուղակն ընկնելու մասին, ինչպես փորձում էին ներկայացնել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով պետք է մեկներ Ղազախստան, հետաձգեց մեկնումը: Երկրի վրդովված քաղաքացիները տարերայնորեն հավաքվեցին Կառավարության շենք դիմաց, ցուցարարների խումբը նույնիսկ փորձեց ներխուժել շենք: Մայրաքաղաքում անվտանգության խիստ միջոցներ ձեռնարկվեցին:
Նախագահ Աբդուլա Գյուլին ոչինչ չէր մնում անել, քան իր հայրենակիցներին խոստանալ, որ քուրդ ապստամբների կողմից սպանված թուրք զինծառայողների վրեժը «շատ դաժան» կլինի: «Ոչ ոք սա չի մոռանա: Մեզ մեծ ցավ է պատճառվել։ Թուրքիան մինչև վերջ կտրուկ և վճռականորեն պայքարելու է ահաբեկչության դեմ։ Արվելու է հնարավոր ամեն ինչ՝ այդ գործն ավարտին հասցնելու համար։ Թող ոչ ոք չմոռանա, որ մենք համարժեքորեն արձագանքելու ենք դրան։ Նրանք, ովքեր մտածում են, որ այդպիսի հարձակումներով կարող են կոտրել պետությանը, պետք է իմանան, որ անդառնալի վրեժի են արժանանալու այդ ահաբեկչությունների համար»,- հայտարարեց Գյուլը:
Թուրքերն առաջին անգամը չէ, որ լսում են նման խոստումներ: Սա կրկնվում է արդեն մի քանի տասնամյակ, և բոլոր նախորդ իշխանությունները խոստանում էին մեկընդմիշտ արմատախիլ անել քրդական վտանգը: Միայն թե լուրջ հաջողություններով հպարտանալու առիթ դեռևս չկա… Երեկվա հարձակումից հետո ապստամբները թաքնվել են Իրաքի տարածքում: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում ցամաքային և օդային գործողություններ սկսեցին: Մոտ 600 թուրք դեսանտայիններ ուղղաթիռներով տեղափոխվեցին Հյուսիսային Իրաք, իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերը օդային հարվածներ հասցրեցին քրդական ճամբարներին: Մերձակա գյուղերում սկսվել է տեղական բնակչության տարհանման գործընթաց։ Խոսքը Ղանդիլի ու Հաքուրքի շրջանների բնակչության մասին է։
Նախ արձանագրենք, որ PKK-ն երեկ թուրքական բանակին հասցրել է վերջին 20 տարիների 4-րդ հուժկու հարվածը: Ամենամեծ հարվածը հասցվել էր 1993 թվականի մայիսի 24-ին, երբ Բինգյոլում սպանվել էին 33 զինծառայող։ Մյուսները ևս 1990-ականների դեպքեր են: Ներկա ակտիվացումը իրավունք է տալիս ենթադրելու, որ առջևում լուրջ զարգացումներ են սպասվում: Մյուս կողմից կարելի է այնպիսի տպավորություն ստանալ, թե Թուրքիայի պատասխան գործողությունները պայմանավորված էին հենց այդ արյունալի միջադեպքով: Մինչդեռ փաստերն այլ բան են ասում: Դեռևս հոկտեմբեր 14-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա այցելած Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպմանը խիստ ուղերձներ հղեց Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքիին։ Երբ Իրաքի ԱԳ նախարարն իր անհանգստությունը հայտնեց, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ է իրականացնում, դրան ի պատասխան Էրդողանը ասաց. «Հայտնեք ձեր վարչապետին, որ այդ հողերը ձեր հողերն են, և այն պետք է ձեր հսկողության տակ լինի։ Դուք ստիպված եք մաքրել այն։ Եթե դուք չմաքրեք, մենք կմաքրենք։ Երբ մենք սկսենք մաքրել, չտխրեք։ Մենք PKK-ն վերացնելու մեջ վճռական ենք տրամադրված»: Դրանից անմիրապես հետո՝ հոկտեմբեր 17-ին նախագահ Աբդուլլահ Գյուլն անսպասելի այց կատարեց Իրաքի հետ սահմանակից զորամասեր՝ նպատակ ունենակով բարձրացնել ծառայողների ոգին։ 2-օրյա այցի ընթացքում, որը սկզբնական շրջանում գաղտնի էր պահվում, Գյուլն այցելեց Վան, Հաքքարի, Շրնաք ու Սիիրթ նահանգներում գտնվող զորամասեր: Իր հերթին Գյուլի այցը Իրաքի հետ սահման համընկնում էր այն պահի հետ, երբ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց, որ թուրքական զինուժերը ռազմական գործողություններ իրականացնեն սահմանից այն կողմ։ Եվ այս ամենից հետո քուրդերի գործողությունները միանգամայն տրամաբանված էին ու խելամիտ: Ինչու՞ սպասել հարվածի, եթե կարելի է լինել առաջին հարվածողը:
Կես տարի առաջ Էրդողանի արած այն հայտարարությունը, թե Թուրքիայում քրդական հարց չկա, այսօր արդեն ծիծաղելի է հնչում, իսկ երեկ գիշեր այդ հարցը շառաչուն ապտակի պես հակադարձվեց վարչապետին: Հատկապես Էրդողանի՝ քրդերի դեմ ուղղված կոշտ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ PKK-ի և թուրքական զինված ուժերի միջև բախումները նոր թափ են հավաքում։ Սակայն, ի տարբերություն նախկին տարիների, Թուրքիան այս անգամ այնքան էլ հանգիստ չի մտնի Հյուսիսային Իրաքի տարածք՝ ռազմական գործողություններ իրականացնելու PKK-ի ճամբարների դեմ, քանի որ ներկայումս աշխարհաքաղաքական իրավիճակը Թուրքիայի համար բարենպաստ չէ: Ռազմական փորձագետները ենթադրում են, որ եթե այնուամենայնիվ գործողությունները ծավալվեն, ապա դրանք կլինեն կարճաժամկետ և ուղղված կլինեն կոնկրետ թիրախների: Սրա հետ մեկտեղ առայժմ դժվար է ասել՝ ռազմական գործողությունները կուղեկցվե՞ն Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետության զինուժի հետ բախումներով, թե՞ ոչ:
Ռազմադաշտից բացի Թուրքիան այս օրերին իր երկրի տարածքում իրականացնում է քուրդ ակտիվիստների մասսայական ձերբակալություններ: Դա թուրքերի հայտնի ձեռագիրն է, և նրանք, ովքեր այսօր բողոքի ձայն են բարձրացնում այդ անօրինականությունների դեմ, թերևս գիտեն, որ վերջին 100 տարվա ընթացքում այդ երկրի պայքարի մարտավարության ձևերի մեջ քիչ բան է փոխվել:
Թուրք-քրդական նոր բախումների ֆոնի վրա ակտիվացել է նաև երկրի ընդդիմությունը: Թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե Էրդողանը պատասխանատվության բեռը չպետք է իր վրայից գցի ուրիշների վրա և նրա կառավարությունը պետք է հրաժարական տա, քանի որ ի վիճակի չէ անհրաժեշտ ձևով պայքարել ահաբեկչության դեմ։ Եվ որպես այս ամենի ամփոփում, Անկարայում հիշեցին նաև նյութական կորուստների մասին: Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։
Պատկառելի գումար է, խոսք չկա: Միայն թե ու՞մ մեղադրել: Թուրքիան հնձում է այն , ինչ ցանել է: Եվ քանի որ ցանքսը շատ առատ է եղել, ապա նրանից դեռ երկար ժամանակ կպահանջվի հուձքն ավարտելու համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: