Պահոց | 7:10 ե.

ԻՆՉՊԵՍ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՐԺԵՔՆԵՐԸ

19 Հկտ

Հատված 1945 -ին ԱՄՆ-ի սենատին՝ Խորհրդային Միության կազմաքանդման նպատակով Ալեն Դալլասի (հետագայում` ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախագահ) ներկայացրած քաղաքական ծրագրից

1. Քաոս սփռելով՝ մենք աննկատ իրենց իրական արժեքները կեղծելով կփոխենք, կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին։
2.Արվեստը թուլացնել, գրականությունը «բարոյական» պոռնոգրաֆիկ ձևերի բերել։
3.Գրականությունից և արվեստից մենք դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներից դուրս կմղենք ժողովրդի ոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրությունների ցանկությունը, իսկ գրականությունն ու կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները։
4.Նոր սերունդին թունավորել հակասական-բարոյական ազդեցություններով, անբարոյականությամբ։
5.Արմատական տեսություններով, բանաձևերով և գաղափարներով կարծիքները թունավորել, սոցիալական դասակարգերի միջև ստեղծել աղմուկ, իրարանցում, քաոս, ատելություն և անվստահություն սերմանել:
6.Տարածել անիմաստ գաղափարներ, ազգաբնակչությանն անիրականանալի գաղափարներով սխալ ուղու վրա դնել:
7.Անսահման ճոխությամբ, շքեղ կյանքով, գլխապտույտ առաջացնող նորաձևություններով խելակորույս մսխումների մղել:
8.Մեծամասնության ժամանակը տոներով և խաղերով զբաղեցնել, ամեն մի լուրջ, դրական միտք, մտածում խանգարել:
9.Քայքայել ընտանեկան կյանքը։
10.Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, ովքեր կսկսեն սերմանել ու ներարկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք։
11. Կառավարիչներ նշանակել ստորին խավի մարդկանց:
12.Վերին խավի հոգևոր ուժը ամբողջովին տկարացնել և քայքայել:
13.Քայքայել հարգանքը սրբությունների նկատմամբ, հեղինակավոր, հարգանք վայելող անձնավորությունների մասին հորինել ստոր և վուլգար պատմություններ։
14.Մենք աննկատ, բայց ակտիվ ու մշտապես կօժանդակենք հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը: Ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի։ Ստահակությունն ու անամոթությունը, միմյանց նկատմամբ անասնական վախը, դավաճանությունն ու թշնամությունը կսերմանենք աննկատորեն։ Միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու և
հասարակության տականք հայտարարելու համար։

Կարող եմ օգնել բարի մտադրություններով

19 Հկտ

Երբ օրերս հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այս տեղեկությունը որևէ մեկին զարմանք չպատճառեց: Միայն ընթացիկ տարվա ընթացքում պաշտոնական Թեհրանը հավանաբար 4-5 անգամ արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել տարբեր ամբիոններից: Եվ այս հավելյալ հիշեցումը, որ վերջին անգամ հնչեց Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի շուրթերից, ընկալվեց ոչ ավելին, քան բարի մտադրությունների արտահայտություն: Պաշտոնյան նաև նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին ու պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը: Մեհմանփարասթն ի հավելումն ասվածի ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:
Այն, ինչ հաջորդեց հիշյալ ելույթին, ոչ միայն դրա տրամաբանական արձագանքն էր, այլ նաև անխուսափելի հետևանքը: Որքան էլ կարծիքները աչքի ընկնեին իրենց բազմազանությամբ, մի հարցում բոլորը կարծես թե համերաշխ էին՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու Իրանի առաջարկը ոչ ոք լուրջ չէր ընկալել: Այս կարգի թերահավատ վերաբերմունքը մի քանի բացատրություններ ուներ, սակայն գլխավորը մնում էր այն, որ միջազգային հանրությունը բազմիցս փաստել էր, թե խնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այսինքն Իրանը որքան էլ հայտարարի իր պատրաստակամության մասին, գործնականում նրա միջնորդական առաքելությունը դժվար թե կյանքի կոչվի:
Անկասկած, այս բանը Թեհրանում հրաշալի գիտակցում են: Բայց և այնպես շարունակում են պնդել մի բան, ինչի մասին մյուսները առանց թաքցնելու ասում են. «Դա ուղղակի լուրջ չէ»: Այդ դեպքում ի՞նչ կարող են շահել իրանցիներն իրենց անլրջությունից: Տարածված վարկած կա, համաձայն որի, ամեն ինչից դատելով, ինչպես Իրանը, այնպես էլ բոլոր այն «հարակից» երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկություն են հայտնում միջնորդելու ղարաբաղյան հակամարտության լուծմանը, իրենց այդ մղումներով հավակնում են սոսկ հիշեցնել մեր տարածաշրջանում իրենց ներկայության և դերի մասին: Ընդամենը այսքանը և ոչ ավելին: Տվյալ պարագայում դժվար է չհամաձայնել այն պնդումների հետ, որ նման հայտարարություններ հնչեցնող երկրներից և ոչ մեկն իրականում հույս չունի, թե իր առաջարկները կընդունվեն: Բացի դա, կարծես թե հստակ է դառնում, որ ոչ Իրանը, ոչ էլ մյուսները Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ ոչ ունեն, ոչ էլ երբևէ ունեցել են: Եթե այդպիսիք լինեին, ապա ինչ-որ կերպ հայտնի կդառնային գոնե դրանց առանձին դրվագները:
Հայաստանի համար նման առաջարկները կտրական կերպով մերժելը հեշտ գործ չէ: Ի վերջո, խոսքը հարևան երկրի մասին և անհրաժեշտություն կա դիվանագիտական նրբանկատություն հանդես բերելուց զատ նաև չնեղացնել օգնության ձեռք պարզողին: Եվ ահա այդ պատասխանատու գործին լծվեցին իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները: Նախ հանդես եկավ Հանրապետականը՝ կրկնելով այն նույն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթներում, և այլ կողմերի, այդ թվում՝ Իրանի միջնորդությունը ոչ միայն չի կարելի, այլ նաև հնարավոր չէ: Այլ խոսքերով ասած՝ այն, ինչ կա ներկա պահին, մեզ լիովին բավարարում է և նոր դերակատարների ներկայությունը միայն փչացնել կարող է փխրուն հավասարակշռությունը: Այնուհետև արտահայտվեց «Բարգավաճ Հայաստանը»՝ նշելով, որ մեր երկիրը բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հավասարակշռված մոտեցումները, սակայն միաժամանակ փաստում է, որ հիմնախնդրի լուծման բանակցություններն ընթանում են իր համար լիովին ընդունելի` ԵԱՀԿ ձևաչափով: Որպես հավելում այս ամենի օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, որտեղ մասնակցում էր Միջխորհրդարանական միության հոբելյանական 25-րդ վեհաժողովին, հանդիպեց Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին և առանձնազրույցի ժամանակ հնարավորինս մեղմ ձևակերպումներով շարադրեց արդեն ասվածը:
Թե որքանով Թեհրանը գոհ կմնա Երևանի հիմնավորումներից՝ կիմանանք ամենամոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ չենք կարող չարձանագրել, որ ներկայումս Իրանը գտնվում է շատ դժվար իրավիճակում: Միացյալ Նահանգները և նրա համախոհ երկրները շարունակում են սպառնալիքներ տեղալ, և որևէ մեկն այս պահին երաշխիքներ տալ չի կարող, որ մի օր բառերին չեն հաջորդի գործողությունները: Հենց այս վտանգը հաշվի առնելով է, որ Իրանը փորձում է իր դերակատարությունը ամրապնդել Հարավային Կովկասում: Ու նրա զանազան առաջարկները դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան դիվանագիտական շրջափակումից դուրս գալու ծայրահեղ ճիգեր: Մեծ հաշվով խնդիրը ոչ այնքան Ղարաբաղն է, որքան հակամարտության ագրեսիվ կողմերից մեկը՝ Ադրբեջանը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ թվացյալ ջերմ հարաբերությունների թիկունքում Բաքուն շարունակում է կասկածանքով վերաբերվել Իրանին և նրա նկատմամբ պահպանել անվստահությունը՝ կարծելով, թե վերջինիս դիրքորոշումը հայամետ է: Այստեղ տեղին կլինի նկատել, որ Թեհրանի վերջին հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրեց, թե այժմ քննարկվում է Ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Հայտնի բան է, որ իրանական կողմի համար խաղաղապահների տեղակայման հարցը չափազանց խոցելի է, և մշտապես նրանք հիվանդագին կերպով են արձագանքել այդ հեռանկարին: Ու ստացվեց այնպես, որ Իրանի արձագանքը խաղաղապահների տեղակայմանը եղավ առանց հապաղումի: Դրանից հետո քաղաքական դիտորդներն անմիջապես նշեցին, որ Իրանն այդ կերպ զգուշացնում է, թե ինքը կարևոր գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ, և որ առանց իր մասնակցության Հայաստանն ու Ադրբեջանը միայն արևմտյան միջնորդության վրա հենվելով արդյունքի չեն հասնի:
Սա, իհարկե, վիճարկելի տեսակետ է: Սակայն չմոռանանք այն, որ Իրանի արտգործնախարարի հայտարարության մեջ հիշատակվում էր նաև Ռուսաստանի անունը, ինչը նույնպես պատահական չէր: Թեհրանում հույս ունեն, որ Մոսկվան իրենց այդ մեսիջը անարձագանք չի թողնի, քանի որ ռուսական իշխանական վերնախավում հիմա առավել հաճախ է քննարկվում այն հարցը, թե ինչքանով էր արդյունավետ տարածաշրջանում և մասնավորապես Իրանին վերաբերող հարցրում միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունները հաշվի առնելու քաղաքականությունը: Որպես ասվածի ապացույց ավելորդ չէ հիշել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Իսկ այս «չի կարելի»-ն զգուշացում է ոչ միայն Իրանի, այլև մյուսների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: