Պահոց | 6:38 ե.

Սարկոզին ասաց, Էրդողանն ասաց…

13 Հկտ

Արդեն մի քանի օր շարունակ բավականին հոծ մի հանրություն սպորտային հետաքրքրասիրությամբ հետևում է Սարկոզի- Էրդողան բանավեճին՝ սպասելով ոչ այնքան դրա եզրափակիչ ակորդներին, որքան փորձելով կռահել, թե միչև որ սահմանը կարող է ձգվել կողմերի համառությունը և ում բաժին կհասնի վերջին խոսքն ասելու իրավունքը: Եթե իսկապես Ֆրանսիայի նախագահը «սառը պատերազմ» է սկսել Թուրքիայի դեմ, ապա թուրքերն էլ իրենց հերթին ընդունել են այդ մարտահրավերը՝ որոշակի պատկերացումներ չունենալով այն մասին, թե հանուն ինչի են այդ բանն անում և ինչպես կարելի է չոր դուրս գալ այդ ջրափոսից: Սա է պատճառը, որ վիճաբանությունը մինչ այս պահը չունի որևէ լուրջ մարտավարություն և ընթանում է «դու ասացիր՝ ես ասացի» պինգպոնգային սկզբունքին հավատարիմ, քանի դեռ գնդակը չի դիպչել ցանցին կամ չի հայտնվել խաղադաշտից դուրս: Նիկոլա Սարկոզիի երևանյան ասույթներից յուրաքանչյուրը Անկարան ընկալել է իբրև իր ուղղությամբ արձակած կրակոց և այժմ հակադարձում է դրանց պատասխան կրակով:
«Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմությանը» կոչ-հորդորը վերածվեց ոչ թե թուրքերի, այլ Ֆրանսիայի պատմության հետ առերեսման, և վարչապետ Էրդողանը շտապեց Սարկոզիին հիշեցնել Ռուանդան ու Ալժիրը. «Այն, թե ինչ է տեղի ունեցել Ռուանդայում, աֆրիկացիները շատ լավ գիտեն։ Հայտնի է, թե արևմտյան որ երկրներն են միասին այն վերածել զուլումի»,- պատմական էքսկուրս կատարեց թուրք վարչապետը՝ մի կողմ թողած սեփական պատմությունը։
Իսկ ընդհանրապես, եթե հետևելու լինենք թուրքերի արձագանքին, ապա անմիջապես կնկատենք, որ Սարկոզիի առաջարկություններին նրանք չեն տալիս ոչ մի հիմնավորված պատասխան կամ բացատրություն: Խորապես համոզված, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, թուրքական կողմը մեղադրանքներ է շաղ տալիս աջուձախ և ամեն ինչի համար: «Ֆրանսիայի նախագահը գնում է Հայաստան ու այնտեղից խորհուրդներ տալիս Թուրքիային։ Նախ քեզ խուրհուրդներ տուր։ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող ես հեշտությամբ կուլ տալ»,– կռվազան տղեկի բորբոքվածությամբ իր կուսակիցների առաջ աքլոր է կտրում Էրդողանը՝ նշելով, որ Ֆրանսիայում բացի հայերից, որոնց թիվը 600 հազարի է հասնում, ապրում են նաև 500 հազար թուրքեր։ «Նա Ֆրանսիայում մի բան է ասում, Հայաստանում՝ մեկ այլ բան, իսկ երբ գալիս է Թուրքիա, բոլորովին այլ։ Նման քաղաքական առաջնորդ չի լինում։ Քաղաքականությունը անկեղծություն է պահանջում: Պետական գործիչը պետք է մտածի նախևառաջ գալիք սերունդների, այլ ոչ միայն գալիք ընտրությունների մասին»,- իր երգն է երգում Էրդողանը, սակայն հոգու խորքում անկասկած մեծ ցավ է ապրում՝ վերհիշելով, թե Սարկոզին ինչ պատասխանեց թուրք լրագրողին, երբ սա հարց ուղղեց 2012-ի նախագահական ընտրությունների և հայ համայնքի կշռի մասին: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ժամանակից դուրս են: Մենք այդ տարեթվի կամ մեկ այլ տարեթվի համար չենք աշխատում»,- այն ժամանակ ասել էր Ֆրանսիայի նախագահը:
Ի դեպ, բանավեճում որոշակի առաջնություն շահելու հարցում Էրդողանին մեծապես խանգարում է նաև իր երկրի դերի գերագնահատումը և այն ինքնավստահ տոնը, որով նա դասեր է տալիս Սարկոզիին: Լինելով վարչապետ, Էրդողանը սկսում է այն կետից, որ բացատրում է, թե ինչպիսին պիտի լինի նախագահը. «Նախագահը պետք է խոսի և գործի` մտածելով նաև իր երկրի ապագայի մասին: Հայերի առնչությամբ դուք ծրագրեր և հեռանկարներ չունեք, իսկ Թուրքիայի հետ` ունեք: Մտածեք այդ մասին», – զգուշացնում է նա: Բայց արի ու տես, որ Թուրքիայի հետ կապված Ֆրանսիայի ու Եվրոպայի ծրագրերն էապես տարբերվում են Էրդողանի երազած հեռանկարներից: Իսկ դրա մասին Սարկոզին արդեն տեղեկացրել էր ամենաբաց տեքստով. «Գտնվելով Փոքր Ասիայում, Թուրքիան մեծ դեր ունի աշխարհի, Ֆրանսիայի համար: Այն կամուրջ է Արևելքի ու Արևմուտքի միջև: Բայց այդ դերը Եվրոպական Միությունում չէ»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահն իր երկրի ու ողջ Եվրոպայի անունից: Եվ հիմա, քթի տակ ԵՄ-ի դռան շրխկոցից ցայտնոտի մեջ հայտնված Էրդողանին մնում է փայփայել այն վերջին հույսը, որ եվրոպացիները կզղջան իրենց դիրքորոշման համար: Միայն թե դա էլ իրական չէ, և գոնե Սարկոզին ափսոսանքի որևէ զգացում չի ապրում: Նա իր խորհրդականների հետ քննարկման ժամանակ ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել օրեր առաջ Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններից։ Իսկ երբ Սարկոզիի խորհրդականները զգուշացրել են Անկարայի կողմից սպասվելիք լուրջ հակազդեցության մասին, դրան ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ըստ էության, թուրքերն ինձ ատում են, այնպես որ, խնդիր չէ»։
Սա, ինչ խոսք, հիմնավորում է՝ լիովին համապատասխան Սարկոզիի ոճին, ով ամիսներ առաջ նույն կերպ խոստովանել էր, թե զզվում է թուրքական դրոշից: Այդ իսկ պատճառով էլ միանգամայն հասկանալի է նրա բացարձակ անտարբերությունն այն բոլոր աղմկոտ խոսքերի նկատմամբ, որոնք լսվում են Անկարայից: Իսկ այստեղ իր վաչապետի ոճով կենդանության նշաններ է ցույց տալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մերթ Սարկոզիին խորհուրդ տալով սեփական անցյալի հետ առերեսման համար նայել հայելու մեջ, մերթ նրա հայտարարությունները որակելով իբրև «քաղաքական պոպուլիզմ»:
Փարիզում էլ իր համար սահմանված դերն է խաղում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն, ով օրերս այցելել է Ելիսեյան Պալատ ու խնդրել «Թուրքիան որպես նախընտրական քարոզչության գործիք չօգտագործել»: Սակայն այսքանը քիչ համարելով, դեսպանն ասել է, թե իրենց ուղերձը միայն Սարկոզիի համար չէ, այլ այն նախատեսված է ֆրանսիական ողջ քաղաքական դասի համար՝ զգուշացնելով, որ նման հռետորաբանության կիրառումը երկկողմ հարաբերությունների կատարյալ ձախողումից բացի որևէ այլ արդյունքի չի հանգեցնի: «Մենք գիտենք, որ բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանատիպ հայտարարություններ են անում, բայց Սարկոզին անզգուշություն է ցուցաբերել՝ սպառնալով Թուրքիային, գտնվելով թուրքական հողից մի քանի քայլի վրա»,- ասել է թուրք դեսպանը:
Բուրջուօղլուն չարաչար է սխալվում: Իրականում ոչ մի անզգուշություն էլ չկա, Թուրքիայի ցայտնոտային վիճակը ակնհայտորեն զվարճացնում է Սարկոզիին ու նրա համախոհներին, իսկ այդ անլուրջ վերաբերմունքը էլ ավելի է գրգռում թուրքերի վիրավորված ինքնասիրությունը: Եվ մինչ խոլերիկ Էրդողանը պատեպատ է զարկվում՝ հրապարակային խայտառակումից ու ամոթից ազատվելու համար, խարիզմատիկ պահվածքով և հաճախ չափազանց անսպասելի արարքներով հայտնի Սարկոզին մտմտում է իր հաջորդ քայլերը ճիշտ այնպես, ինչպես երևանյան մտքերն էր ծանրութեթև արել Հայաստան մեկնելուց առաջ: Պատմում են, որ այդ օրերին Սարկոզին յուրայիններին նախազգուշացրել էր, որ պատրաստվում է «ռումբ պայթեցնել»: Պայթյունը որոտաց արժանի հնչեղությամբ: Իսկ թե նա այս ամենն ինչ դիմակի տակ էր քողարկել և ինչպես մատուցեց, այլ խնդիր է: Սակայն հետզհետե առավել ակնհայտ է դառնում, որ ֆրանսիացիները հրաշալի գիտեն, թե ինչ են անում և վաղօրոք կռահել էին դրա բոլոր արձագանքներն ու հետևանքները: Եթե այսօր ոմանք ցանկանում են ներշնչել այն վերաբերմունքը, թե նախագահ Նիկոլա Սարկոզին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն մեդալի երկու կողմերն են և նրանց խոսքը գործի հետ չի համապատասխանում, ապա այսպիսի շրջադարձը վերստին քիչ բան կարող է փոխել առկա իրավիճակի մեջ: Ի՞նչ փույթ, եթե Սարկոզին և Էրդողանը միմյանց դեմ պայքար են սկսել այն բանի համար, թե իրենցից ով է կարողանալու շահել ժողովուրդների «ազատության հույսը» լինելու կոչումը։ Այդ պատիվները մեզ չեն կերակրի ու չեն դառնա շահեկան մանրադրամ: Փոխարենը առկա կացությունը հնարավորություն է ստեղծել ևս մի քայլ առաջ ընթանալ, ու մեր հոգսը կարող է լինել միայն դա:
Իբրև հավելում այս ամենին ասենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը հոկտեմբերի 26-ին ժամանելու է Անկարա։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումների ընթացքում պաշտոնական Անկարան ամենաբարձր մակարդակով իր դժգոհությունն է հայտնելու Ժյուպենին՝ Սարկոզիի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության համար։ Ժյուպենն էլ թերևս կգտնի դրանց տրվող արժանի պատասխանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: