Պահոց | 3:14 ե.

Գայլերն ու եղնիկները

12 Հկտ

Ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ հասարակությունը վրդովված քննարկում էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում տեղակայված «Եղնիկներ» անունը կրող տխրահռչակ զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպը՝ պահանջելով խստագույնս պատժել մեղավորներին, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Ընդ որում, հենց նույն հանրության շնորհիվ էր, որ շարքային Աղասի Աբրահամյանի խոշտանգումն ու մահը արձագանքի արժանացավ, այլապես կդասվեր շատ ու շատ այլ միջադեպերի թվին, որոնք վարպետորեն քողարկվում են կամ ամբողջ մեղքը բարդվում է նրա վրա, ով այլևս չի կարող իրեն պաշտպանել ու ասել ճշմարտությունը:
Սակայն, ինչպես երևում է, «Եղնիկների» բարքերը փոփոխության նշաններ ցուցաբերելու մտադրություն չունեն: Օրերս նույն այդ զորամասում հերթական բռնությունն էր գործադրվել զինծառայողի նկատմամբ: Արթիկից զորակոչված շարքային երիտասարդին նրա զինակիցները դաժանաբար ծեծել էին, ծխախոտ հանգցրել մարմնին, ենթադրվում է, որ նրա նկատմամբ նաև սեռական անառակաբարո գործողություններ էին կատարել: Այժմ տղան տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալներից մեկը և, ըստ բժիշկների, առկա են հոգեկան խանգարման նշաններ:
Իսկ դրա հաջորդ օրը նույն «Եղնիկներ»-ում գտան 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Սպանվածը բանակ էր զորակոչվել Արարատի մարզի Խարբերդ գյուղից: Հենց որ մամուլն աղմկեց, անմիջապես մեջտեղ եկավ պաշտոնական վարկածը, համաձայն որի կատարվածը ինքնասպանություն էր: Բայց, կներեք, մենք ձևակերպումը ճիշտ չտվեցինք: Ոչ թե պաշտոնական, այլ ՊՆ-ի վարկածն էր այդպիսին՝ ինքնասպանություն: ՊՆ-ում սիրում են, երբ բոլոր մահերն ինքնասպանություններ են լինում: Ու հազիվ թե այնտեղ ցանկություն ունենան լսելու սպանվածի մոր՝ Անժելա Ասատրյանի պատմությունն այն մասին, որ իր որդու վաշտի հրամանատարը (ոմն Արմեն) դեպքից առաջ այնպես էր ահաբեկել Վլադիմիրին, որ զինվորը զորամասից փախուստի փորձ էր արել: «Էդ գիշեր էրէխուն ասել է, որ քեզ սպանելու եմ, ծառայությունդ վրեդ թթվացնելու եմ, մորթելու եմ քեզ: Խեղճ քյորփես վեր ա կենում, գիշերով փախնում չաստից: Էրեխուս տանում են, 15 օրով մտցնում են գաուբվախտ»,- լրագրողներին հայտնել էր որդեկորույս կինը:
«Եղնիկներ»: Ինչեր ասես, որ չեն պատմում այդ զորամասի մասին: Ինչեր ասես, որ մենք չլսեցինք ու չիմացանք միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում: Հիշենք թեկուզ հանրահայտ պատմությունը՝ YouTube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութի մասին, որտեղ գումարտակի հրամանատարի տեղակալ մայորը ծեծի ու ծաղրուծանակի էր ենթարկում նույն գումարտակի ժամկետային զինծառայողներին: Իսկ դրանից առաջ նույն զորամասի կապիտան Անդրեյ Հարությունյանի խորհրդավոր սպանության դեպքն էր, որի հեղինակի մասին ասում էին, թե իբր եղել է շարքային զինծառայող և իր արարքով վրեժ է լուծել սպայից նրա անմարդկային պահվածքի համար: Թերևս կարիք չկա թվարկելու այն բազմաթիվ փախուստների ու ինքնախեղումների դեպքերը, որոնց դիմում են զինվորները, միայն թե ազատվեն «Եղնիկներ» կոչվող դժոխքից:
Եվ ի՞նչ եղավ հետո: Նույնը, ինչ լինում է սովորաբար: Երբ մարդկանց համբերությունը ափերից դուրս եկավ, բանակի հրամանատարությունն ի վերջո որոշեց տեղից շարժվել ու ցույց տալ, թե ինքը նույնպես չի հանդուրժի ոչ մի անարխիա ու անօրինականություն: Բոլոր խոշոր ուսադիրավորները մեկը մյուսի ետևից սկսեցին վազ տալ դեպի Մարտակերտ, որպեսզի հետո այնտեղից մեծ-մեծ խոստումներով կերակրեին արդարության քաղցից կատաղած հանրությանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, թե իբր զորամասի վիճակը գտնվում է անձամբ իր և պաշտպանության նախարար Սայրան Օհանյանի հսկողության տակ: ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը հավաստիացրեց, որ դեպքերի բացահայտման հարցում իրենք լինելու են հետևողական ու գործին վերաբերվելու են ընդգծված լրջությամբ։ Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը միայն անմեղսունակներին հատուկ անտեղյակությամբ ոչ ավել ոչ պակաս հայտարարեց. «Եղնիկները» մեր լավագույն զորամասերից է եղել: Պաշտպանության բանակում այդ գունդը եղել է ամենալավը: Այդ զորամասը մարտունակ է: Եթե ասեմ, որ այդ գնդում ամեն ինչ լավ է, ճիշտ չի լինի, բայց այդքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է»:
Իսկ գուցե Խաչատուրովն այդ դեպքում իսկապե՞ս առավել քան անկեղծ է: Նման պարագայում «Եղնիկներ» գերազանց զորամասի օրինակով արդեն հեշտ է դառնում պատկերացում կազմել բանակի մյուս ստորաբաժանումների ու զորամասերի մասին, կռահել, թե ինչեր են կատարվում նրանց պատերի ներսում ու դեռ ինչեր մենք չգիտենք, որ գիտի Խաչատուրովը:
Միայն մի բառ կա, որից բարձրաստիճան զինվորականությունը փախչում է՝ ինչպես համաճարակից: «Պատասխանատվություն» բառն է: Նրանք համաձայն են ցանկացած այլ բանի, միայն ոչ այս մեկը: Եվ ինչու՞ մտնեն այդ բառի ծանրության տակ, եթե դրա համար միշտ կան պատրաստի քավության նոխազներ՝ այն 18-20 տարեկան տղաները, որոնք ոչ բոլոր դեպքերում են արդար ու ազնիվ, բայց չէ՞ որ դա էլ իր պատճառներն ունի: Ոչ ոք չի ժխտում, որ բանակը լի է նաև թափթփուկներով ու դուրսպրծուկներով, ովքեր ընդունակ են ամեն կարգի ստոր արարքների: Բայց հենց նրանց սանձելու և անօրինական քայլերը կանխարգելելու համար է, որ պետությունը պատրաստում, կրթում, կերակրում, հանդերձավորում, վճարում ու զինված ուժեր է ուղարկում 10-հազարանոց սպայակազմը: Հենց նրանք են, որ միշտ ու առաջին հերթին պիտի ստանձնեն կարգապահություն սահմանելու և ապահովելու պատասխանատվությունը: Իսկ հատկապես այն զորամասերում (ինչպիսին է «Եղնիկները»), որոնք գտնվում են մեր թշնամու քթի տակ, այսինքն նույն այդ պատասխանատվության առաջին գծում, զգոնությունն ու կարգապահությունը չի կարող լինել այլ տեղ, քան իր բարձրագույն կետում: Բայց…
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հանգիստ խղճով ու խաղաղ ձայնով պարզաբանում է միամիտներիս համար, որ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Հետո նա նույն հանգստությամբ նշում է, որ 2008 թվականից մինչ օրս շատ սիրելի ու պաշտելի նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում զորամասի հրամանատարներ ու գեներալներ, ստացել են տարբեր տույժեր՝ զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն և այլն:
Այն, որ դժբախտ դեպքերի քանակը հարյուրավոր է, իսկ տույժերինը՝ ընդամենը տասնյակ, սա անարդար հարաբերակցության ընդամենը մի հարթությունն է: Իսկ այն, որ մարդկային կյանքը փոխհատուցվում է գրավոր նկատողությամբ, դա էլ արժեհամակարգի մեկ այլ՝ նախարարական գնահատանքի չափորոշիչն է:
Հիմա արդարադատ ու հետևողական նախարար Սեյրան Օհանյանն իր աթոռի բարձրությունից մեկ այլ բան է մոգոնել՝ զինված ուժերում ստեղծում է հանցագործությունների կանխարգելման հարցերով աշխատանքային խումբ: Թե դա որերորդ պարապ գործերի հանձնաժողովն է, որ լույս աշխարհ է գալիս նրա օրհնությամբ, արդեն դժվար է հիշելը: Բացի այդ, բավական է միայն ծանոթանալ այդ նորաթուխ խմբում ընդգրկվածների ցանկին, և պարզ կդառնա, թե ինչու են հատկապես նրանք ընտրվել և որքանով են ընդունակ որևէ բան կանխել:
Եվ մինչ գայլերը շարունակում են հոշոտել եղնիկներին, պարոն Սեյրան Օհանյանն իր հերթական ճառն է արտասանում առ այն, թե զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով պատրաստվում է անել այս, այս, այս… Ու երբ ջղերդ պրկած լսում ես այդ տափակ ձևակերպումները, միակ զգացողությունը սրտխառնուքն է դառնում…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: