Պահոց | 5:30 ե.

Հին, շատ հին պատմություն

11 Հկտ

Երեկ և այսօր խորվաթական Դուբրովնիկ քաղաքում ընթացան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստեր, որտեղ առանձին լսումներ նվիրվեցին նաև «ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում» թեմային: Եթե մասնակից կողմերից որևէ մեկն այնտեղ հայտարարեր, որ այդ նախաձեռնությունը ժամանակի անտեղի վատնում է, նրան անմիջապես կմեղադրեին ոչ կառուցողական դիրքորոշման համար: Այդ իսկ պատճառով էլ որևէ մեկը որևէ բան չասաց և փոխարենը ուշադրությամբ հետևեցին նրան, թե ինչպես էին Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդները ջանում արդարացնել իրենց ներկայությունը: Հիմնական զեկուցողներն, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաներն էին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպշիկը: Վերջիններիս կարծիքների ու ելույթների մասին առավել մանրամասն տեղեկություններ չկան: Փոխարենը մամուլում տարածվեց բուն ասելիքը, ընդ որում, դա արվեց այնպես, որ առաջին հայացքից տպավորություն ստեղծվեց, թե օրը ցերեկով Դուբրովնիկում մեծ սենսացիա է արձանագրվել, քանի որ, համաձայն այդ աղբյուրների, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այնտեղ շարադրել էր հակամարտության կարգավորման հիմքում դրված 6 նոր սկզբունքները:
Միայն այն միտքը, թե հնարավոր էր միանգամից այդքան նորություն մատուցել, արդեն իսկ գայթակղիչ էր: Եվ ահա հանրության սեփականությունը դարձան Բրադկեի խոսքերը, որտեղ նա ասում էր, թե համաձայնության հասնելու համար միջնորդները հենվում են ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Ապա նա ներկայացնում էր սկզբունքների այն հրաշալի 6-նյակը, որոնք հետևյալն էին՝
1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում,
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում,
3. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անմիջական կապի ապահովում,
4. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում,
5. Փախստականների վերադարձ,
6. Տարածաշրջանում անվտանգության միջազգային ապահովում և խաղաղարար գործողության իրականացում:
Սրանից հետո բեմ էր բարձրացել Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը և ասել, որ հակամարտությունը լուծել հնարավոր է միայն դիվանագիտության շրջանակում։ Նա հավելել էր, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե երկու կողմերը քաղաքական կամք ունենան։ Իսկ այնուհետև ամբիոնը տրամադրվել էր Կասրպշիկին, որն էլ իր հերթին հայտնել էր, թե ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում` հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում շարունակվում են մարդկային կորուստները և որ այս առիթով ԵԱՀԿ-ն առաջարկում է հաջորդ շաբաթ շփման գծում նոր դիտարկում անցկացնել: Ահա այսքանը:
Անմիջապես ասենք, որ ներկայացվածում սենսացիա որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում, քանի որ իրականում այն չկար և չէր կարող լինել: Նոր հորջորջված սկզբունքները ոչ միայն նոր չէին, այլև շատ հին էին: Կողմերը դրանք հրապարակել էին դեռևս երկու տարի առաջ` 2009 թվականի հուլիսին` իտալական Աքվիլայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: Իսկ եթե խոսենք 6 կետերի ծննդի մասին, ապա էլ ավելի ետ պիտի գնանք՝ հասնելով մինչ 2007 թվականի նոյեմբեր, երբ Մինսկի խմբի նախագահներն առաջին անգամ առաջարկեցին հիմնարար սկզբունքների մադրիդյան փաթեթը, որտեղ էլ ներկայացված էին այդ 6 կետերը:
Այդ դեպքում ինչու՞ էին նրանք կրկնում այն, ինչը վաղուց բոլորին հայտնի էր: Այս հարցադրումն առայժմ մեկ պատասխան ունի. քանի որ ուրիշ ոչինչ չկա ասելու: Ինչպես օրերս գրել էր ֆրանսիական հեղինականոր «Le Figaro» պարբերականը «Ղարաբաղյան խառնաշփոթ» վերտառությամբ հոդվածում՝ «Մինսկի խմբում հավաքված ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ի զորու չեն վերսկսել կայուն հրադադարի վերաբերյալ բանակցությունները: Մոսկվան առաջարկել էր հատուկ միջնորդ լինել, բայց ապարդյուն»: Դրական տեղաշարժերի իսպառ բացակայությունն իր հերթին պատճառ է հանդիսանում, որպեսզի գործընթացում ներգրավված կողմերը հրապուրվեն զանազան կողմնակի դիսպուտներով, ձախողումների համար մեղադրեն մեկը մյուսին և իրենց դատողություններում գնան այնքան հեռու, որ դրանք վերածեն անհեթեթության կամ մտասևեռումների: Իբրև ասվածի ակնառու օրինակ նշենք թեկուզ այն, որ Ադրբեջանում այսօր տարածում է ստանում այն մտայնությունը, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները քրիստոնեական պետություններ են, դրա համար էլ նպաստավոր պայմաններ են ստեղծում հայկական կողմի համար ու նվազագույնի են հասցնում հայերի նկատմամբ իրենց ճնշումները։ Սրա փոխարեն Հայաստանում քիչ չեն նրանք, ովքեր համոզված են, թե շատ հարմար պահ է, և արժե, որպեսզի հենց հիմա Երևանը օգտագործի հնարավորությունը, մերժի այս նոր-հին տարբերակները, առավել ևս, որ Ֆրանսիան, ինչպես խոստացավ նախագահ Սարկոզին, մտադրություններ ունի առաջարկել բանակցության նոր սկզբունքներ: Արդյո՞ք հենց այդ մասին չէր ակնարկում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, երբ ասում էր. «Ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն արդեն ձեռք է բերվել, որոնք չի կարելի կորցնել: Իսկ քանի որ դեռ մնում են դժվարություններ ինչ-որ հարցերի հետ կապված, որոնց շուրջ դժվար է կոմպրոմիսի հասնել, ապա պետք է նոր ձև գտնել»:
Սակայն նոր ձև կոչվածը դեռևս չկա ու չկա: Իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին պատրաստվում են այցելել տարածաշրջան։ Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։ Այդ բանակցությունների մասին միջնորդները շաբաթներ առաջ տեղեկացրել էին, երբ Վարշավայում առանձին-առանձին հանդիպել էին Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ: Համանախագաները նաև ներկայացրել էին առաջիկա ամիսների (մինչև դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը) աշխատանքային պլանը։ Իսկ եռյակի տարածած հայտարարության տեքստում նշվում էր, որ շարունակելու են աշխատել կողմերի հետ՝ ուրվագծելու համար հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հիմք հանդիսացող Հիմնարար սկզբունքների հարցում առկա ներկայիս տարաձայնությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման ուժեղացմանը, տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմռնման աջակցմանն ու մթնոլորտի բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են առաջարկելու։
Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ ոչ մի նոր բան չկա: Հին գաղափարներով հյուր եկողներից շատ դժվար կլինի նոր փոփոխություններ ակնկալել: Կամ գուցե ներկա պահին դա ոչ մեկին էլ անհրաժեշտ չէ՞: Առջևում մի շարք կարևոր իրադարձություններ կան, ընտրություններ են սպասվում, և քանի դեռ հիմնական խաղացողները զբաղված են դրանցով, համանախագահներին այլ բան չի մնում, քանի նիստեր գումարելով ու տարածաշրջան այցելելով կենդանի պահել այն տպավորությունը, թե իրենք դեռ կան և գործում են:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

11 Հկտ

Մարդ ընտելանում է, գիտե՞ք… Արդեն ոչ ոք չի զարմանում ռնգեղջյուրների հոտերի վրա, որոնք մեծ թափով արշավում են փողոցներում… Մարդիկ մի կողմ են քաշվում՝ նրանց ճանապարհ տալու համար, հետո շարունակում են իրենց զբոսանքը, իրենց գործին են նայում, կարծես ոչինչ էլ չի եղել… Գուցե և տրամաբանական է, բայց կարո՞ղ ենք մենք համակերպվել, որ մեր կատուները մեր աչքերի առջև տրորվեն ռնգեղջյուրների կողմից՝ դրանք լինեն միակոտոշ, թե երկկոտոշանի, ասիական, թե աֆրիկյան:
Օ՛հ, ինչքան կուզենայի լինել նրանց նման: Ավա՜ղ, ես կոտոշ չունեմ: Ինչքա՜ն տգեղ է տափակ ճակատը: Ինձ հարկավոր է մեկ կամ երկու կոտոշ՝ կախ ընկած դիմագծերս պրկելու համար: Գուցե աճի, և ես այլևս չամաչեմ: Ձեռքերս խոնավ են: Մաշկս թույլ է:
Ափսոս, ես ճիվաղ եմ. ճիվաղ եմ ես: Ավաղ, ես երբեք չեմ դառնալու ռնգեղջյուր: Վայ նրան, ով կուզենա պահպանել իր ինքնատիպությունը: Էհ, հերն էլ անծած: Ես ինքս ինձ եմ պաշտպանելու ընդդեմ բոլորին: Հրացանս, հրացանս: Ես վերջին մարդն եմ: Ես մնալու եմ այդպիսին մինչև վերջ: Ես չեմ զիջելու իմ դիրքերը…

«Ռնգեղջյուրը»

ՍԻՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ

11 Հկտ

Մարդը անվերջանալիի և վերջանալիի, ժամանակավորի և հավերժի, ազատության ու անհրաժեշտության սինթեզն է: Ինչ անծայր թախիծ ես զգում, երբ տեսնում ես լույսի տակ միայնակ կանգնած մարդուն: Ինչ տարօրինակ են մարդիկ: Երբեք չօգտագործելով մի ոլորտում իրենց շնորհված ազատությունը, նրանք ինչ գնով էլ լինի պահանջում են դա մեկ այլ ոլորտում: Նրանց տրված է մտքի ազատությունը, բայց չէ՝ մատուցիր նրանք խոսքի ազատություն: Ազատությունը՝ դա հնարավորի և հարկավորի դիալեկտիկան է: Սակայն ոչ ոք ազատ չէ հուսահատությունից: Չկա այնպիսի մեկը, ում հոգու խորքում այցի եկած չլինի անհանգստությունը, տագնապը, աններդաշնակությունը, վախը անհայտության հանդեպ կամ այն բանի հանդեպ, ինչը նա նույնիսկ չի համարձակվում գիտենալ,- վախը ներքինի կամ ինքն իր հանդեպ:
Ո՞րն է կյանքի իմաստը: Մարդկանց, ըստ էության, կարելի է բաժանել երկու դասի. մեկը պիտի աշխատի, որպեսզի ապահովի կյանքը, մյուսը դրա կարիքը չունի: Սակայն չէ՞ որ առաջին դասի մարդկանց կյանքի իմաստը աշխատանքի մեջ չէ: Եթե ընդունենք դա, ապա ահռելի հակասություն առաջ կգա: Պայմանների մշտական ձեռքբերումը կդառնա այն բանի նշանակության մասին հարցի պատասխանը, ինչը դրանով է պայմանավորված: Մյուս դասի կյանքը նույնպես չունի մեկ այլ իմաստ, բացի պատրաստի պայմանների պահանջարկից: Եվ ասել, թե որն է կյանքի ու մահվան իմաստը՝ կարծես թե վերստին հակասական է… Երջանկության դռները, ցավոք, բացվում են ոչ դեպի ներս, այլապես այդ ժամանակ հնարավոր կլիներ դրանք բացել ուժգին ճնշումով, այլ դեպի դուրս, այդ իսկ պատճառով էլ ոչինչ անել հնարավոր չէ…seren-kjerkegor_520x320

%d bloggers like this: