Պահոց | 5:11 ա.

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՍԼՈՈՒ

10 Հկտ

Կյանքը մշտական ընտրության գործընթաց է: Յուրաքանչյուր պահի մարդը ընտրություն ունի. կամ նահանջ կամ առաջընթաց դեպի նպատակակետ: Կամ շարժում դեպի առավել մեծ երկյուղները, տագնապները, պաշտպանությունը, կամ նպատակի ընտրություն և հոգեկան ուժերի աճ: Տասը օրը մեկ վախի փոխարեն զարգացման ընտրությունը նշանակում է տասն անգամ առաջ ընթանալ դեպի ինքնաարդիականացում: Ինքնաարդիականացումը ոչ միայն մեր ճամփորդության վերջին կանգառն է, այլ նաև ճամփորդությունն ինքը և նրա շարժիչ ուժը: Դա մեր զգացածի յուրաքանչյուր րոպեի և նույնիսկ հնարավորությունների նախազգացման արդիականացումն է: Ինքնաարդիականացումը գործընթաց է, այն ենթադրում է, որ ցանկացած անգամ ընտրություն կատարելիս մենք ընտրում ենք, որ արժանապատիվ է մնալ ազնիվ, այլ ոչ թե կեղծել, որ չգողանալն ավելի լավ է, քան գողանալը կամ, ընդհանրացնելով, մեր առջև ծառացած յուրաքանչյուր ընտրություն մենք կատարում ենք ի շահ անձնական աճի: Հաճախ այս հասկացության գործածումն ինձ շատ բան է ասում այն մարդու մասին, ով օգտվում է դրանից, քան բուն իրողության մասին, որ կանգնած է դրա թիկունքում: Այս բացահայտումը նշանակում է, որ բազմաթիվ մարդկանց համար իմաստով լեցուն կյանքի միակ ձևակերպումը, որ նրանք կարող են պատկերացնել, հանդիսանում է հետևյալը. «Չունենալ որևէ կարևոր բան և ձգտել ձեռք բերելու այն»: Սակայն մենք գիտենք, որ ինքնաարդիականացող մարդիկ, եթե նույնիսկ բավարարված են նրանց բոլոր հիմնական պահանջները, կյանքը դիտում են էլ ավելի խորը իմաստով լեցուն, քանի որ նրանք կարող են ապրել, այսպես կոչված, Գոյության արքայությունում…

Աբիևի չհաջողված սուտը

10 Հկտ

Նախ պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Ադրբեջանի արտաքին քաղաքական կյանքում անհաջողությունները հաջոդու են մեկը մյուսին: Դա ակնհայտորեն ափերից հանում է նրանց, ինչն էլ իր հերթին մեծացնում է հերթական սխալը թույլ տալու հավանականությունը: Օրերս մի այդպիսի աններելի վրիպում էլ բաժին հասավ այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին: Դեպքը տեղի ունեցավ Բրյուսելում, որտեղ ընթանում էր Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստը: Բնական է, որ հավաքին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Եվ մինչ ներկաները կքննարկում էին Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունն ու իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր, ստացվեց այնպես, որ հակամարտող երկրների ուժային կառույցների ղեկավարները կարճատև հանդիպում ունեցան: Հազիվ թե հարկ կա կարծելու, թե նրանք փափագում էին այդպիսի հանդիպման մասին: Պարզապես երբեմն անհրաժեշտությունը պարտադրում է զոհաբերել անձնական զգացողությունները ավելի լուրջ խնդիրներին: Եվ Օհանյան- Աբիև շփումը կայացավ: Նույն օրը կատարվածի մասին հակիրճ հաղորդագրություններ տարածեցին ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա լրատվամիջոցները: Դրանցում մասնավորապես ասվում էր, թե երկու նախարարների զրույցի նյութը եղել էր հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակ:
Բայց այս հաղորդումից դեռ մեկ օր էլ չէր անցել, երբ հանկարծ ադրբեջանական 1news.az կայքէջը, հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Գուրբանովի խոսքերին, հայտնեց, թե իբր Սեյրան Օհանյանի ու Սաֆար Աբիևի հանդիպման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:
Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է քողարկել կամ նվազագույնը՝ խեղաթյուրել բացահայտ ճշմարտությունը: Եվ, այնուամենայնիվ, այս տեղեկատվությունը տարակուսանքի հետ մեկտեղ զարմանք հարուցեց: Բանն այն է, որ կարծես թե արտասովոր ոչինչ չէր կատարվել: Հայաստանի ու Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները հանդիպում են պարբերաբար, ամենատարբեր հանգամանքներում և առիթներով՝ նախագահներից, ԱԳ նախարարներից սկսած մինչև երկրորդ կարգի պաշտոնյանները, և այդ իրողությունը արդեն վաղուց որևէ մեկի համար սրբապղծություն, դավաճանություն կամ անկարելիություն չի ներկայացնում: Զարմացածների թվում էին նաև մեր պաշտպանության նախարարության չինովնիկները, որոնց ընդհանուր տրամադրության մասին լրատվամիջոցներին հաղորդեց ՊՆ մամլո քարտուղարը. «Զարմանալի է, թե ինչո՞ւ է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում ունեցած կարճատև առանձնազրույցի մասին: Հավանաբար, նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը»,- նշեց նա՝ հավելելով, թե «ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է»:
Այժմ՝ զրույցի բովանդակության մասին: Ինչպես արդեն նշեցինք, մեզ հայտնի է ընդամենը այնքան, որ Աբիևի հետ Օհանյանի հանդիպման ընթացքում հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել էր ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Իսկ այդ հարցին վերադառնալու առիթ, ցավոք, կար: Բանն այն է, որ Բրյուսել մեկնելու նախօրեին Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վերք, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987 թվականին ծնված Յուրի Սարգսյանը: Նույն օրը հրադադարի ռեժիմի խախտում էր արձանագրվել նաև Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում: Հակառակորդի դիպուկահար կրակից վիրավորվել էին ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը և Խաչատուր Սուքիասյանը: Այս ամենից հաշված ժամեր անց հայկական զորամիավորումները դիմել էին պատժիչ գործողությունների, որի արդյունքում սպանվեցին երկու ադրբեջանցի զինվորականներ:
Ի դեպ, ինչպես սահմանային դեպքերի վիճակագրությունն է վկայում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է օրական միջինը 50 անգամ, իսկ հայկական կողմին այլ բանմ չի մնում, քան անհրաժեշտությունից դրդված դիմել պատասխան քայլերի: Այսօր ոչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ոչ էլ ԼՂՀ ՊԲ-ն այլևս չեն ժխտում, որ պատժիչ գործողություններ են իրականացնում՝ դրանց ողջ պատասխանատվությունը թողնելով հակառակորդի վրա: Թշնամու դիպուկահարների գործողությունների ակտիվացումը կասեցնելու համար ներկա պահին չկա մեկ այլ արդյունավետ միջոց, քան դրանց արձագանքը համարժեք ձևով: Եվ ստացվում է այնպես, որ միայն այս տարվա 9 ամսվա կտրվածքով Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության ոլորտում գրանցվել է ավելի քան 75 զինծառայողի մահվան դեպք: Իսկ ընդհանրապես, ինչպես ապացուցված է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հաշվետվություններում, 2004 թվականից ի վեր ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ ցուցանիշը համարվում է ամենաբարձրը: Այժմ արդեն դժվար չէ հասկանալ, որ նման ծանր բեռ կրող նախարարի համար ցանկալի չէր լինի, որպեսզի իր երկրի հանրությունը տեղեկանար, թե ինչպես է հայ գործընկերը նրան մեկ անգամ ևս զգուշացրել սպասվելիք հետևանքների մասին:
Կա ևս մի հանգամանք, որն, անկասկած, լուրջ անհանգստություն է պատճառել Աբիևին: Բանն այն է, որ տարիներ շարունակ ադրբեջանցիները Սեյրան Օհանյանի անունը ներառել են այն սև ցուցակում, որտեղ ընդգրկված են «մարդկության և ադրբեջանական ժողովրդի դեմ մեծագույն հանցանքներ իրագործած» անձիք: Բաքուն նույնիսկ չի զլացել և ոչ միայն նրանց դեմ գործեր է հարուցել, այլև միջազգային հեռախուզում է հայտարարել: Ու այժմ կարելի է պատկերացնել, թե իր խաբված ժողովրդին ինչպես պիտի ներկայանար այն անվեհեր Սաֆար Աբիևը, ով նստել ու խաղաղ զրույց էր վարել «հանցագործի» հետ: Այդ ամոթալի բիծը քողարկելու ամենակարճ ճանապարհը տեղի ունեցած հանդիպման փաստը կտրականապես հերքելն էր, ինչն էլ արեցին Բաքվում: Բայց թե ինչպես պիտի քողարկեն օր-օրի ավելացող դիակները, սա արդեն բոլորովին այլ խնդիր է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: